Դպրոցական սնունդ. Ոչ թե բուլկի, խաչապուրի, այլ յոգուրտ, բանան ու խնձոր
Հայաստանյան դպրոցներում երեխաները մեծ մասամբ սխալ են սնվում: Ընդմիջումը հիմնականում կազմված է լինում բուլկուց, խաչապուրիից, հոթ դոգից, ֆաստ ֆուդից կամ էլ կես մատնաքաշի մեջ դրված երշիկից ու պանիրից: Սրանք պարզ ածխաջրածիններ ու շաքար պարունակող ուտելիքներ են, որոնք դատարկ կալորիաներ են և չեն պարունակում երեխայի աճի համար անհրաժեշտ սպիտակուցներ, որակյալ ճարպաթթուներ: Իսկ դպրոցական տարիքում երեխան պետք է ոչ միայն պատշաճ սնուցում ստանա, այլև՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերի ճիշտ սնուցման կանոնների մասին: Թեմային է անդրադառնում Panorama.am-ի լրագրող Լալա Տեր-Ղազարյանը:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, եթե դպրոցական տարիքում երեխան սովորում է գրագետ սնվել, ապա այդ սովորույթը պահպանում է ողջ կյանքի ընթացքում: Դրան հակառակ շատ դժվար է, երբ երեխաները սովորում են սխալ սնվելուն: Օրինակ, երեխան պետք է հասկանա, որ բուլկին ճիշտ սնուցում չի, դա միակողմանի սնուցում է, բացի այդ էլ բուլկին պետք է ուտել առավոտյան, ոչ թե կեսօրվա ընդմիջմանը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:
Խաչապուրին էլ պարունակում է ածխաջուր և սպիտակուց, սակայն, էժան խաչապուրիներում բաղադրությունը կասկածելի է: Սննդագետը հուշում է, նույնիսկ տանը պատրաստելու դեպքում հնարավոր չէ նման ցածր գնով խաչապուրի ստանալ, մանիպուլյացիաներ են արվում: Հացն էլ պետք չէ չարաշահել, լավաշը լավագույն տարբերակն է:
Մասնագետը խիստ կարևորում է, որ երեխաներն օրը սկսեն նախաճաշով: Սա պետք է լինի օրվա ամենաքաղցր ժամը՝ քաղցրավենիք կարելի է մինչև դպրոց գնալը, օրվա մյուս ժամերին պետք չէ: Հիմնական ընդմիջումների միջև պետք է լինեն «ընդմիջումիկներ», որոնց ընթացքում երեխաները պետք է ուտեն միրգ-բանջարեղեն:
«Այս տարիքից երեխային պետք է սովորեցնել, որ խուսափեն քաղցր բլիթային ընդմիջումներից, գազավորված, շաքարացված ըմպելիքներից ու ֆաստ ֆուդից»,-ընդգծում է սննդագետը:
Պիպոյանին անհանգստացել է սոցցանցերում տարածված լուսանկարը, որտեղ ֆաստ ֆուդ պատրաստող ընկերություններից մեկն իր գովազդում օգտագործել է դպրոցական երեխային, բացի այդ էլ հայտարարել, որ մեկ ամսվա ընթացքում երեխան կարող է անսահմանափակ ուտել ֆաստ ֆուդ:
«Ամբողջ աշխարհն այսօր ասում է, ֆաստ ֆուդը վտանգավոր սնունդ է, պետք է խուսափել նման քանակությամբ ճարպաթթուներ պարունակող սնունդ ընդունելուց, մեկ էլ Հայաստանը դառնում է բոլորից տարբերվող: Ակնհայտ է դառնում, որ մենք սնուցման պետական քաղաքականություն չունենք, ոլորտը բարձիթողի վիճակում է, և ով ինչ ցանկանում է, անում է»,-ասաց Պիպոյանը:
Մասնագետը խորհուրդ է տալիս ծնողներին բուտերբրոդները դնել ոչ թե մատնաքաշ հացերի, այլ լավաշի մեջ փաթաթած՝ լավաշն առողջարար է ու շատ հարմար բռնելու և ուտելու համար:
«Գրամային առումով այն քիչ է ու հնարավորություն է տալիս մի փոքր կտորի մեջ առողջ սնունդ ուղարկել դպրոց՝ կարելի է լավաշի մեջ դնել վարունգ, պոմիդոր, պանիր, կանաչի կամ էլ խաշած միս»,-ասաց նա:
Պիպոյանին զարմացնում է, ինչո՞ւ օրինակ երեխան չի կարող գազավորված ըմպելիքի փոխարեն յոգուրտ օգտագործել դպրոցում: Մեկ բանանի հետ մեկ յոգուրտը հիանալի ընդմիջում է:
