Խորհրդարանական լսումներ. «Ի՞նչ պիտի անես, հել գնա հետը ապրի, ոչինչ, ամուսինդ է»

 ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցած խորհրդարանական լսումների որոշ մասնակիցների ելույթներից տապավորություն ստեղծվեց, որ կանայք  ընտանիքում ծեծի ու նվաստացման հետ պետք է համակերպվեն , քանզի առաջնայինը  ընտանիքը պահելն է:  Այս թեզն առաջ տանելու գործում նրանք ջանք ու երանդ չեն խնայում, մնում է միայն հայտարարեն, որ   բռնությունը  հայ ընտանեկան արժեքների անբաժանելի մասն է: Նշենք, որ    խորհրդարանական լսումները կազմակերպվել էին  «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի շուրջ: 

 

«Դավադրություններ մի փնտրեք այս օրինագծում»…

 

Օրենքի ընդդիմախոսները իրենց հարցադրումներում և ելույթներում հիմնականում մեկ ընդհանուր մեղադրանք էին հնչեցնում՝ իբր այս օրենքը միտված է քայքայելու հայ ընտանիքը  և ինչ-որ մութ ուժերի դավադրության արդյունք է: ՀՀ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, որ հիմնական զեկուցողն էր ու պարզաբանումներ ներկայացրեց  օրենքի մասով, նմանատիպ  մեղադրանքներին արձագանքեց կարճ, բայց հստակ՝ հավաստիացնելով, որ այս օրինագիծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը: «Նախագծի նպատակն է պաշտպանել հայկական ընտանիքը «բռնություն չարիքից», -ասաց նա :  

Ինչ վերաբերում է դավադրության մեջ մեղադրանքներից, ապա դրանք, նրա խոսքով,  անհիմն են:  «Ինչ-որ դավադրություններ են փնտրում այս օրենքում, բայց դավադրություններ լինում են մութ անկյուններում, ոչ թե հանրային քննարկումների շրջանակում ու հատկապես  այն դեպքում, երբ օրենքը տևական ժամանակ է հրապարակված է, հազարավոր մարդիկ դրան ծանոթացել են ու հանդես եկել  հարցադրումներ-աջարակներով», – ասաց նա, նշելով, որ 100-ից ավելի առաջարկություններ են ստացել, որոնց մեծամասնությունը խոսում է այս օրենքի հանրային պահանջի մասին:

 

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հորդորեց մասնակիցներին նախորդ հանրային քննարկման պես այս լսումները բախումների չվերածել, քանզի յուրաքանչյուրը կարծիք արտահայտելու իրավունք ունի:
 

 

«Օրական առնվազն  երկու   դիմում է ներկայացվում  ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնության հետ»

 

Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով   իր ելույթում ընդդիմախոսների այն փաստարկին, որ առանձին օրենքի կարիք չկա եւ  ՀՀ օրենսդրությունը արդեն նախատեսել է համապատասխան կարգավորումներ  ի դեմս Ընտանեկան  կամ Քրեական օրենսդրության,  նշեց, որ օրինագիծը  պարունակում է կարգավորումներ, որոնք առկա չեն Քրեական կամ Ընտանեկան օրենսգրքերում: Այդ կարգավորումները հստակ են՝ ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության համար. խոսքը գնում է ապաստարանների մասին: 

 

«Ընդհանուր սպանությունների 17 տոկոսը կապված է ընտանեկան բռնության հետ, անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների 47 տոկոսը տեղի է ունենում ընտանեկան բռնության միջավայրում: Որոշ մարդկանց համար գուցե սա մտահոգիչ չէ, բայց մեզ համար մտահոգիչ է: Ի վերջո,  հաշվարկները ցույց են տալիս, որ մեր երկրում օրական առնվազն  երկու   դիմում է ներկայացվում  ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնության հետ»,- ընդգծեց նա:

 

Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյանն իր խոսքում ասաց.  «Օրենք ունենալը ոչ թե պետք է խանգարի, այլ՝ օգնի, այլապես՝ խարխափելու ենք անորոշության մեջ՝ չհասկանալով ում դիմել: Համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Ընտանիքում թաքնված սադիզմը պետք է կանխարգելել: Այս օրենքը, ընդհանրապես, ընտանիքում հաշտության, համերաշխության համար է: Ընդհանրապես, ոչ մի իրավական միջամտություն չի կարող որեւէ հարց լուծել, եթե ընտանիքում չկա սեր: Ընտանիքը իրավական հարթության վրա հիմնվող կառույց չպետք է լինի: Այն սիրով շաղախված, սիրով կազմված կառույց է, իրավական հարաբերությունների լեզվական թատերաբեմ չէ»:

