«Միայն խոշորացման գործընթացը չէ կանանց ներկայացվածության նվազեցման պատճառ հանդիսանում»…
Տարբեր ընտրությունների շարանը, որը սկիզբ առավ անցյալ տարի աշնանը ՏԻՄ ընտրություններով, մոտենում է իր ավարտին: Այս տարվա վերջին ընտրությունները կկայանան նոյեմբերին , երբ 34 փնջերում կմիավորվեն թվով 325 համայնքներ :
Անցյալ տարվա ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ կանանց տոկոսային ներկայացվածությունը խոշորացված համայնքների ավագանիներում 2-3 անգամ ավելի ցածր է, քան եղել էր մինչև խոշորացումը: Սա չոր վիճակագրություն է, որը վկայում է այն մասին, որ մինչ օրս տեղի ունեցած խոշորացման գործընթացը բացասաբար է ազդել տեղական մակարդակում կանանց քաղաքական առաջխաղացման վրա: Սակայն մեր զրուցակիցը՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, համամիտ չէ այն կարծիքի հետ, որ համայնքների խոշորացումը միանշանակ նվազեցնելու է կանանց ներկայացվածությունը ՏԻՄ-երում:
«Խոշորացված 18 համայնքներում գործընթացը գուցե ինչ-որ առումով բացասաբար է անդրադարձել կանանց վրա, բայց ես ցանկանում եմ շեշտել՝ ոչ թե խոշորացումն է բացասաբար ազդել, այլ մեր սիրելի, հարգելի կանայք, որոնք իրենց բնակավայրում համարում էին իրենց առաջնորդ ու մասնակցում էին քաղաքական մրցակցությանը, խոշորացվածի պարագայում, չգիտես ինչու, խուսափում են այդ քայլին գնալ: Այսինքն, այս համայնքներում կանայք նույնիսկ չեն էլ առաջադրվել ինչ-ինչ նկատառումներից կամ վախերից դրդված, իսկ եթե չեն առաջադրվել՝ ինչպե՞ս կընտրվեին»,- նշեց Աշոտ Գիլոյանը:
Մեր դիտարկմանը, որ անգամ սեփական համայնքում կանայք դժվարությամբ էին հաղթահարում տղամարդկանց հետ մրցակցությունը, իսկ խոշորացման պայմաններում, բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման խնդիրն ավելի է բարդանում, նախարարության ներկայացուցիչը որպես օրինակ բերեց Տեղ համայնքը, որակելով այն կարծրատիպերով լի համայնք: Բայց, ասաց Գիլոյանը, չնայած դրան, Տեղում երեք կին ավագանու անդամ կա.
«Նոյեմբերի 5-ին խոշորացված համայնքներում ընտրություններ են սպասվում, սպասենք և կտեսնենք՝ քանի կին է առաջադրվելու և քանիսն է ընտրվելու: Գուցե իրենց համայնքի ներսում իրենք իրենց առաջնորդի հատկանիշներն ավելի շատ էին տեսնում ու ավելի շատ էին վստահում իրենց ուժերին, քան խոշորացված համայնքներում, բայց իրականում մենք այդ խնդիրն ունենք՝ կանայք քիչ են առաջադրվում: Այնպես որ միայն խոշորացման գործընթացը չէ մեղավոր կանանց ներկայացվածության նվազման հարցում »:
Ի դեպ, Աշոտ Գիլոյանը մի քանի տարի առաջ, երբ պետությունը նոր-նոր էր նախաձեռնել խոշորացման գործընթացը, իր հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ խոշորացումը ավելի լայն հնարավորություններ կընձեռի կանանց՝ ՏԻՄ-րում նրանց ներկայացվածության ցուցանիշն ավելացնելով: « Ավագանու մրցակցային հնարավորություններն են աճելու և ամեն բնակավայր աշխատելու է իր համայնքի ավելի խելացի, կայացած ներկայացուցչին «գործուղել» խոշոր համայնքում որպես ավագանու անդամ», – մասնավորապես, ասել էր նա: Սակայն այսօր, փաստացի, ունենք հակառակ պատկերը. օրինակ, Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ համայնքի 10-ից ավելի տարի ղեկավար Աղունիկ Հազրյանը, ընտրություններում պարտություն կրելուց հետո, այսօր աշխատում է 20 կմ հեռու գտնվող Արփի համայնքում աշխատակազմի քարտուղարի պաշտոնում, այսինքն՝ իր երկարամյա փորձը իր հարազատ համայնքում չի ներդնում: Կան այլ օրինակներ ևս, երբ կանայք պարզապես դուրս են մնացել համակարգից՝ իրենց փորձով ու անցած ճանապարհով հանդերձ:
Գիլոյանը ՝ ի պատասխան մեր դիտարկմանը, նշեց, որ այսօր էլ պատրաստ է կրկնել նախկինում ասածը, պարզապես կա մի կարևոր բայց.
«Այն ժամանակ մենք ասում էինք, որ համայնքների խոշորացումը բերելու է ընտրական համակարգի փոփոխության, բայց այսօր դեռ ընտրություններն իրականացվում են առանց փոփոխության, այսինքն ոչ համամասնական ընտրակարգով: Երբ մենք գնանք այդ քայլին և Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններով ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացվեն և նաև քաղաքացիական նախաձեռնություններով, ինչը ենթադրում է, որ համայնքի բնակիչները ինչ-որ թեկնածուով հանդես կգան ու ընտրության կգնան դրանով, ապա իրավիճակը, ես հավատացած եմ, կփոխվի»,- արձագանքեց նա՝ պարզաբանելով, որ նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները անցկացվելու են դեռ նախկինում գործող ընտրակարգով: Մինչդեռ համամասնական ընտրակարգը ենթադրում կանանց մասնակցության հստակ դրույթներ եւ աջակցող մեխանիզմներ: Հիշեցնենք , որ համամասնական ընտրակարգով անցնող բոլոր ընտրություններում գործող Ընտրական օրենսգիրքում քվոտա է ամրագրված, ըստ որի կուսակցությունների նախընտրական ցուցակներում թեկնածուների սեռային համամասնությունը պետք է լինի 25/75:
Մեր վերջին հարցը՝ բավարարու՞մ է արդյոք Աշոտ Գիլոյանին, ով կանգնած էր ոչ միայն խոշորացման գործընթացի ներդրման ակունքներում, այլև ՏԻՄ-երում կանանց թվի ավելացման ջատագովներից մեկն է համարվում, կանանց թիվը տեղական ինքնակառավարման մարմիններում.
«Վերջին ընտրությունների արդյունքներով կանանց ներկայացվածությունը ՏԻՄ-երում՝ ավագանիներում, տոկոսային առումով ավելացել է: Դուք պնդում եք, որ խոշորացված համայնքներում կանանց թիվը քիչ է, գուցե այդպես է, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք որևէ վարչական լծակ կիրառել կամ ընտրական համակարգին միջամտել. դա անհնար է»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ համաձայն ՀՀ Ազգային ժողովի ընդունված օրենքի՝ շուրջ 325 համայնք խոշորացման արդյունքում դառնալու են 34 համայնք և նոյեմբերի 5-ին այդ համայնքներում տեղի կունենան ընտրություններ: Այսպիսով, խոշորացված համայնքների թիվը Հայաստանում շուտով կդառնա 52:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա
Կանայք խոշորացված համայնքների ընտրություններում/ տեսանյութ
Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ
Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է
Դիտումների քանակը` 3791