«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դեմ է օրինագծի անվանափոխությանը
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի անվանափոխության վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից տեղեկացանք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի անվանումը փոխվել է։ Այժմ օրենքի նախագիծը հանդես է գալիս «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ։
Դեռևս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ։
Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական և մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ։
Այժմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, և շուտով մենք մանրամասն անդրադարձ և իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ։
Մինչ այդ, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, ՀՀ կառավարությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում ենք․
Ա․ Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից և համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձևակերպմանը։
Բ․ Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող, օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց»։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ընտանեկան բռնության մասին օրինագիծը
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դեմ է օրիննագծի անվանափոխությանը
Ընտանեկան բռնության մասին օրինագծի հետ կապված զավեշտների թոփ տասնյակը
Ընտանեկան բռնության օրենքը պառակտել է հանրապետականներին
Դիտումների քանակը` 3243