ՏԻՄ ընտրություններ.  համայնքապետի  պաշտոնին ընդամենը երեք կին է  հավակնում

Նոյեմբերի 5-ին կայանալիք  հերթական ՏԻՄ ընտրությունների համար համայնքապետի թեկնածուների առաջադրումների ժամկետը լրացավ  հոկտեմբերի 6-ին ժամը 18:00-ին:

 

Կենտրոնական ընտրական հանաձնաժողովի պաշտոնական կայքէջում առաջադրված թեկնածուների մասին հրապարակած տեղեկատվությունը լավատեսության հիմքեր չի տալիս մի քանի առումներով:

 

Նախ քաղաքական առումով այս ընտրությունները կարելի է համարել ոչ մրցակցային, համայնքերի մեծ մասում ղեկավար ընտրվելու համար առաջադրվել են գործողները: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քիչ են, միայն իշխող ՀՀԿ-ն է, որ թեկնածուներ է առաջադրել համայնքների գերակշռող մասում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թեկնածուներ առաջադրել է վեց համայնքում, նրանց թվում որևէ կին չկա:

 

 Թեկնածուների գենդերային համամասնության տեսակետից այս ընտրություններն աչքի են ընկնում կանանց պասիվ մասնակցությամբ: Հիշեցնենք, որ  համայնքապետ են ընտրելու 52 համայնքում:  Արտաշատում և Գորիսում արտահրթ ընտրություններ են նշանակված, ըստ այդմ առաջադրումները կմեկնարկեն հոկտեմբերի 11-ին ու կավարատվեն չորս օր անց:

 

Մինչ ԿԸՀ-ն կամփոփի հերթական ՏԻՄ ընտրություններում առաջադրումների վերաբերյալ թվային տվյալները, WomenNet.am-ը հաշվեց, որ համայնքապետի 142 թեկնածուներից միայն երեքն են կանայք:

 

Նրանք առաջադրված են Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Գեղաքար, Լոռու մարզի Օձուն համայնքներում: Այս անգամ էլ որևէ քաղաքում կին թեկնածու չի առաջադրվել: Կին թեկնածուների նման պասիվությունը թերևս կարելի է բացատրել համայնքների խոշորացմամբ:

 

Այսպես, խոշորացված Գեղամասարում առաջադրված է հինգ թեկնածու, նրանցից չորսն ինքնաառաջադրված են: ՀՀԿ-ական  Զոյա Գևորգյանը, ով նախկինում եղել է Գեղամասարի կազմի մեջ մտած Շատջրեք գյուղի ղեկավարը, առաջադրված է հարազատ կուսակցության կողմից: Նա մի քանի անգամ անընդմեջ ընտրվել է Շատջրեքի գյուղապետ, առաջին անգամ 1996 թ. նոյեմբերի 10-ին էր:

 

Հիշեցնենք, որ Գեղամասար համայնքում ներառվել է  18  համայնք՝  Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ:

 

18 համայնքներից միայն մեկի ղեկավարն է կին եղել:

 

Գեղաքարում ևս իշխող կուսակցությունը կին թեկնածու է առաջադրել: Կարինե Մարտիրոսյանը գործող համայնքապետն է: Նա ընտրվել է 2012-ի հունվարի 12-ին: Նրա միակ մրցակիցը ՀՀԿ-ական ինքնաառաջադրված Ռաֆիկ Սաֆարյանն է:

 

Լոռու մարզի խոշորացված Օձուն համայնքում համայնքապետի պաշտոնի համար երեք թեկնածու է առաջադրվել: ՀՀԿ-ն սատարում է գործող գյուղապետ Արսեն Տիտանյանին: Անկուսակցական Դոնարա Հախինյանը և Բարսեղ Այվազյանն ինքնաառաջադրված են:

 

Հիշեցնենք, որ Օձունի կազմում են ընդգրկվել Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ, Օձուն համայնքները: Այս համայնքներից որևէ մեկի ղեկավարը կին չի եղել:

 

Թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտմբերի 6-ից 11-ը մինչև ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը ժամը 24:00-ն:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2874

Գլխավոր էջ