Խոշորացվող համայնքների ավագանիներում կանանց թվի զգալի նվազման միտումը պահպանվում է
WomenNet.am-ը ի փորձել է պարզել ինչպիսի ազդեցություն են ունեցել նոյեմբերի 5-ին կայացած խոշորացված համայնքներում ընտրությունները ավագանիներում կանանց ներկայացվածության վրա: Արդյունքում, կարող ենք փաստել, որ կանանց թիվը ընտրված ավագանիներում զգալի նվազել է՝ համեմատած մինչ խոշորացումը առկա տվյալների հետ:
Օրինակ, Ապարանում ավագանու անդամի համար առաջադրված էր 54 թեկնածու, նրանցից երկուսն էին կանայք: Խոշորացված Ապարանի կազմում 20 համայնք է ընգրկվել, համայնքներում ընդհանուր առմամբ ավագանու 117 անդամ է եղել, որից վեցը կանայք կամ 4.3 %-ը: Խոշորացումից հետո Ապարանի ավագանին կազմված է լինելու 15 անդամից: Ընտրության արդյունքում որևէ կին չի ընտրվել, այսինքն այստեղ կանանց ներկայացվածությունը նվազել է 4.3 %-ից 0-ի:
Արագածավանում, որը նույնպես խոշորացվել է, ավագանու անդամի 24 թեկնածու կար, նրանցից միայն մեկն էր կին: Ավագանին կազմված է լինելու 11 անդամից: Համայնքի կազմում ընդգրկվել է չորս գյուղ: Նրանցից որևէ մեկի ավագանու կազմում կին չի եղել: Այս դեպքում իրավիճակն անփոփոխ է մնացել:
Գեղամասարում, որը խոշորացվել է, ավագանու 28 թեկնածու էր առաջադրված, նրանցից երկուսը կանայք էին: Այստեղ ավագանին կազմված է լինելու 11 անդամից: Այս փնջի մեջ մտնող համայնքների ավագանու անդամների թիվն 88 էր, որից 19-ը կամ 21.5%-ը կանայք էին: Հիմա ավագանու 11 անդամից միայն մեկն է կին, ինչը կազմում է 9%:
Տաշիրում կին թեկնածուները երեքն էին՝ անհատ ձենարկատեր, ԲՀկ-ական Անուշ Դումիկյանը, անկուսակցական Հայկանուշ Ռևազյանը, ով Կաթնառատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է, անկուսակցական Սուսան Մարդոյանը, ով Տաշիրի ավագ դպրոցի տնօրենն է: Տաշիրում ավագանու 17 թեկնածու կար: Խոշորացված համայնքը կունենա ավագանու 15 անդամ: Մինչ խոշորացումը փնջի մեջ մտնող համայնքների ավագանիների անդամների թիվը եղել է 53, որից 19-ը կանայք են եղել՝ 35.8%: Հիմա 15 անդամից երկուսն են կանայք, որը կազմում է 13%:
Նշված չորս համայնքների օրինակով կարող ենք փաստել, որ, ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո կանանց թիվը նվազել է ավելի քան երեք անգամ: Սա նշանակում է , որ անցյալ տարի խոշորացման ընտրությունների ընթացքում արձանագրված կանանց թվի առնվազն 2-3 անգամ նվազման միտումը պահպանվում է: Նոյեմբերի 5-ի ընտրությունների ամբողջական պատկերը հաջորդիվ:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք խոշորացված համայնքների ընտրություններում/ տեսանյութ
«Խոշորացման գործընթացը բարդացրեց կանանց համար առանց այդ էլ դժվարին պայքարը»…
«Միայն խոշորացման գործընթացը չէ կանանց ներկայացվածության նվազեցման պատճառ հանդիսանում»…
Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա
Խոշորացված համայնքներում ընտրությունները տեղի կունենան աշնանը
Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ
Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է
Դիտումների քանակը` 3326