Պատգամավորն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել կանանց խորհուրդ
Խոշորացման գործընթացը հարվածում է կանանց ներգրավվածությանը ՏԻՄ-երում.
Համայնքների խոշորացման գործընթացի մի փուլն անցել ենք և առկա վիճակագրությունը արդեն իսկ թույլ է տալիս արձանագրել, որ կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում ակնհայտորեն նվազել է 2-ից 3 անգամ: Այս խնդիրը Ազգային Ժողովի ամբիոնից բարձրացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը.
«Եթե մինչ այս հանրապետությունում որևէ մարզ և քաղաք կին չէր ղեկավարում և կանայք ներկայացված էին միայն գյուղական համայնքների ղեկավարների պաշտոններում, ապա փաստացի սկսված բարեփոխումների հետևանքով այստեղ ևս ունենում ենք ահռելի բաց կանանց ներկայացվածության առումով»,- նշեց նա:
Իսայանի խոսքով, իր մտահոգությունն էլ ավելի առարկայական դարձավ վերջերս Վրաստանում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ընթացքում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաև տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածության հարցը: Հարավային Կովկասի մասնակից երկրները` Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ներկայացրել են իրենց մոտ գործող մոդելները, այդ թվում նաև խոսվեց գերմանական մոդելի մասին:
«Փաստերը համադրելով պարզ է դառնում, որ խոշորացման գործընթացի երեք փուլի ավարտից հետո, ներկա պահին, Հայաստանի տաս մարզերից երեքում ` Արագածոտն, Վայոց ձոր, Տավուշ առհասարակ կանայք դուրս են մնացել ընտրական գործընթացներից: Մարզերից մի մասում էլ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո, լավագույն դեպքում, ընդամենը կունենանք 1 կին համայնքի ղեկավար»,- հայտարարեց պատգամավորը:
Հնչեցվեց նաև առկա վիճակագրությունը. 10 մարզերի 792 համայնքներից ընդամենը 16 համայնքոմ է, որ կանայք են ղեկավարում: Ըստ Շաքե Իսայանի` բազմաթիվ համայնքներում, խոշորացման հետևանքով, կանայք չեն առաջադրվում.
«Հարկ եմ համարում այս քաղաքական ամբիոնից բարձրացնել տվյալ խնդրի մասին, քանի դեռ խոշորացումն ընթացքի մեջ է: Հուսով եմ, որ առաջիկայում կմշակվեն համապատասխան մեխանիզմներ ընտրական գործընթացներում կանանց ներգրավվածությունը բարձացնելու համար: Ազգային Ժողովը չպետք է անմասն մնա տվյալ կարգավորումներից»,-նշեց նա :
Պատգամավորը նաև առաջարկեց ստեղծել ԱԺ-ում կանանց խորհուրդ, որը կապի մեջ կլինի կառավարության համապատասխան մարմինների հետ և որի շնորհիվ կանանց ներգրավվածությունը որոշակի գործընթացներում կբարձրանա: Պատգամավորը հղում արեց նաև միջազգային պրակտիկային, որը ցույց է տալիս, որ շատ խորհրդարաններում գործում են կանանց իրավունքների պաշտպանության հանձնաժողովներ և խորհուրդներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր WomenNet.am-ը, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են: Իսկ ավագանու անդամի թեկնածու գրանցված 983 թեկնածուից միայն 50-ը կամ 5% են կանայք:
Լիա Խոջոյան
Հ.Գ. Նյութը տպագրվելու պահին որև է ընթացք պատգամավորի առաջարկին խորհրդարանում կանանց խորհուրդ ստեղծելու մասին ընթացք չէր տրվել:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՏԻՄ ընտրություններ. համայնքապետի պաշտոնին ընդամենը երեք կին է հավակնում
Ավագանու անդամ առաջադրված թեկնածուներից միայն 5%-ն են կանայք
Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա
Կանայք խոշորացված համայնքների ընտրություններում/ տեսանյութ
Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ
Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է
«Միայն խոշորացման գործընթացը չէ կանանց ներկայացվածության նվազեցման պատճառ հանդիսանում»…
ՏԻՄ ընտրություններ. համայնքապետի պաշտոնին ընդամենը երեք կին է հավակնում
ՏԻՄ ընտրություններ 2017. առաջադրումները մեկնարկել են
«Խոշորացման գործընթացը բարդացրեց կանանց համար առանց այդ էլ դժվարին պայքարը»…
Դիտումների քանակը` 2872