Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի  50 տոկոսը

 

Այսօր Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկեց մինչև երեխայի 3 տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերին աշխատանքի վերադառնալու և դայակ վարձելու համար պետության կողմից փոխհատուցում ստանալու  մասին  օրենսդրական նախաձեռնությունը:

 

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում  համապատասխան փոփոխությունների մասին   օրինագիծը ԱԺ հանձնաժողովի  նիստում  ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Նա նշեց, որ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:

 

«Նախագծով առաջարկվում է , որ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով», – ասաց նախարարը, պարզաբանելով, որ, ըստ այդ կարգի,    մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալ ցանկացող մայրերին հատկացվելու է  փոխհատուցում` երեխայի խնամքը կազմակերպելու համար:

 

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` որքա՞ն գումար է պետությունը նախատեսում հատկացնել այն մայրերին, ովքեր կորոշեն մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալ, իսկ երեխային խնամելու համար դայակ վարձել:

 

«Բնական է, եթե մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու որոշում է կայացնում, առաջանում է երեխայի խնամքի խնդիր: Այդ պարագայում նա կարող է որպես գործատու երեխայի համար դայակ վարձել: Մենք ասում ենք, որ պետությունը կփոխհատուցի այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է` 55 հազար դրամ, ավել փոխհատուցումը չի լինի»,- պարզաբանեց նախարարը:

 

Նրա խոսքով,  եթե ծնողները  110 հազար դրամից ավելի գումար են  որոշել վճարել  դայակին,  ապա կարող են ակնկալել, որ  կփոխհատուցվի միայն նվազագույն աշխատավարձի չափով  55 հազարը, մնացածն իրենց  խնդիրն է: «Այս դեպքում, բնականաբար, 18 հազար դրամն էլ չի վճարվում, ստացվում է, որ պետությունը 37 հազար դրամ է բյուջեից հանում՝ փոխարենն ակնկալելով ժողովրդագրական աճ, աշխատաշուկայում զբաղվածություն»,- նշեց նախարարը:

 

ի դեպ,  պետությունը միայն այն դեպքում կվճարի  իր 50 տոկոսը, եթե դայակի հետ պայմանագիր կնքվի: Պատգամավորները ակնարկեցին, որ այդ դեպքում գուցե ոչ բոլոր դայակները ցանկանան մտնել հարկային դաշտ: Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում կընդգրկվի:

 

Հ.Գ. Նշենք, որ  քննարկման ժամանակ  չի շոշափվել  մանկապարտեզների և մսուրների ցանցի ընդլայնման հարցը, և շեշտը դրվել է հիմնականում դայակների վրա: Նաև լրագրողների հարցին`  փոխհատուցելու է  արդյոք պետությունը  դայակի գումարը այն դեպքերում, երբ խնամող են հանդիսանում  երեխայի տատիկը կամ այլ հարազատները, ովքեր չեն աշխատում, կորցրել են աշխատանքը  կամ  այդ պատճառով  դուրս են եկել գործից, նախարարը պատասխանել է . «Եթե վար­ձու աշխատանք ձեւակերպվի, որեւէ սահմանափակում չի լինի»:  Այս ճանապարհով  պետությունը, կարծես թե, ուզում է  միաժամանակ  լուծել տարեցների զբաղվածության հարցը:

 

 

  

Դիտումների քանակը` 4415

Գլխավոր էջ