Պետությունն աշխատելու և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ
Ինչպես բարելավել ժողովրդագրական իրավիճակը, բարձրացնել ծնելիության ցուցանիշները և միաժամանակ ապահովել երիտասարդ մայրերի մուտքը աշխատաշուկա, քանի որ կանանց ներուժը չօգտագործելու պատճառով երկրի տնտեսությունը մեծ կորուստներ է կրում: Այս խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակվել է զբաղվածության երեք նոր ծրագիր, որոնցից մեկն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից :
Խոսքը աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին աջակցություն ցուցաբերելու մասին է, որի շրջանակում նրանց հնարավորություն է ընձեռնվելու աշխատանքային ունակությունների ու կարողությունների ձեռքբերման նպատակով անցնել գործատուի մոտ մինչև վեց ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում և այդ ընթացքում կրթաթոշակ ստանալ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին փուլում այդ ծրագրում կընդգրկվի 50 կին, իսկ հետագայում՝ ծրագրի գնահատման արդյունքում, շահառուների թիվը կավելանա:
Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է մասնագիտություն չունեցող կանանց համար կազմակերպել մասնագիտական ուսուցում տարբեր ընկերություններում: Երիտասարդ մայրերին, ըստ Ռուզաննա Պեպանյանի, ուսուցման ընթացքում կտրվի նաև 6-ամսյա կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 55 հազար դրամի չափով:
Նախարարության ներկայացուցիչը կարծում է, որ այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ կանայք, ովքեր անմրցունակ են աշխատաշուկայում, մասնագիտություն ձեռք կբերեն և աշխատաշուկա մուտք գործելու մեծ հնարավորություն կունենան:
Նշենք, որ ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անմրցունակ անձին, ով ունի երեք և ավելի երեխա, համարվում է միայնակ մայր, ինչպես նաև նրա ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:
Հիշեցնենք, որ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանն ու երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված զբաղվածության նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով ՀՀ կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում հավանության է արժանացել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է մինչև 24 տարեկան երիտասարդ մայրերի համար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունքը, ինչպես նաև երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է այդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով:
«Այս երկու ծրագրերը դեռևս նախագծային փուլում են, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը Ազգային ժողովում է, որի ընդունումից հետո կորոշվի, թե ինչ չափով և ինչ աջակցություն պետք է տրամադրել այդ կանանց»,- ասաց Ռուզաննա Պեպանյանը:
Մանրամասնելով, թե նախագծով ինչ է նախատեսվում, բաժնի պետը նշեց, որ նախագծով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցություն տրամադրել՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: Ըստ Ռուզաննա Պեպանյանի, պետությունը որոշակի գումար կհատկացնի այդ կանանց, որպեսզի նրանք հնարավորություն ունենան դայակ պահել կամ երեխայի խնամքը կազմակերպել վճարովի կազմակերպություններում:
Բացի այդ, երիտասարդ մայրերը հնարավորություն կունենան բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստվել: «Կոնկրետ առարկաների պարապելու համար կտրվի աջակցություն, որի չափը դեռ քննարկվում է: Հիմա դեռևս սահմանվել է, որ այդ կանայք իրավունք ունեն նման աջակցություն ստանալ: Այս ծրագրերի ներդրումով հնարավոր կլինի բարձրացնել կանանց մրցունակությունը աշխատաշուկայում: Նաև ժողովրդագրական ցուցանիշների բարելավման խնդիր է դրված: Կարծում ենք, որ այս ծրագրերի ներդրումով դրական արդյունքներ կունենանք»,- ընդգծեց Ռուզաննա Պեպանյանը:
Մերի Մարգարյան
Դիտումների քանակը` 4522