Արփինե Հովհաննիսյան. «Ավանդականը դա սիրո, վստահության և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, որտեղ այս օրենքը երբևէ չի կիրառվի»…
Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի առաջնային նպատակը բռնության ենթարկվածներին պաշտպանելն է և հնարավորության դեպքում ընտանիքում համերաշխությունը վերականգնելն է: Այս մասին WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
-Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր դիրքորոշումը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
-Ես կարևորում եմ նախագծով առաջարկվող կարգավորումները, քանի որ դրանք առաջարկում են համակարգված լուծումներ ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության համար:
–Օրինագծի հանդեպ առկա է բավականին լուրջ դիմադրություն, այդ թվում նաև Հանրապետական կուսակցության ներսում: Ձեր կարծիքով, ի՞նչ է ընկած դրա հիմքում և արդյոք հնչեցվող մտահոգությունները կարո՞ղ են պատճառ հանդիսանալ օրենքը չընդունելու համար:
-Կարծում եմ, որ դիմադրության հիմնական պատճառը օրենքում որոշ հասկացությունների տարակարծիք մեկնաբանումն է ու տարընկալումը, որոնք էլ առաջացրել են մի շարք մտահոգություններ: Ես նույնպես ունեցել եմ մտահոգություններ և մի շարք առաջարկություններ եմ ներկայացրել: Ներկայումս նախագիծը լրամշակվում է, և լիահույս եմ, որ խորհրդարան կներկայացվի այնպիսի նախագիծ, որը կփարատի առկա մտահոգությունները:
-Ձեր գործընկերները նշում են, որ օրենքն ունի վիճահարույց դրույթներ, մասնավորապես, նշում են հոգեբանական և տնտեսական բռնությունը կամ երեխաներին ընտանիքից հեռացնելու վտանգը և այլն: Ձեր կարծիքով՝ նշված դրույթներն իսկապես խնդրահարո՞ւյց են:
-Իրավական տեսանկյունից, ինչպես արդեն նշեցի, տարընկալման տեղիք տվող դրույթները, հասկացությունները խմբագրվում են։ Ինչ վերաբերում է երեխաներին ընտանիքից հեռացնելու վտանգին, ապա այս օրենքը նման կարգավորում չի պարունակում։ Հակառակը՝ օրենքը, որպես սկզբունք, նախատեսում է երեխայի շահերի առաջնահերթությունը և որևիցե կերպ ուղղված չէ երեխաներին ընտանիքից հեռացնելուն: Ավելին. դեռևս 2004 թվականին ընդունված Ընտանեկան օրենսգրքով նախատեսվում են կարգավորումներ ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ, այսինքն՝ ձեր կողմից նշված հարցը կարգավորվում է 13 տարի առաջ ընդունված օրենքով:
-Հաճախ հնչեցվող մտահոգություններից մեկն էլ այն է, որ, իբր, այս օրենքով փորձ է արվում ներխուժել հայ ավանդական ընտանիք` քայքայելով այն: Մինչդեռ պարզ չէ, ի՞նչ ենք հասկանում հայկական ավանդական ընտանիք ասելով և արդյոք մեր հասարակության պատկերացումներում բռնությունն ավանդական արժեքների մաս է կազմու՞մ:
-Ես մեկ անգամ արդեն ասել եմ, նորից կասեմ, որ ինքս չեմ կարող տալ ավանդական հայկական ընտանիքի միասնական բանաձևում։ Յուրաքանչյուրն ինքն ունի ավանդական հայկական ընտանիք հասկացության բանաձևումը։ Իմ պատկերացմամբ, դա սիրո, վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, որտեղ այս օրենքը երբևէ չի կիրառվի։
-Ի՞նչ սպասելիքներ ունեք այս օրինագծի ընդունումից հետո: Ի՞նչ չափով օրենքը կկարողանա փոխել հասարակական կարծիքը, թե շարունակելու ենք արդարացնել բռնությունը ընտանիքում, իսկ տուժածները վախենալով կամ ամաչելով հասարակական կարծիքից, կշարունակեն խնդրի մասին չբարձրաձայնել:
-Չեմ կարծում, որ օրենքի առաջնային նպատակը հասարակական կարծիքը փոխելն է։ Այս օրենքի նպատակն է պաշտպանել բռնության ենթարկվածներին, հնարավորության առկայության դեպքում վերականագնել համերաշխությունը ընտանիքում և կանխարգելել հետագա բռնությունները։ Օրենքում առկա կարգավորումները գործուն մեխանիզմներ են, և բռնության ենթարկված անձինք կկարողանան առանց վախենալու ապավինել այդ պաշտպանական միջոցներին։
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3296