«Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018». քաջարելով աղջիկ նորարարներին դեպի նոր հաղթանակներ
Այս շաբաթ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) երևանյան գրասենյակում տրվեց «Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018» / Technovation challenge Armenia 2018 / միջոցառման նախամեկնարկը: Կազմակերպիչները լիահույս են, որ այս տարի Գլոբալ տեխնովացիոն մարտահրավեր 2017-ի ժամանակ Արագածոտնի մարզի Կարբի համայնքի աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմի հաղթանակը կքաջալերի Հայաստանի մյուս դպրոցների աշակերտուհիներին:
«Տեխնովացիոն մարտահրավերներ»-ը /Technovation challenge/ տեխնոլոգիական ձեռնարկատիրական ոլորտի ամենախոշոր մրցույթն է աշխարհում՝ 10-18 տարեկան աշակերտուհիների շրջանում: Ծրագրի առաքելությունը երիտասարդ կանանց ոգեշնչումն ու քաջալերումն է, որպեսզի նրանք դառնան առաջնորդներ և նորարարներ՝ տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության միջոցով լուծելով իրենց համայնքներում առկա խնդիրները: Այս տարի 103 երկրներից ավելի քան 11.000 աղջիկ և 3.000 թիմ է մասնակցել Technovation challenge միջազգային նախաձեռնությանը: Մասնակիցներից մեկը՝ Կարբի համայնքի աղջիկների «Մեկ քայլ առաջ» թիմը հաղթող ճանաչվելով Հայաստանում մեկնեց Սան Ֆրանցիսկո, որտեղ Global Technovation challenge մրցույթում արժանացավ ժողովրդի ընտրություն մրցանակին իրենց կողմից ստեղծված Armenian Sign Language («Հայերեն ժեստերի լեզու») բջջային հավելվածի համար:
Ինչպես Կարբի գյուղի աշակերտուհիները գրավեցին Սիլիկոնյան հովիտը
Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիները դեռ մի քանի ամիս առաջ երազել անգամ չէին կարող Սիլիկոնյան հովտում հայտնվելու և Google-ի գլխավոր տնօրենի ձեռքից մրցանակ ստանալու մասին, սակայն այն, ինչ անհավանական էր թվում, իրականություն դարձավ աղջիկների համար: Սիլիկոնյան հովտում հայկական փոքրիկ գյուղի աղջիկները հայտնվեցին՝ շնորհիվ իրենց բացառիկ գաղափարի՝ հայերեն ժեստերի լեզվի ինքնուսույց բջջային հավելվածի: «Այս գաղափարը ծնվեց շատ պատահաբար, երբ մեր դպրոց այցելեց մեր ընկերներից մեկի զարմուհին: Մենք, բնականաբար, տեսնելով նոր մարդու, փորձեցինք ծանոթանալ, զրուցել նրա հետ, սակայն պարզվեց, որ աղջիկը լսողական խնդիրներ ունի: Այդ ժամանակ ծագեց գաղափարը՝ ստեղծել մի հավելված, որը կօգնի մարդկանց սովորել ժեստերի լեզուն»,- պատմում են «Մեկ քայլ առաջ» խմբի աղջիկները:
Այս և ոչ պակաս հետաքրքիր ևս 43 ծրագրեր այս տարի ներկայացվեցին «Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2017» նախաձեռնության շրջանակներում, իսկ հաղթողը՝ «Մեկ քայլ առաջ» թիմը, մեկնեց Սան Ֆրանցիսկո՝ աշխարհի լավագույն գաղափարների շարքում Հայաստանը ներկայացնելու համար: Սիլիկոնյան հովտից աղջիկները վերադարձան «ժողովրդի ընտրություն» անվանակարգի հաղթողի տիտղոսով և 10,000 դոլար մարցանակով՝ հավելվածը կատարելագործելու համար:
«Համոզված եմ, որ այս հաղթանակը միակը չի լինելու, այլ առաջինը՝ շատ երկար շարքում»
Սա առաջին տարին էր, երբ մրցույթին մասնակցում էր նաև Հայաստանը: Նախաձեռնությունը «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ինն էր: Կազմակերպության ներկայացուցիչ Անի Մանուկյանը խոստովանում է՝ նախաձեռնությունն իրականացվել է բացառապես սիրո ու նվիրումի շնորհիվ, զրոյական բյուջեյով.
«Կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում շատ կարևոր է, ոչ միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակության կեսից ավելին կանայք են, այլև այն, որ կանայք և աղջիկները, իրոք, ունեն ահռելի ներուժ, որն այսօր, ցավոք, չի օգտագործվում,- ասում է Ա. Մանուկյանը և ավելացնում,- ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթություններից և մեր երկրի տնտեսության հենասյուներից մեկն է: Այս պարագայում մեր կանանց ու աղջիկների մտավոր այս փայլուն ռեսուրսը չօգտագործելը մեծագույն սխալ է: Ես համոզված եմ, որ այս հաղթանակը միակը չի լինելու, այլ առաջինը՝ շատ երկար շարքում»:
«Տեխնովացիոն մարտահրավերներ»-ը 12-շաբաթյա կրթական ծրագիր է, որը բաղկացած է 4 սեգմենտներից՝ կոդավորում, բիզնես, մարքեթինգ և վերջնական պրոդուկտի ներկայացում: Կրթական ծրագրին մասնակցելու համար յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել 3-5 հոգուց բաղկացած աղջիկների թիմ՝ մենթորի գլխավորությամբ: Թիմերը բաժանվում են երկու խմբի՝ կրտսեր և ավագ: Առցանց կրթական ծրագրի ավարտից հետո թիմերը պետք է կողմնորոշվեն, թե ինչ սոցիալական խնդիր են ուզում առաջ քաշել և ինչ նորարարական, տեխնոլոգիական լուծում կարելի է տալ դրան: Մրցույթը բաղկացած է երկու փուլերից՝ տարածաշրջանային՝ ազգային, և միջազգային: Հայաստանյան փուլին մասնակցելու համար գրանցվել է 44 դպրոցական թիմ, որոնցից 22-ը ստացել են վերջին փուլին մասնակցելու հնարավորություն:
«Հատկանշական է, որ և՛ կրտսեր, և՛ ավագ խմբերում Հայաստանյան մրցույթում հաղթող են ճանաչվել մարզային դպրոցների թիմեր: Բացի այդ, երբ ուսումնասիրում էինք մրցույթի պատմությունը, պարզեցինք, որ Հարավային Կովկասից միջազգային այս մրցույթին միայն մեկ անգամ են մասնակցել՝ Վրաստանից: Հայաստանն այս առումով բացառիկ է տարածաշրջանում»,- ասում է Անի Մանուկյանը:
«ՏՏ ոլորտում կանանց քաջալերումը մեծապես կնպաստի դրա զարգացմանը»
Հաջողության այս պատմությունն իրականություն է դարձել աջակիցների շնորհիվ: «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն գաղափարն առաջինը ներկայացրել է Կրթության ազգային ինստիտուտում և անմիջապես ստացել աջակցություն: Նախաձեռնությանն աջակցել են նաև ՀԸԲՄ Հայաստանը և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և մի շարք այլ կազմակերպություններ:
«Հաղթանակի մասին խոսելուց առավել հաճելի բան չկա, հատկապես, երբ գիտակցում ես, որ մասնակիցն ես եղել այդ հաղթանակի և հաջողության: Շատ ուրախ և հպարտ էինք ՝ աջակցել այս նախաձեռնությանը, որը երկու շատ կարևոր առանձնահատկություն ունի. Նախ այն նախատեսված է բացառապես աղջիկների համար, երկրորդ՝ նորարարություն է բերում ՏՏ ոլորտ: Սա հնարավորություն է տալիս քաջալերել կանանց և աղջիկների առաջխաղացումը ՏՏ ոլորտում առաջին իսկ քայլերից՝ դպրոցից սկսած»,- ասում է ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ և «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր ճարտարապետ դոկտոր Երվանդ Զորյանը, ով նաև Տեխնովացիոն նախաձեռնության առաջին Բարի կամքի դեսպան է ճանաչվել :
Դոկտոր Զորյանը վստահ է՝ նախաձեռնությունն ընդլայնելու կարիք կա, պետք է ներգրավվել ոչ թե 44 դպրոցական թիմերի, այլ՝ հարյուրավորների՝ Երևանից, մարզերից և նաև Արցախից: Ըստ նրա՝ աղջիկների հաղթանակը փաստում է այն մասին, որ ՏՏ ոլորտում կանանց քաջալերումը մեծապես կնպաստի դրա զարգացմանը:
Նշենք, որ արդեն իսկ մեկնարկած «Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018»- ի շրջանակներում դպրոցական թիմերը կկարողանան առցանց գրանցվել և 2018 թ.-ի հունվարի 10-ից մասնակցել 12-շաբաթյա դասընթացներին: Ակնկալվում է, որ այս տարի մասնակցության հայտ ներկայացնողների թիվը 10 անգամ կգերազանցի 2017 թ.- ցուցանիշները՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի դպրոցները: Այս տարի նորարարական գաղափարները կարող են ներկայացվել 6 թեմատիկ խմբերում՝ խաղաղություն, շրջակա միջավայր, աղքատություն, առողջություն, հավասարություն և կրթություն:
Սոնա Մարտիրոսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Մենք փորձեցինք քայլ առաջ անել». Կարբիի աղջիկների հաղթանակի գաղտնիքը
«Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018». քաջարելով աղջիկ նորարարներին դեպի նոր հաղթանակներ
Աղջիկները՝ հանուն մարդասիրական գաղափարների. Հայաստանում անցկացվեց բացառիկ հեքըթոն
Դիտումների քանակը` 5223