«Կարելի է երեխայի հետ ուղարկել միասնական ափսեով ընդմիջում, որտեղ կարող է լինել օրինակ բրնձով, արգանակով, հավի մսի փոքր կտորներով փլավ, բանջարեղեն՝ գազար, բրոկոլի և այլն»,-նշեց մասնագետը, ավելացնելով, որ հիմա ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ծնողները առողջ սնուցում կազմակերպեն երեխաների համար:
Ծանոթ լինելով հայկական մենթալիտետին, սննդագետը կարևորում է, որ ծնողներն անեն ամեն ինչ, որպեսզի երեխաները չդառնան ուրիշների՝ սնվելու սխալ մշակույթից օգտվող ու դրան հետևող, այլ հակառակը՝ պետք է երեխային բացատրել ճիշտ սնուցման առանձնահատկությունները, որպեսզի երեխան դառնա օրինակելի ու մշակույթ փոխելու լիդեր:
«Երեխան պետք է համոզվի, որ բոլորից գրագետ լինելն ու բոլորից ճիշտ սնվելը ոչ թե ամոթ է, այլ պարծանք: Ի դեպ, հիմա այդ առումով մշակութային փոփոխություն կա: Եթե նախկինում ինչ-որ մեկը դիետա էր անում, անկախ այն բանից մեծահասակ էր, թե միջին հասակի մարդ, ստիպված էր անընդհատ խաբել, ինձ էս ինչ բանը չի կարելի, որովհետև դեղ եմ խմում, վատ եմ զգում, դիմում էր տարբեր հնարքների, որովհետև հայերը սիրում են ճնշել՝ «վայ, ինչի հետևից ես ընկել», «էս մի օրով բան չի փոխվի»: Բացի այն, որ իրենք սխալ են, այլև իրենց սխալը պարտադրող են, մարդկանց սխալ սննդային սովորույթների դրդող են: Հիմա մշակույթը փոխվում է, մարդիկ սկսել են առողջ լանչ անել, տնից սնունդ տանել կամ էլ պատվիրել: Հիմա մենք ինչքան շուտ երեխային դա սովորեցնենք, այնքան շուտ նա կլինի գրագետ սպառող»,-ընդգծեց Panorama.am-ի զրուցակիցը:
Անհայտ բաղադրությամբ ու վնասակար չիփսերի փոխարեն ծնողը կարող է երեխայի հետ դպրոց ուղարկել խրխրթան. բայց առողջարար գազար, խնձոր, կարմիր, կանաչ բիբար: «Պետք է փոքր տարիքից հասկացնել, որ ամեն ուտելիք չէ, որ պետք է տանել բերանը»,-ասաց նա:
Փաթեթավորած ու խանութում վաճառվող բիսկվիթներ գնելու փոխարեն Պիպոյանը հորդորում ու խնդրում է ծնողներին չալարել, պատրաստել թարմ բիսկվիթներ հայկական բնաշխարհում առկա բանջարեղենով, մրգով:
«Ես կարդում եմ համաշխարհային գրականությունը, հասկանում, որ հայկական կենսաբազմազանությունը մեզ պարգևատրել է անսահման ռեսուրսներով՝ բոլորը խոսում են ընկույզից, փառք աստծո, ընկույզ ունենք, սև սալորաչիր ունենք, ֆունկցիոնալ սուպեր բոլոր սնունդներն ունենք: Ես որպես հայազգի մարդ, անկեղծ ասած, կարդում եմ, ոգևորովում եմ, ուրախանում, հիանում ու հիսաթափվում: Ո՞նց կարելի է ունենալ նման կենսաբազմազանություն, նման հակաօքսիդանտներ ու ալարել տանը բիսքվիթ պատրաստել, որը համ առողջարար է, համ մատչելի»,-նշեց նա:
Լալա Տեր-Ղազարյան,
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները
Դպրոցներում կիրականացվի դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում
Հայաստանի բնակչության սնուցման վիճակը. հետազոտություն
Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի
Հղիների թերսնման հետեւանքով երեխաները թերաճ են լինում
Ովքե՞ր պետք է կանխարգելեն սննդային թունավորումներն ու հետևություններ անեն
Մանկաբույժ. «Երեխաներին ճիշտ սնելն այնքան էլ գումարի խնդիր չէ»
Ինչպես պայքարել սովի դեմ. նոր օրակարգ / տեսահոլովակ
«Երեխաներիս առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր ինձ համար խնդիր է»…
Ամեն օր մարդիկ սնունդ են թափում ու ամեն օր մարդիկ սոված են քնում
Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն
Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է
«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»
Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ
Դիտումների քանակը` 6385