 

 

«Որքանով է  բռնարարը պաշտպանված  սադրանքից, սխալ կարծիքից»…

 

«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի կարծիքով օրենքն անհրաժեշտություն է, բայց բազմաթիվ դրույթների մասով կան մտահոգություններ: Ըստ նրա, ամենամեծ մտահոգությունը անմեղության կանխավարկածի նկատմամբ որոշակի ոտնձգության դրսևորումն է:

 

«Ենթադրաբար բռնություն գործադրած անձի սահմանմանն է վերաբերում: Որքանո՞վ է այդ անձը պաշտպանված այս օրենքի շրջանակներում՝ սադրանքից, սխալ կարծիքից»,- հետաքրքրվեց նա: Արդարադատության փոխնախարարի խոսքով,  ենթադրաբար բռնություն գործադրած անձը ունի բոլոր հնարավորությունները բողոքարկել որոշումը այն բոլոր միջոցներով, որոնք ունենք իրավական համակարգում՝ ե՛ւ դատական կարգով, ե՛ւ վերադասության կարգով, այնպես որ մտահոգիչ խնդիր գոյություն չունի: 

 

Մանե Թանդիլյանը նաև հնչեցրեց այն մտահոգությունը, թե ինչու է ընտանեկան բռնության հարցերով   Խորհուրդը ստեղծվելու վարչապետին կից, այլ ոչ թե խորհրդարանի, ինչը դրան ավելի լայն վերահկսողական մեխանիզմներ կտար, մինչդեռ այս տեսքով այստեղ շահերի բախում է տեսնում: Վիգեն Քոչարյանի խոսքով՝ խորհրդարանի գործառույթները սահմանում է Սահմանադրությունը: Բայց, հավաստիացրեց փոխնախարարը, խորհուրդի գործունեությունը դրանից չի տուժելու և ծառայելու է իր նպատակին:

 

 

«Մենք դեմ են,  որ պետությունը, անհարկի միջամտություն ունենա ընտանիքի գործերին»…

 

«Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ օրենքի նախագծից անձամբ ինքը մտավախություն ունի, որ այդ արատավոր երևույթի դեմ պայքարի ցանկությունը կարող է չպսակվել հաջողությամբ, քանի որ որոշ դրույթներ կան, որ չեն համապատասխանում մեր ազգային հոգեկերտվածքին և իրենք դեմ են,  որ պետությունը, անհարկի միջամտություն ունենա ընտանիքի գործերին:

 

 

«Ես չեմ գտնում, որ սա կնպաստի որևէ ընտանիքի ներընտանեկան հաշտության ամրապնդմանը, եթե դաստիարակչական մեթոդներով պայմանավորված երեխայի հետ մի քիչ կոպիտ խոսի ու աշխատանքից վերադառնալուց տեսնի, որ ոստիկաններ են կանգնած և չեն թողնում, որ նա 100 մետրից մոտենա իր տանը: Դա մեր երկրի համար օրինաչափ չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ օրենքի նախագիծը նաև հակասության մեջ է մտնում Սահմանադրության 37 հոդվածի հետ, որն ամրագրույմ է, որ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարող են սահմանափակվել ծնողների ու զավակների տեսակցությունները: Գևորգ Պետրոսյանը նաև դեմ էր տնտեսական բռնություն եզրույթին՝ նշելով, որ դա անհասկանալի և անորոշ որակում է:

 

 

Փոխնախարարը, նախ, նշեց, որ նախագծում համապատասխան ձևակերպումները փորձել են շարադրել՝ նպատակ ունենալով հասնել մաքսիմալ որոշակիության: Եզրույթների սահմանումներում օգտվել են այլ պետությունների օրենսդրությունից՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի օրենքներից, որոնք խոսում են համանման բռնությունների մասին: Վիգեն Քոչարյանի խոսքով, օրենքի նախագծում հստակ ամրագրված է, որ տնտեսական բռնությունը ոչ թե երեխային գրպանի փողից զրկելն է կամ պաղպաղակի գումար չտալը, այլ մարդուն բնակարանային, սնունդի կամ կյանքի համար անհրաժեշտ այլ պարագաներից զրկելը:

 

 

Նշենք, որ օրենքով տված ձևակերպմամբ ,  տնտեսական բռնություն է համարվում  «դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաև անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը»: 

