Ծավում հացի արտադրությունը վստահված է բացառապես կանանց
Սյունիքի մարզկենտրոն Կապանից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող Ծավ գյուղում անցած տարի ստեղծվել է հացի արտադրամաս, որն աշխատանքով է ապահովել գյուղացիներից մի քանիսին: Ծավում հացի արտադրությունը վստահված է բացառապես կանանց:
60-ամյա Ռոզա Ավագյանն արտադրամասի ամենատարեց աշխատողն է: Հենց նա է առաջինը գալիս աշխատանքի՝ գիշերը 2:30: «Գալիս եմ, թոնիրը վառում եմ ու սկսում եմ խմորը հունցել, հետո մյուսներն են գալիս»,- ասում է Ռոզան: Նա ուրախ է, որ իր և մյուս կանանց համար աշխատանքի հնարավորություն է ստեղծվել, սակայն տխրությամբ է նշում, որ ընդհանուր առմամբ գյուղում աշխատատեղերի պակաս կա: «Գյուղում էնքան մարդ կա, որ կուզի աշխատի, բայց գործ չկա, Սովետի ժամանակ աշխատանքը լիքն էր»:
Ռոզան նախկինում աշխատել է «Էլեկտրոն» գործարանի Ծավի մասնաճյուղում որպես փաթեթավորող, նաև գյուղի Սովխոզում զանազան գործեր է արել: «Առաջ մենք օրական 60-80 կիլոգրամ մոշ էինք հավաքում, մեքենան ամեն օր գալիս, գյուղից տանում էր: Հիմա համ մոշն ա պակասել, համ տանող չկա: Հիմա վերավաճառողն ավելի շատ ա շահում, քան ստեղծողը, գյուղացու աշխատանքը գնահատված չի»,- նշում է հացթուխը: Ռոզայի հետ ապրող տղան ու հարսը չեն աշխատում, իսկ ամուսինը կարողացել է աշխատանք գտնել Կապանում: Ծավում ապրող տղամարդկանցից շատերն են մարզկենտրոնում աշխատանքի տեղավորվում: Ոմանք ամբողջ ընտանիքն են տանում իրենց հետ, մյուսներն էլ ընտանիքից հեռու են ապրում աշխատանքային օրերին:
57-ամյա Վարդանուշ Ասատրյանի ոչ միայն ամուսինը, այլև ավագ որդիներն են հեռացել գյուղից: Այս անգամ ավելի հեռու՝ Ռուսաստան են մեկնել: Միայն կրտսեր որդին է մոր հետ ապրում ներկայումս, աղջիկն ամուսնացել ու հեռացել է գյուղից: «Եթե գյուղում աշխատանք լինի, երեխաներս կմնային գյուղում: Երիտասարդները չեն մնում, տարեցտարի հեռանում են, գյուղում մնում են տարեցները»:
Վարդանուշը ծնվել է Երևանում, մասնագիտությամբ բուժակ-լաբարանտ է: Մասնագիտությունն ընտրել է վաղ մանկության տարիներին, երբ ականատես է եղել հորեղբոր մանկահասակ երեխայի մահվանը: «Ես չորրորդ դասարան էի, որ էդ քառասունքի մեջ գտնվող երեխան մահացավ: Ես շատ էի տխրել ու որոշեցի, որ բժիշկ եմ դառնալու, որպեսզի բացահայտեմ, թե մարդիկ ինչի են մահանում ու օգնեմ իրենց: Մեծ երազանքներ ունեի, ուզում էի իմ անունով հիվանդանոց բացել, մարդկանց անվճար բուժել, բայց չստացվեց»,- տխրությամբ հիշում է չորս երեխաների մայրը:
Ամուսնությունից հետո Վարդանուշը տեղափոխվել է Ծավ գյուղ: Ջանասեր կինը երբեք ձեռքից բաց չի թողել աշխատելու հնարավորությունը: «Ես ամուսնանալուց հետո էլ կարուձևի վարժարանում եմ սովորել ու միշտ աշխատել եմ, 15 տարի դպրոցում կենսաբանության ուսուցիչ եմ եղել, հետո Կենտրոնական բանկի գյուղի մասնաճյուղում եմ աշխատել, երբ դա փակվեց, գյուղի խանութում վաճառող էի, հիմա էլ փռում եմ աշխատում»: Հաց թխող մեքենայի տեխնիկան շատ արագ՝ մեկ-երկու օրում սովորել է: Հիմա արհեստավարժորեն է անում իր գործը, զրույցի ընթացքում էլ բացատրում է որոշ նրբություններ: «Գիտե՞ք ինչի է այս հացը կոչվում մատնաքաշ: Մատնաքաշ, այսինքն՝ մատով քաշած, որովհետև գունդը մատներով ենք քաշում-բացում»:
