Ներկայացնում են DigiTec-2017-ի «սմարթ» աղջիկները

Երևանում սեպտեմբերի  29-ից  մեկնարկել է ամենամյա ԴիջիԹեք-2017  տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ հայաստանյան  և արտասահմանյան տարբեր կազմակերպություններն ու անհատները ներկայացնում են իրենց նորարարությունները՝ տեխնոլոգիաների ոլորտում: WomenNet.am-ը զրուցել է DigiTec17-ի «սմարթ» աղջիկների հետ: 

 

«Խելացի տուն»

 

Մոնիկա Համբարձումյանը և Գայանե Դեմիրճյանը ծրագրավորողներ են, աշխատում են «Yerevan Telecommunication Research Institute»-ում: Նրանք անդրոիդ և վեբ հավելվածներ են ստեղծում, java ծրագրավորմամբ են զբաղվում, անցկացնում են դասընթացներ ու պրակտիկաներ ուսանողների համար:

Այս տարի հրատարակվել է Մոնիկայի ու Գայանեի համատեղ հեղինակած java ծրագրավորման ուսումնական ձեռնարկը, որով դասավանդում են Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Աղջիկները նաև լաբորատոր աշխատանքներ են կազմել ուսանողների համար՝ ուսումնական գործընթացն ավելի ինտենսիվ ու հետաքրքրական դարձնելու համար:

 

Մոնիկան ու Գայանեն ծրագիր են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց համալսարանական փորձարկումների արդյունքներն անմիջապես տեսնել լսարանում: «Ուսանողները ստենդի վրա կարող են անմիջապես տեսնել իրենց աշխատանքի արդյունքը, իրենք նաև կարող են հրահանգներ ուղարկել և օրինակ խամաճիկը կբարձրացնի ձեռքը»,- ասում է Գայանեն: Աղջիկների ստեղծված ստենդի օգնությամբ այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները java ծրագրավորում են սովորում:

 

Ներկայումս Մոնիկան ու Գայանեն աշխատում են «Smart Home» նախագծում, որը հնարավորություն է տալիս հեռակառավարել տան բոլոր տեխնիկական միջոցները: «Այս հավելվածի շնորհիվ դուք կարող եք Ձեր սմարթֆոնի միջոցով հեռակառավարել տան բոլոր սարքավորումները: Սա նորություն է Հայաստանում, դեռևս մեծ պահանջարկ չկա, բայց աստիճանաբար կարծում եմ, կլինի»,- ասում է Մոնիկան:

Գայանեն ցանկանում է այնպիսի ծրագրեր ստեղծել, որոնք նորություն կլինեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Մոնիկան էլ նշում է, որ իրենց ստեղծած համակարգերը կյանքը հեշտացնելու համար են: «Հայաստանի չպետք է հետ մնա արտասահմանյան տեխնոլոգիաներից, մենք էլ կարող ենք ստեղծել նմանատիպ համակարգեր»,- վստահ է Մոնիկան:

 

Ինտելեկտուալ խաղեր ու օգտակար հավելվածներ

 

25-ամյա Անի Կարապետյանը չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն «Codics» ծրագրավորման ընկերության տեխնիկական բաժնի ղեկավարն է: «Ես երրորդ կուրսից սկսած աշխատել եմ, երեք տարի առաջ եկա Codics որպես կրտսեր ծրագրավորող, տարիներ անց դարձա ղեկավար»,- պատմում է Անին: Այդ տարիների ընթացքում Անին մասնակցել է մի շարք հավելվածների ստեղծմանը, օրինակ, շախմատ սովորող աշակերտների համար ինտելեկտուալ խաղ է ստեղծել, որի միջոցով երեխաները puzzle-ային խնդիրներ են լուծում:

Անին նաև մասնակցել է «Իմ Արմենիա» խաղի ստեղծմանը, որը նախատեսված է Հայաստան ժամանող երեխաների համար: Բացի Հայաստանի տեսարժան վայրերի մասին եռալեզու տեղեկատվություն տրամադրելուց, խաղը նաև օգնում է երեխաներին հայերեն բառեր սովորել, իսկ երբ երեխան հեռանում է Հայաստանում, խաղի միջոցով կարող է իր շրջագայությունների վերաբերյալ տեսանյութ պատրաստել՝ ամբողջացնելով Հայաստանում անցկացրած իր օրերը:

 

«Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի ծրագրեր, որի հետևում պատմություն կա, մենք խորը ծրագրեր ենք անում, որոնք արժեք են ներկայացնում: Օրինակ վերջերս ստեղծեցինք մի կայք, որը հնարավորություն է տալիս մարդկանց նվիրատվություններ կատարել, որպեսզի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի մոտիվներով աուդիո-վիդեո նյութեր պատրաստված ամերիկյան դպրոցների համար»,- ասում է Անի Կարապետյանը:

 

«Հեռակառավարվող ձեռք»

 

Բաբայան Քրիստինեն ու Վարդանյան Աննան Հայաստանի Ազգային Պիլիտեխնիկիական համալսարանի Կիբերնետիկայի ֆակուլտետում են սովորում: Աղջիկները ստեղծել են հեռակառավարվող ձեռք, որը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ կարող է կիրառվել այնպիսի միջավայրերում, որտեղ կարող է մարդու կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնալ: Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեին տեղում փորձարկելու հեռակառավարվող ձեռքը: Դրա համար պետք է հագնել ձեռնոցը ու շարժել մատները: Հեռակառավարվող ձեռքը կրկնում է շարժումները նույնությամբ:

 

«Ռոբոտացված ձեռքը կարող է օգտագործվել նաև տիեզերագնացության մեջ, այն կարող է տիեզերանավում լինել և մարդը երկիր մոլորակից կառավարի այն»,- բացատրում է Աննան: Աղջիկներն առաջիկայում ծրագրում են նաև ստեղծել հեռակառավարվող ձեռքի ափ՝ պրոտեզավորման միջոցով: «Ցանկություն կա նաև ռոբոտացված ձեռքը միացնել մարդու ուղեղին, որպեսզի ուղեղից հրահանգներ ստանա և կատարի: Դա իհարկե, տասնյակ տարիներ կարող է պահանջել, բայց դա մեր երազանքն է»,- ասում է Քրիստինեն:

 

Արման Ղարիբյան 

 

Դիտեք մեր կայքում  Լիլիան Գալստյանի ֆոտոռեպորտաժը  ԴիջիԹեք-2017 ցուցադրությունից

 

Digitec 2017 -ի արքայադուստրերը 

 

Դիտումների քանակը` 4919

Գլխավոր էջ