 

Ինչ վերաբերում է Սահմանադրության հետ թվացյալ հակասությանը, ապա փոխնախարարն  ասաց, որ որևէ հակասություն չկա, որովհետև ծնողական իրավունքներից  զրկելու կամ տեսակցությունների վերաբերյալ որոշումները ընդունում է միայն դատարանը, այնպես որ նախագծում առկա սահմանափակումները նախատեսված են պաշտպանական որոշման դեպքում, որն ընդունում է դատարանը: Իսկ ահա անհետաձգելի միջամտությունների դեպքում  ոստիկանությունն է սահմանում երեխաների հետ տեսակցության ժամանակացույցը՝ ինչպես, ինչ կարգով տվյալ անձը կարող է տեսակցել երեխաներին:

 

 

Նաիրա Զոհրաբյանը որպես նախագահող ճշտող  հարց հնչեցրեց տնտեսական բռնության մասով.  «Երկրի բնակչության մեկ միլիոնից ավելին աղքատ ընտանիքներ են: Եթե այդ ընտանիքը չի կարողանում իր երեխաների համար ապահովել անհրաժեշտ պայմանները, ապահովել անհրաժեշտ սնունդ, և այստեղ մեղավորը ոչ թե տվյալ ընտանիքն է, այլ իշխանությունը, կառավարությունն ու ապաշնորհ ղեկավարումը: Հիմա այդ ընտանիքին պիտի մեղադրա՞նք ներկայացվի, որ տնտեսական բռնության է ենթարկում երեխաներին: Այս հարցերը օբյեկտիվորեն առաջանում են օրենքի նախագծի հետ կապված և պատասխանները պետք է ստանանք՝ հստակ ձևակերպումներով: Այսինքն, մենք սահմանը պետք է այնպես հստակ գծենք, որ տարընթերցման հնարավորություն չլինի»,- ասաց նա:  Փոխնախարարը, համաձայնելով, որ երկրում ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է,   ընգծեց,  որ օրենքում առաջարկվող կոնկրետ ձևակերպումները այդ մտահոգությունը հանում են, քանի որ օրենքում խոսքը «դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցից զրկելու» մասին է և դա հստակ ամրագրված է:

 

 

Կանանց աջակցման կենտրոնի  ղեկավար Մարո Մաթոսյանն իր ելույթում զարմանք հայտնեց որոշ հարցադրումներով, նկատելով, որ դրանք ընտանեկան բռնություն  երեւույթը  մինչ այժմ անտեսելու  ու դրա մասին  բարձր ամբիոններից չխոսելու արդյունքն են, ինչն էլ  հանգեցրել է անիրազեկության ու պարարտ հող ստեղծել թյուրըմբռնումների համար: 

 

 

«Պաղպաղակի  սահմանափակումը  որպես տնտեսական բռնություն չի կարող դիտարկվել»…

 

Օրենքի ընդդիմախոսներից մեկն էլ՝ Նոյան տապան լրատվական գործակալության թղթակից Արթուր Հովհաննիսյանն այն բանախոսներից էր, որ մտահոգված էին  «հայրական ապտակի» ինստիտուտի պահպանմամբ:  Տնտեսական բռնությունն էլ յուրովի է պատկերացնում ,  բերելով  հետևյալ օրինակը.  «Սառնարանումս պաղպաղակ կա, երեխաս անգինայով հիվանդ է, ես նրան չեմ թողնում այդ պաղպաղակն ուտել: Դա, փաստորեն, սնունդ է և ես զրկում եմ երեխային այդ սնունդից: Դա տնտեսական բռնությո՞ւն է, այո՞»,- ասաց նա:

 

 

Վիգեն Քոչարյանը արձագանքեց՝ չթաքցնելով իր զարմանքը նման հարցադրմամբ.  «Պաղպաղակ չուտելը կամ նման սահմանափակումը հիվանդ երեխայի համար….ես չեմ հասկանում, այդ ի՞նչ մտածելակերպը կարող է բերել այն եզրահանգման, որ դա տնտեսական բռնություն է, այդ որ անձնավորությունը կարող է այդպես մտածել:  Առավել ևս, որ ձևակերպումների առումով էլ ամենը շատ հստակ է ու գրված է անհրաժեշտ»: 

 

 

