Սեքսիստական կերակրատեսակ ՝ վարդագույն խաշ կանանց համար
Մինչ հասարակական կազմակերպությունները պայքարում են Հայաստանում սեքսիստական կարծրատիպերի դեմ, իսկ պետությունը օրենսդրական մակարդակում ամրագրում կանանց և տղամարդկանց հավասարությունը եւ արգելում սեքսիզմը, որոշ գովազդատուներ նոր գաղափարներ են գեներացնում կարծրատիպերը խորացնելու ուղղությամբ: Խոսքը կանանց համար վարդագույն խաշ մատուցելու առաջարկի մասին է: Իհարկե, միշտ կարելի է արդարանալ, թե սա ուղղակի մարքեթինգային հնարք է, որի նպատակն է հաճախորդներին ավելի հետաքրքիր դարձնել մատուցվող ծառայությունները, բայց հաշվի առնելով այն արձագանքը, որ առաջարկն արժանացավ համացանցում՝ մարքեթինգային այս «նորարարությունը» խայտառակությամբ տապալվել է սեքսիստական լինելու պատճառով:
Օգտատերերից մեկը գրել է. «Դուք ձեռ ե՞ք առնում, առանձին խաշ կանանց համար, էն էլ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ, ավելի ստերեոտիպային հնարավոր չէր լինել»: Մյուսի գրառումը. «Ավելի կարծրատիպացված, տխմար ու հետամնաց գաղափար ուղղակի անհնար էր առաջարկել: Ինձ միայն մի բան է հետաքրքրում, սրա հեղինկանը կի՞ն է: Եթե այո, ուրմեն ինքը հոգեբանի կարիք ունի…»: Կամ՝ «Խաշը հո ներքնազգե՞ստ չի, որ պետք ա լինի կանանց ու տղամարդկանց համար տարբեր: Հոգով ստրուկ լինելը տարածված ա, բայց էսքա՞ն ստրուկ…»: Մնացած գրառումներն էլ նույն համատեքստում:
Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն ու հուսադրողն այն է, որ զայրացած մեկնաբանություններ գրառել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ՝ չընդունելով նման գաղափարի անգամ գոյությունը:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3943