“Բազմազանության երթի” կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց սխալ են հասկացել
Այսօր ժամը 16:15-ին Կասկադի մոտից «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ «Մշակութային բազմազանություն» խորագրով երթ էր մեկնարկել դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ :
Նշենք, որ նախքան շքերթի մեկնարկը սոցիալական ցաներում լուրեր են շրջանառվել, որ Մշակութային բազմազանության» տակ իրականում «գեյ-շքերթ» է կայանալու, ինչը ազգային պահպանողական գաղափարներով գաղափակից մի խումբ երիտասարդների, հավանաբար, սրտով չէր և արդյունքում շքերթի մասնակիցներին՝ շուրջ 20 հոգու, նրանք «սվիններով» դիմավորեցին «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում: Մինչ այդ էլ նրանք ողջ երթի ընթացքում խոչընդոտում էին ակցիայի անցկացմանը` անվայելուչ արտահայտություններ, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղալով ակցիայի մասնակիցների հասցեին:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, եթե տեղում չլինեին ոստիկանները, ապա չէր բացառվում, որ բավականին լուրջ բախում տեղի ունենար այս երկու խումբ երիտասարդների միջև: Ոստիկանության միջամտության արդյունքում, կազմակերպիչները շքերթին մասնակից համախոհների հետ միասին անարգել մտան Նկարիչների միության շենք, որտեղ “Աննման” խորագրով ցուցահանդես էր ընթանում: Իսկ դրսում` միության դռան դիմաց, ազգային պահպանողական երիտասարդները շարունակում էին սպառնալիքներ վանկարկել: Նրանց ձեռքին էին «Սրանք գոլուբոյ են», «Հեռու պահեք երեխաներին», «Ոչ այլասերմանը» և նմանատիպ գրություններով պաստառներ: Այս ամենի մեջ հատկապես մտահոգիչ էր «Թքած ունենք սահամանադրության վրա» արտահայտությանը, որ հնչեցվում էր երթը խոչընդոտող որոշ անձանց կողմից : Ոստիկանները յուրատիպ չեզոք գոտի են կազմել և չեն թույլատրում, որպեսզի որևէ մեկը, բացի լրատվամիջոցներից, մոտենա Նկարիչների միության շենքին: Ի վերջո, Հ/կ-ների ներկայացուցիչները, խուսափելով լարվածությունից, ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկան շենքի հետնամուտքից եւ հեռացան ցուցահանդեսից:
Նշենք, որ «Բազմազանության երթի» անցկացումով մեկնարկում է «Բազմազանության շաբաթը», որի ժամանակ պլանավորված են բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց ակցիան եւ միջոցառումները մշակութային բնույթ են կրում եւ առնչություն չունեն նույնասեռականության հետ: Նրանք այսօր հայտարարություն են տարածել կատարվածի առնչությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները մայիսի 21-ին` ժամը 16:15, նախաձեռնել էին «Բազմազանության երթ», որն իրականացվում էր մշակութային բազմազանության համաշխարհային օրվա շրջանակներում` ցույց տալու և արժևորելու մշակութային, ազգային, մարդկային և բուսական բազմազանության առկայությունը մեր երկրում: Նրանք պատրաստել էին ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների, ռասայական, բուսական բազմազանության, բազմակարծության և բազմամշակութայնության մասին պաստառներ:
Երթի վերաբերյալ սոցիալական ցանցերով տարբեր անձանց կողմից տարածվել էր ապատեղեկատվություն, թե իբր միջոցառումն այլ ենթատեքստ ունի` «գեյ շքերթ» է: Այդ կապակցությամբ ծայրահեղական տրամադրված խմբերը, «հայրենասիրության» լույսի ներքո, կազմակերպված կերպով հավաքվել էին Մ. Սարյանի արձանի մոտ` երթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով: Խաղաղ երթին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ապրող փախստականներ, տարբեր սոցիալական խմբերի ներկայացնող մարդիկ, քաղաքացիական ակտիվիստներ: Ֆաշիստական լոզունգներ, մասնավորապես` «zieg heil» գոռալով, սպառնալիքներով, հայհոյելով, ֆիզիկական բռնության կոչերով ու գործողություններով` ծայրահեղականներն ամեն կերպ խոչընդոտեցին երթի ընթացքը` ահաբեկելով խաղաղ երթի մասնակիցներին: Անգամ ՀՀ ոստիկանության ներկայությունն արգելք չհանդիսացավ, որ ագրեսիվ տրամադրված, մոլեռանդ ամբոխը շարունակի իր գործողությունները և հարձակումները: Այս իրավիճակում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներին դժվարությամբ հաջողվեց ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը:
Մենք գտնում ենք, որ տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ արգելված խտրականության վրա հիմնված ատելության բացահայտ քարոզչություն, բռնության կոչեր, սպառնալիքներ: ԶԼՄ-ներում և երթի մասնակիցների մոտ առկա են բազմաթիվ վիդեոձայնագրություններ և այլ ապացույցներ: Իրավապահ մարմիններից պահանջում ենք գտնել հարձակման կազմակերպիչներին և մասնակիցներին և նրանց պատասխանատվության ենթարկել»:
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք
Կանանց ռեսուրսային կենտրոն
Լուսանկարները ` News.am եւ Panorama.am
Դիտումների քանակը` 4114