Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով
ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը: Ընտանիքում սպանությունների թվով առաջատարը մայրաքաղաք Երևանն է, իսկ ահա մարզերը աչքի են ընկնում ընտանիքում սեռական բնույթի հանցագործությունների թվով, ինչը պայմանավորված է վաղաժամ ամուսնություններով, և այս իմաստով առաջատարը Արմավիրի մարզն է:
ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով, 2017 թվականի առաջին վեց ամիսներին Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ (համեմատության համար 2016 թվականին ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ):
Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ՝ գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր եւ հանցավոր այլ դրսեւորումներ։
Այսպես՝ 215 քրեական գործերից.
- 127-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
- 24-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
- 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
- 11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ,
- 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
- 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,
- 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,
- 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն և այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 2-ը եղել են մոր, 11-ը՝ հոր, 1-ը` խորթ մոր, 2-ը` խորթ հոր , 2-ը՝ եղբոր/քրոջ, 14-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 63-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 4-ը՝ թոռան, 6-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ խնամակալի, հոգաբարձուի կամ խնամատար ծնողի կողմից կատարված:
Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 115 անձ, որոնցից 60-ը՝ 18-35 տարեկան, 55-ը՝ 35 տարեկանից բարձր:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 161 անձ, որոնցից 8-ը՝ մինչև 12 տարեկան, 7-ը՝ 12-14 տարեկան, 10-ը՝ 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 81-ը՝ 18-35 տարեկան, 53-ը՝ 35 տարեկանից բարձր:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 43 քրեական գործ՝ 46 անձի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է 2016 թվականին, ապա նույն ժամանակահատվածում վարույթում քննված ընտանեկան բռնության 359 գործերից՝
- 222-ը վերաբերել է ծեծին (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված),
- 45-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդված),
- 23-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությանը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն,
- 19-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված),
- 10-ը՝ սպանությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված)
- 7-ը՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն և այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 3-ը եղել են մոր , 14-ը՝ հոր, 3-ը՝ խորթ հոր, 9-ը՝ եղբոր/քրոջ, 15-ը՝ զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 2-ը՝ կնոջ, 136-ը՝ ամուսնու, 3-ը՝ թոռան, 6-ը՝ ամուսնու ծնողների, 15-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:
Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 204 անձ, որոնցից 122-ը՝ 18-35 տարեկան, 82-ը՝ 35 տարեկանից բարձր:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 237 անձ, որոնցից 20-ը՝ մինչև 12 տարեկան, 2-ը՝ 12-14 տարեկան, 25-ը՝ 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 108-ը՝ 18-35 տարեկան, 80-ը՝ 35 տարեկանից բարձր:
Հաշվետու ժամանակահատվածում 206 քրեական գործի վարույթ կարճվել է՝ մեծամասամբ բողոքի բացակայության կամ տուժողի՝ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 89 անձի վերաբերյալ:
2016 թվականի և ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վիճակագրությունը ի ցույց է դնում այն հանգամանքը, որ ավելացել են կանանց կողմից ամուսինների նկատմամբ բռնության դեպքերը:
Ի դեպ, օրեր առաջ հրապարակվվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ e-draft համակարգի միջոցով առաջարկներ կարելի է ներկայացնել մինչև հոկտեմբերի 9-ը: Օրենքում սահամանվում է, որ «ընտանեկան բռնությունը՝ դա ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքների կիրառումն է ընտանիքի անդամների կամ նախկինում ընտանիքի անդամներ հանդիսացած անձանց միջև՝ անկախ նրանից, թե արդյոք բռնություն գործադրած անձը և բռնության ենթարկվածը բնակվել կամ բնակվում են համատեղ»:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին օրինագիծը
Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով
Դիտումների քանակը` 3480