Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

ՀՀ կառավարության երեկվա  նիստում հավանության է արժանացել զբաղվածության նոր ծրագիրը: Այդ ծրագրով նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման նպատակով գործատուի մոտ կազմակերպել մինչև վեց ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում:

 

Զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի ներդրման շրջանակում կարևորվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների մեծացումը՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման, կազմակերպման միջոցով:

 

Ծրագրի համաձայն՝  երիտասարդ մայրերին,  մասնագիտական ուսուցում ստանալու ընթացքում կտրվի նաև 6-ամսյա կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

 

Պետությունը կվճարի նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործը: Նրանք աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար կստանան։

 

Կառավարությունը նախատեսվում է ծրագիրը սկսել  2018 թվականից. առաջին փուլում կընդգրկվի 100 կին:

 

 Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անմրցունակ անձին, ով՝

1) ունի երեք և ավելի երեխա.

2) համարվում է միայնակ մայր.

3) նրա ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:

 

Ըստ նախագծի՝ անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում՝ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

 

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կամ վերափորձաքննության բաժնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

 

Նշվում է նաև, որ եթե անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառվածներին՝ ըստ հաշվառման հերթականության:

 

Հիշեցնենք, որ ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանն ու երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված զբաղվածության նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով ՀՀ կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում էլ հավանության է արժանացել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է երիտասարդ մայրերի համար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունքը, ինչպես նաև երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:

 

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝  աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով:

 

 

Մերի Մարգարյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պետությունը կաջակցի երիտասարդ մայրերին՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը

Դիտումների քանակը` 7266

Գլխավոր էջ