 Օրինագծի ընդդիմախոսների  մեղադրանքներից մեկն էլ այն էր, թե օրենքի ընդունումը պարտադրված է Եվրամիության կողմից, այդ թվում նաև օրերս հրապարակված Հայաստան-ԵՄ համաձայնագրով: ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրայանը՝ արձագանքելով այդ պնդումներին, շեշտեց. «ՀՀ-ԵՄ փաստաթղթում որևէ տող, որևէ բառ այս և նմանատիպ օրենքների մասին չկա: Որևէ պարտադրանք չկա և չի կարող լինել»,- շեշտեց նա:

 

 

«Քննիչն ասաց՝ հել գնա, ամուսինդ է, ծեծում է, պետք է ենթարկվես»

 

Լսումներին մասնակցում էր նաև ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանը, ում պատմությունն ու խոսքը ոչ միայն էմոցիոնալ մեծ ազդեցություն  գործեց ներկաների վրա, այլ , ըստ էության , փարատեց  բոլոր այն  ոչ առարկայական  մտավախությունները,  որոնցով մինչ այդ հանդես եկան  օրինագծի ընդդիմախոսները:  Իր ելույթում  նա  նշեց, որ ամենամեծ խնդիրը նրանում է, որ բռնության ենթարկված կանայք չգիտեն, թե վախի կամ նվաստացման մթնոլորտից  դուրս պրծնելուց հետո ինչ պետք է անեն: Նրա խոսքով,  կանանց համար գերխնդիր է զգալ իրենց ու իրենց երեխաների պաշտպանվածությունը օրենքով.

«Ամենադժվարը նա էր, երբ  քննիչը եկավ ու ինձ այսպիսի մի արտահայտություն արեց՝ ի՞նչ պիտի անես, հել գնա հետը ապրի, ոչինչ, ամուսինդ է, բոլոր ընտանիքներում էլ կանայք համակերպվում են, երբ ամուսինները ծեծում են: Ես տանից փախել եմ գիշերով, կյանքս փրկելու համար ու առանց երեխաներիս, դրանից հետո ամիսներ շարունակ ես չէի կարողանում նրանց տեսնել, շփվել նրանց հետ: Հայրն ասում էր՝ երբ կգնաս ու քրեական գործը հետ կվերցնես ու կասես, որ ես քեզ չեմ ծեծել, այդ ժամանակ էլ կտեսնես երեխաներիդ: Ու չկար որևէ կառույց, որը կարողանայի  իրենց դուռը թակել ու ասել, որ մայրն ուզում է իր երեխաներին տեսնել: Ես տեղ չունեի մնալու, մնացել եմ Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում, որտեղ գտնվել եմ ապահով վայրում: Տարիներ շարունակ սպասել եմ, թե երբ դատարանի որոշում կլինի, որը կորոշի, թե երեխաները որտեղ պետք է ապրեն: Բայց երբ դատարանը որոշեց և ԴԱՀԿ-ն պետք է կատարեր իր աշխատանքը, երեք տարի շարունակ ԴԱՀԿ աշխատակիցները գնում էին ու որդուս հարցում էին՝ Համլետ, ուզո՞ւմ ես գնաս մամայի մոտ, նա ասում էր՝ չեմ ուզում: ԴԱՀԿ-ն ձեռքները լվացել էր, ես էլ հենց այս վախից, որ երեխաներիս չեմ տեսնի, ինը տարի դիմացել եմ»,- հայտարարեց նա՝ հորդորելով ընդունել օրենքը, քանի որ այն հնարավորություն կտա իր նման կանանց չվախենալ ու օրենքով պաշտպանված զգալ իրենց:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծ. Կողմ եւ Դեմ կարծիքներ

Ամեն օր ընտանեկան բռնության 2 դեպք է գրանցվում ՀՀ ոստիկանությունում

«Oրենքի նախագիծը շատ երկար սպասված էր».  փաստաբանի գնահատական

Ընդդիմախոսները չփոխեցին նախարարի կարծիքը. օրենքը պետք է ընդունվի

«Եթե մենք այն հասարակությունն ենք, որտեղ չկա բռնություն, այդ ո՞վ պիտի խլի մեր երեխային». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

 Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

«Եթե մարդը կարծում է, որ կանանց և երեխաների հետ շփվելու «զինանոցի» մեջ պարտադիր պետք է լինի ծեծուջարդը, ապա …»։

«Եթե դուք սպասեք ճիշտ ժամանակի գալուն, ապա այն երբեք չի գա»

Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

Երեխաների ձայնը 

 

Դիտումների քանակը` 4752

Գլխավոր էջ