Ինչո՞ւ արվեստում կանայք «չեն եղել» (լուսանկարներ)
Իրականում կանայք մշտապես ստեղծագործել են՝ կերտելով արվեստի հրաշալի գործեր, սակայն մինչ օրս թյուր կարծիք կա, թե կանայք արվեստում չեն եղել կամ չեն ստեղծել որևէ արժեքավոր գործ, որն արժանի կլիներ ուշադրության: Այլ հարց է , որ կանանց մշտապես խոչընդոտել են ստեղծագործել, իսկ ստեղծածն էլ հաճախ հասանելի չեն դարձրել հանրությանը, ինչի արդյունքում էլ կարծիք է ձևավորվել, իբր կին արվեստագետներ չեն եղել:
Նկարիչ Մարիամ Մուղդուսյանն իր հիմնադրած Մուղդուսյան արվեստի կենտրոնում բաց դասախոսություն էր կազմակերպել «Արվեստ և նախապաշարմունք. սեքսիզմն արվեստում» թեմայով: (Հիշեցնենք, որ սեքսիզմը սեռի պատկանելիության հիմքով խտրականության գաղափարախոսություն և պրակտիկա է – խմբ.):
«Կինը հաճախ եղել է տղամարդ արվեստագետների ոգեշնչման աղբյուր, գեղանկարում կնոջ մարմինն է հաճախ եղել այն ֆունդամենտը, որի հիման վրա ստեղծվել են գյուխգործոցներ: Թվում է, թե կինը միայն պասիվ դերում է եղել՝ հանդիսանալով ընդամենը մուսա ստեղծագործող տղամարդու համար: Իրականում կին արվեստագետներ շատ են եղել, պարզապես մեզ քիչ տեղեկատվություն է հասել նրանց մասին»,- ասաց Մարիամը:
Նրա խոսքով, կանայք մշտապես խտրականության են ենթակվել և հավասար հնարավորություններ չեն ունեցել, որպեսզի կրթվեն և զարգացնեն իրենց ունակությունները: Խոչընդոտները շարունակվել են նույնիսկ այն ժամանակ, երբ կրթական հաստատությունները բացել են իրենց դռները կանանց առջև:
«16-19-րդ դարերում կանայք ակադեմիայում իրավունք չեն ունեցել մերկ բնորդ նկարելու, իսկ ակադեմիական նկարչության մեջ չես կարող առաջ գնալ առանց մերկ մարմին նկարելու, դա ֆիգուրատիվ արվեստ է, որն անհնար է յուրացնել առանց բնորդի»,- նշեց բանախոսը: Կանանց կրթաթոշակներ չեն տրամադրել, ավելին, երբեմն կանայք ստիպված են եղել նույն կրթության համար վճարել ավելին, քան տղամարդիկ:
Այդուհանդերձ, կանանց հաջողվել է հրաշալի գործեր ստեղծել, որոնց մեծամասնությունը անուշադրության է արժանացել միայն այն պատճառով, որ հեղինակը կին է եղել: Մարիամ Մուղդուսյանը ունկնդիրներին ներկայացրեց մի շարք հեղինակների, որոնց անունները անհայտ են մարդկության մեծամասնության համար:
Դեռևս մեր թվարկությունից առաջ եղել են կին նկարիչներ, նրանցից է Հելենա Եգիպտացին, սակայն նրա մասին քիչ տեղեկատվություն է հայտնի:
Լավինա Ֆոնտանան իր կատարողականությամբ չի զիջել իր ժամանակակից տղամարդկանց, սակայն նրա մասին քչերը գիտեն:
Կատարինա վան Հեմեսեն 16-րդ դարի գեղանկարիչ է, ով ևս «կորել» է պատմության էջերից:
Արտեմիսիա Ջենտիլեսկին եղել է առաջին կին գեղանկարիչը, ով դարձել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Նա բռնաբարության է ենթարկվել հոր ընկերոջ կողմից և 17-րդ դարի համար բացառիկ համարձուկություն է դրսևորել՝ դիմելով դատարան, որպեսզի պատասխանատվության ենթարկեն բռնարարին:
Ռոզա Բոնյորը անիմալիստ է եղել՝ նկարել է հիմնականում կենդանիներ: Նրա «Ձիերի շուկա» աշխատանքը ցուցադրվելուց հետո ցնցում է առաջացրել, քանի որ կանանց արգելված է եղել մուտք գործել ձիերի շուկա: Ռոզա Բոնյորը ստիպված է եղել կտրել վարսերը, տղամարդու կերպարանք ստանալ, որից հետո միայն նրան թույլատրել են մտնել այնտեղ:
Արվեստում կանանց նկատմամբ խտրականությունը շարունակվում է մինչ օրս: Շատ հեղինակավոր ցուցասրահներում ցուցադրվող աշխատանքների 77-96%-ի հեղինակները տղամարդիկ են: «Նախկինում կանայք ցուցասրահներ մուտք գործելու համար պետք է մերկ լինեին՝ այն էլ կտավի տեսքով: Այսօր իհարկե, իրավիճակը բարելավվել է, սակայն մենք դեռ շատ հեռու ենք հավասար ներկայացվածությունից: Պատմության, արվեստի դասագրքերը, ինչպես նաև մեդիաները լռում են շատ կին արվեստագետների մասին, այդ պատճառով էլ մինչ օրս կան մարդիկ, որոնք կարծում են, թե կին արվեստագետներ կամ գիտնականներ չեն եղել»,- ասում է նկարիչ Մարիամ Մուղդուսյանը:
Մարիամն իր մաշկի վրա է զգացել՝ ինչ է խտրականությունը: Եղել են դեպքեր, երբ տղամարդ գործընկերները թերահավատորեն են մոտեցել իրեն, դիտելով իր կտավներն ասել են, թե կինը չէր կարող դա նկարել, հավանաբար նրան տղամարդ է օգնել: Նրա լավագույն աշխատանքները գովելու համար ևս գործածել են սեքսիստական արտահայտություններ, օրինակ ասել են, թե «տղու պես ես նկարել» կամ «որձոտ գործ ես նկարել»:
«Այսօր եթե կինը ցանկանա և ուժեղ գտնվի, կկարողանա իր տեղը գտնել նաև արվեստում: Սակայն մենք միշտ պետք է հիշենք, որ կանայք շատ ավելի խոչընդոտներ են հաղթահարում իրենց ճանապարհին, քան տղամարդիկ»,- դասախոսությունն այսպես եզրափակեց Մարիամ Մուղդուսյանը:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արտեմիզիա. Վերածննդի նկարչուհին / ֆիլմ
«Մոլորություն է անցյալին նայել միայն տղամարդկանց աչքերով»…
«Ագորա»՝ ֆիլմ պատմության մեջ առաջին կին գիտնականի մասին. WomenNet.am –ի ֆիլմադարանից
«Օսկար»-ը տղամարդ է. ամենապատվաբեր կինոմրցանակի գենդերային առանձնահատկությունները
«Ո՞վ ասաց, որ պետք է տղամարդու պես նկարես, որ լավ ստացվի»…
Նոբելյան մրցանակը գրականության ոլորտում ստացավ Էլիս Մունրոն
Կինը՝ դիրիժորական վահանակի առջև
Դիտումների քանակը` 4163