Վարդանուշի խոսքով՝ ոչ մի աշխատանք էլ ամոթ չէ, այլ ամոթ է չաշխատելը: «Ես չեմ պատկերացնում կյանքն առանց աշխատանքի: Էդպիսի գործ չկա, որ ես ասեմ՝ դա իմ համար չէ: Ընտանիքիդ օգնելու համար ամեն ինչ էլ պիտի անես»:
58-ամյա Նունե Հարությունյանը հացի արտադրամասի լավաշի բաժնում է աշխատում: Զրույցի ընթացքում նա մետաղական ձողով թոնրից դուրս է բերում լավաշները, տեղավորում իրար վրա: «Լավաշ թխել ես փռում եմ սովորել, դժվար չէ, բայց կրակի մոտ հերթափոխով ենք կանգնում, որովհետև դժվար է երկար կանգնելը»,- ասում է Նունեն: Նախքան թոնրատանը աշխատանքի անցնելը նա գյուղի դպրոցում հանդերձապահ է աշխատել: Նունեն ծնվել է Երևանում, ծնողները Ծավից են, որոշ ժամանակ անց նա ևս տեղափոխվել է գյուղ: «Երևանը կարոտել եմ, քանի տարի է՝ չեմ գնացել»:
Նունեի ամուսինը վատառողջ է, չի կարող աշխատել: Ամուսիններն իրար մեջ աշխատանքի բաժանում են արել. Նունեն աշխատում է փռում, գումար է վաստակում, իսկ ամուսինը տան այգին է մշակում, կենդանիներին է պահում: «Մի կով ունենք, երկու այծ: Առաջ ավելի շատ էին, բայց մեր արոտավայրերը շատ հեռու են, անհարմար է գնալ-խոտ բերելը: Իսկ անասուններին էստեղ չես կարող պահել, պիտի բարձրացնես սարը»,- բացատրում է Նունեն:
Թոնրի կողքին Նունեին հերթափոխում է 58-ամյա Մելանյա Ավետիսյանը: Մելանյան ասում է, որ իր ողջ գիտակցական կյանքում աշխատել է՝ «Էլեկտրոն» գործարանում, գյուղի Սովխոզում, դպրոցում: «Ես միշտ էլ աշխատել եմ, հիմա էլ աշխատում եմ, տունն եմ պահում: Ամուսինս ուռուցք ունի, չի աշխատում»: Մելանյան նշում է, որ իր տարիքի կանանց համար դժվար է աշխատանք գտնելը նույնիսկ Կապանում, իսկ գյուղում ինքն իրեն առավել ապահով է զգում, քանի որ ունի աշխատանք, բացի այդ հող մշակելու հնարավորություն կա:
«Հացի արտադրամաս հիմնելու միակ նպատակը եղել է մեր համագյուղացիներին աշխատանքով ապահովելը»,- ասում է արտադրամասի հիմնադիր Արսեն Աղաջանյանը: Նա մասնագիտությամբ մանկավարժ է, եղել է Ծավի միջնակարգ դպրոցի տնօրենը: Ռուսաստանի Դաշնությունում բիզնեսով զբաղվելուն զուգահեռ մշտապես օգնել է համագյուղացիներին, սակայն վերջերս հասկացել է, որ առավել կարևոր է գյուղացու համար աշխատեղ ստեղծելը, որպեսզի գյուղը չդատարկվի:
Ներկայումս Ծավի հացի արտադրամասը հաց ու լավաշ է մատակարարում ոչ միայն Ծավի, այլև հարակից գյուղերի և նույնիսկ Կապանի բնակիչներին: «Մենք խանութներին չենք տալիս մեր հացը, որպեսզի իրենք գին չավելացնեն: Մենք գիտենք, թե ովքեր են մեր գնորդները, մեքենայով հացը հասցնում ենք իրենց տուն»,- ասում է Արսեն Աղաջանյանը:
Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախքան հացի արտադրամասի աշխատելը գյուղի հացը բերում էին Կապանից, իսկ այսօր գյուղացին հենց իր կողքին թխված հաց ու լավաշ գնելու հնարավորություն ունի: «Որքան շատ լինեն աշխատատեղերը, այնքան գյուղը կծաղկի: Գյուղացիների հեռանալու հիմնական պատճառը աշխատանք չունենալն է»,- ասում է գյուղապետը:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 3054