Աշտարակի դպրոցներից մեկում ուսուցիչները անժամկետ դասադուլ են հայտարարել

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում  անժամկետ դասադուլ է։ Ուսուցիչներն ու աշակերտների ծնողները պահանջում են, որպեսզի հիմնանորոգվի անցած դարի 60-ական թվականներին կառուցված դպրոցի շենքը:  Թեմային է անդրադառնում «Ազատություն» ռադիոկայանը:

 

Ծնողական խորհրդի որոշմամբ ու ուսուցչական կազմի համաձայնությամբ, աշակերտները դասերի չեն հաճախելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել նրանց պահանջները։

 

Աշակերտների ծնողներն այսօր դպրոցի բակում պահանջում էր վերջապես հիմնանորոգել 60-ական թվականներին կառուցված և ծայրահեղ անմիխիթար վիճակում հայտնված շենքը։ Իսկ մինչև այդ ծնողները պնդում էին, որ դպրոցը պետք է բեռնաթափել և տարրական դասարանները տեղափոխել ավելի հարմարավետ ու անվտանգ տարածք։

 

«Սանհանգույց չկա, բուֆետ չկա․․․ տեսնում եք, էլի, սա 21-րդ դարի դպրոց չի կարելի համարել: Ի՞նչ են մտածում մեր մարզպետարանը, կրթության նախարարները: Իրանք կուղարկե՞ն իրանց էրեխեքին նման դպրոց», – «Ազատության» հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

 

«Ես 21 տարի աշխատում եմ այս դպրոցում, 21 տարի խոստանում են․․․ ու ոչ մի քայլ չի արվում», – հավելեց ուսուցիչներից մեկը:

 

Աշտարակ քաղաքի «ձախակողմյան հատվածում», ինչպես անվանում են իրենց թաղամասը բնակիչները, երկու դպրոց կա՝ Վարդգես Պետրոսյանի անվան ու մեկ այլ ավագ դպրոց, որը բարեկարգ է ու նախատեսված 1500 աշակերտի համար։ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի ուսուցիչների խոսքով, ավագ դպրոցում ազատ մասնաշենք կա, որտեղ կարող են թեկուզ ժամանակավոր տեղափոխել 1-4 դասարանցիներին: Իսկ ծնողները ասում են, թե դանակը ոսկորին է հասել՝ 2007 թվականից խոստանում են նոր շենք, բայց 10 տարվա ընթացքում խոստումը գործ չի դառնում։

 

«Գալիս ա տարեվերջը, խորհրդարանը նստած բյուջե ա որոշում, 17 տարվա մեջ էդ բյուջեում հեչ մեզ համար տեղ չգտնվե՞ց: Մենք է՞լ պիտի գնայինք Ղարաբաղում ապրեինք կամ սահմանամերձ գոտում ապրեինք, որ մեր դպրոցն էլ հիշեին-վերանորոգեին: Ոչ մի կառավարության անդամ թույլ չի տա, որ իր երեխան նման դպրոց հաճախի: Այ երբ որ իրանց երեխաները կգա, մերոնք էլ կգան», – ասաց վրդովված ծնողներից մեկը:

 

«Ազատությունն» այս դպրոցի խնդրին անդրադարձել էր դեռ մայիսին, երբ ուսուցիչները նախազգուշական գործադուլ էին հայտարարել։ Այդ անգամ մարզպետը նկատողություն էր հայտարարել դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանին:

 

Նա ասաց, որ ինքը կողմնակից է խաղաղ լուծման, բայց հասկանում է, որ պայքարի այլ միջոց չի մնացել, ծնողները չեն հավատում նաև իր խոսքին․ – «Արդեն մարդիկ չեն վստահում: Որովհետև ինձ խաբում են, ես գալիս, խաբում եմ մարդկանց»:

 

Դասադուլը սկսելուց մի քանի ժամ հետո դպրոց եկավ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Նա ծնողներին ասաց, որ արդեն եղել է հարևանությամբ գործող ավագ դպրոցում և տեղեկացել, որ այնտեղ 22 դասասենյակ կա, որոնցից 7-ն ազատ են։ Ծնողներն ու դպրոցի շախմատի ուսուցիչ Արմեն Գրիգորյանը հակադարձեցին՝ ազատ դասարաններն ավելի շատ են, քան ներկայացվել է։

 

Մինչ կորոշեին, թե քանի հոգով են գնում ավագ դպրոց ստուգման՝ հանրակրթության վարչության պետը հարցրեց՝ ինչո՞ւ այնքան տարի դպրոցի խնայողությունների հաշվի չեք բարեկարգել այն։ Արշակյանի տեղեկություններով՝ տնօրենը տարիների խնայողություն է կուտակել, իսկ տնօրենը հակադարձում է՝ սխալ տեղեկություն են ձեզ տվել․ – «Դպրոցի ֆինանսավորումը կատարվում ա աշակերտների քանակի համապատասխան, սակայն էդ քանակի համապատասխան մենք երբեք չենք ֆինանսավորվել: Մինչև 20 միլիոն պակաս ա լինում մեր բյուջեն․․․ Ոչ մի տնտեսում չենք ունեցել»…

 

Ռեպորտաժն ամբողջությամբ  Azatutyun.am

Դիտումների քանակը` 3590

Գլխավոր էջ