Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ բռնության զոհերի հիշատակին մոմավառությանը մասնակցող իրավապաշտպաններին ու քաղաքացիներին WomenNet.am-ը հարց ուղեց, թե ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը: Ստորև ներկայացնում ենք կարծիքները՝ առանց միջամտության:

 

Զարուհի Բաթոյան. «Ընտանեկան բռնությունը կդադարի, երբ մարդիկ իմանան, որ իրենք պաշտպանվելու հնարավորություն ունեն, այսինքն՝ լինի օրենք, իրավական դաշտ ու բոլոր հնարավորությունները՝ անձին պաշտպանելու: Կարծում եմ, դա շատ մեծ ինքնավստահություն կհաղորդի մարդկանց, քանի որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն պաշտպանելու ուղղությամբ քայլ անելու համար պետք է իրեն զգա ապահով»:

 

Քնարիկ Անտոնյան. «Իմ կարծիքով, եթե մենք օրենք ունենանք, տղամարդիկ իրենց այլ կերպ կպահեն, ավելի զգաստ կլինեն, կմտածեն, որ իրենք պատասխանատվության կարող են ենթարկվել բռնության համար»:

 

Զարուհի Հովհաննիսյան. «Հասարակությունը պետք է կամաց-կամաց փոխվի, այդ փոփոխությանը կարելի է հասնել կրթության միջոցով: Մեր կրթական համակարգը կարծրատիպային է, և այդ կարծրատիպերը հետագայում վերածվում են բռնության:  Բռնության մշակույթը մեզանից կարելի է վերացնել կրթության միջոցով: Կրթական համակարգը փոփոխության կարիք ունի»:

 

Արմեն Նավասարդյան. «Ինձ թվում է, եթե մեր շուրջը ավելի շատ լինեն ինքնահաստատված, կայուն տղամարդիկ, բռնությունն աստիճանաբար դուրս կգա մեր մեջից»:

 

Լառա Ահարոնյան.  «Բռնությունը կդադարի, երբ մենք դատապարտենք դա, ասենք, որ ընդունելի չէ և չպետք է լինի: Եթե հասնենք այն վիճակին, որ այլևս չենք փորձի բռնության պատճառները փնտրել, արդարացումներ գտնել, այդ դեպքում կդադարի բռնությունը»:

 

Մայրանուշ Դավթյան-Գևորգյան. «Ընտանեկան բռնությունը կդադարի, երբ մարդիկ գիտակցեն, որ բոլորը հավասար են, բայց ոչ միայն այն պարզ իմաստով, որ տղամարդիկ ու կանայք հավասար են, այլ որ ամեն ինչ պետք է հավասարակշռության մեջ լինի: Իսկապես, եթե ամեն մարդ սա գիտակցի, նա կողքինի նկատմամբ ավելի զգայուն կլինի, և այդ ժամանակ այլևս բռնություն չի լինի»:

 

Կամո Դավթյան. «Բռնությունը կվերանա, երբ ընտանեկան բռնության մասին հատուկ օրենք ընդունվի, բայց միայն ընդունելը բավարար չէ, գործուն մեխանիզմներ պետք է լինեն, որոնք կապահովեն օրենքի կիրառումը: Աջակցման կենտրոնները, թեժ գծերը պետք է ավելանան»:

 

Անի Ասատրյան. «Ընտանեկան բռնություն գուցե չդադարի, բայց կնվազի, երբ հեռուստաալիքները խոսեն դրա մասին, երբ գովազդներում ու սերիալներում վերանան բոլոր այն տեսարանները, որտեղ կանայք ստորադասված են տղամարդկանց: Դրան զուգահեռ աշխատանք պետք է տարվի օրենքի ընդունման և կիրառման ուղղությամբ»:

 

Աննա Բաղրամյան. «Մեր մտածելակերպը պիտի փոխվի, որպեսզի բռնությունը վերանա մեր մեջից: Մարդկանց գիտակցության մակարդակը պետք է փոխվի, հակառակ դեպքում միայն օրենքի առկայությունը չի փոխի իրավիճակը»:

 

Գայանե Խաչիկյան. «Բռնությունը նվազեցնելու համար կարևորագույն փոփոխությունը պետք է գա կրթությունից: Դեռահաս աղջիկներին պետք է սովորեցնեն, որ նորմալ չէ, երբ իրենց ծեծում են տանը, իսկ տղաներին պետք է սովորեցնել, որ տղամարդ լինելու համար պարտադիր չէ բռնություն գործադրել որևէ մեկի նկատմամբ»:

 

Կարծիքները հավաքեց Արման Ղարիբյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Դիտումների քանակը` 2903

Գլխավոր էջ