Պետությունը կաջակցի երիտասարդ մայրերին՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը
Բազմաթիվ երիտասարդ կանայք ամուսնությունից և հատկապես ծննդաբերությունից հետո բախվում են ուսում ստանալու, աշխատանքը շարունակելու խնդրի հետ: Մասնագիտություն ունեցող կանայք աշխատելու մեծ ձգտում են ունենում, սակայն տանը նստելով կորցնում են մրցունակությունը աշխատաշուկայում: Իսկ միջնակարգ կրթություն ունեցող կանայք երազում են բարձրագույն կրթություն ստանալու մասին: Հետագայում հենց այս կանայք են ավելի հաճախ հայտնվում գործազրկության խնդրի առաջ: ՀՀ կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում հավանության արժանացած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները միտված են աջակցելու նման խնդիրներ ունեցող երիտասարդ մայրերին:
… «Համարվում է , որ կնոջ առաքելությունն առաջին հերթին ընտանիք ունենալն է, մայր դառնալն է, բայց կարծում եմ, որ պետք է հեռու մնալ այն կարծատիպից, թե կինը միայն տնային տնտեսուհի է և երեխաներ դաստիարակող»,- WomenNet-ի հետ զրույցում ասում է 37-ամյա Քրիստինե Առաքելյանը: Քրիստինեն ամուսնացել է 18 տարեկանում, դպրոցն ավարտելուց հետո փորձել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել, բայց դրական միավորի շեմը չի հաղթահարել: Ամիսներ անց ամուսնացել է, իսկ բարձրագույն կրթություն ստանալը դարձել է անիրականանալի երազանք: «20 տարեկանում ունեցա առաջնեկիս, երկու տարի անց՝ երկրորդ զավակիս, ու այդպես էլ չկարողացա կրթություն ստանալ: Սկսեսուրս աշխատում էր, երեխաներին պահող չունեի, իսկ հետո մտածում էի, որ անիմաստ է կրթության մասին մտածել: Տարիներ հետո հասկացա, թե ինչ սխալ եմ գործել: Այսօր ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք, ամուսնուս աշխատավարձով մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում, ես էլ արդեն 6 ամիս է չեմ աշխատում»,- պատմում է Քրիստինեն: Նրա խոսքով՝ եթե բարձրագույն կրթություն ունենար, ապա կկարողանար ավելի հեշտ աշխատանք գտնել: Այսօր, ըստ նրա, միայն կարող է ինչ-որ արտադրամասերում, խանութում աշխատել «Աշխատում էի փոքրիկ արտադրամասում, բայց դա էլ փակվեց ու հիմա անգործ եմ: Դիմել եմ տարբեր տեղեր, բայց պատասխան չկա: Երբեմն մտածում եմ որևէ մասնագիտություն ստանալ, բայց դրա համար ֆինանսական միջոցներ են հարկավոր: Հիմա առաջին հերթին երեխաներիս կրթության հարցերն են ինձ մտահոգում»,- ասում է Քրիստինեն:
… 23-ամյա Կարինե Մինասյանն էլ կանգնած է ուսումը շարունակելու խնդրի առաջ: Տղան 2 տարեկան է, ուսումը կիսատ է թողել ու չգիտի՝ կկարողանա սովորել ու աշխատել: «Մինչև երեխայիս ծնվելը սովորում էի ու աշխատում, բայց հիմա ոչ կարողանում եմ ուսումս շարունակել, ոչ էլ աշխատել: Երեխայիս պահող չկա, իմ և անուսնուս ծնողները մարզում են ապրում, հիմա չգիտեմ ինչ անեմ: Մանկապարտեզ ընդունում են 3 տարեկանից, դեռ մեկ տարի պետք է սպասեմ, բայց ամուսինս էլ ակնարկում է երկրորդ երեխա ունենալու մասին: Բայց պետք է աշխատել, միայն ամուսնուս աշխատանքով հնարավոր չէ ապրել, երեխան մեծանում է, ծախսերն ու հոգսերն էլ՝ իր հերթին»,- նշում է Կարինեն՝ միաժամանակ հավելում, որ չի էլ պատկերացնում, թե այսքան դադարից հետո կկարողանա՞ աշխատել ու առաջ գնալ:
Նշենք, որ ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանն ու երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված զբաղվածության նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է երիտասարդ մայրերի համար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունքը, ինչպես նաև երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:
Նախագծի մշակման շրջանակներում կարևորվել է առկա միջազգային փորձը: Աշխատանքը և ծնող լինելը համատեղելու հնարավորությունը ժամանակակից աշխարհում հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալին է: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ներկայումս ավելի բարձր է այն տարածքներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է և որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:
Հաշվի առնելով ուսումնասիրված միջազգային փորձը և ելնելով Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցների փոփոխություններից, ինչպես նաև կարևորելով արդեն իսկ երեխաներ ունեցող երիտասարդ կանանց՝ աշխատաշուկայի պահանջարկից բխող մասնագիտական ուսուցում ստանալու կարևորությունը, որպես առաջին քայլ, նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրել՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում: Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով օրինագիծը նախատեսում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրել՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:
Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում զբաղվածության կարգավորման պետական նոր ծրագրերի ներդրմամբ՝
1) ապահովել առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքի աստիճանական նվազումը և մեծացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները,
2) մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով:
Նշենք, որ մեր զրուցակից Կարինե Մինասյանը, երբ ծանոթացավ կառավարության այս որոշման հետ, հույսով լցվեց, որ պետության աջակցությամբ թե ինքը, թե իր կարգավիճակում գտնվող այլ կայանք, կկարողանան և կրթություն ստանալ, և ուսումը շարունակել, և ինտեգրվել աշխատանքին:
Մ.Մարգարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Պետությունը կաջակցի երիտասարդ մայրերին՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը
Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան
Դիտումների քանակը` 14907