Քաղաքապետարանը հավաստիացնում է. մանկապարտեզ ընդունվելու հետ խնդիրներ չկան

Երևանի մանկապարտեզներում երեխաների հերթագրումը դադարեցված չէ, հերթագրման գործընթացը կրում է շարունակական բնույթ և յուրաքանչյուր ծնող, որ ցանկանում է հերթագրել իր երեխային, կարող է դա անել՝ սկսած երեխայի 2 տարեկանից: Եվ այն մանկապարտեզները, որոնք ընդունում են 2 տարեկան երեխաների, իրենց կհերթագրեն, ոչ մի խնդիր չկա: Այս մասին WomenNet-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը՝ մեկնաբանելով վերջին օրերի քննարկման առարկա դարձած հիմնական հարցը՝ արդյոք այլևս Երևանի մանկապարտեզները երկու տարեկան երեխաների չեն ընդունելու:

 

«Հատուկ նշեմ, որ երկու տարեկան երեխաների ընդունում են այն մանկապարտեզները, որոնք իրականացնում են կրտսեր տարիքի առաջին խմբի ընդունելություն՝  2 տարեկանից մինչև 3 տարեկան: Իսկ այն  մանկապարտեզները, որոնք չունեն կրտսեր տարիքի առաջին խումբ, այդ հաստատությունները երեխաներին կհերթագրեն երեք տարեկանից»,- պարզաբանեց նա:

 

Աննա Ստեփանյանը հավաստիացրեց՝ նախկինում երեխային հերթագրած ծնողը, ում երեխան երկու տարեկան է, չպետք է վախենա, որ բալիկը դուրս կմնա մանկապարտեզից.

 

«Այն երեխաները, որոնք ծնվել են 2016 կամ նույնիսկ 2017 թվականին և արդեն հերթագրված են, նրանց հերթագրումները պահպանվում են էլեկտրոնային համակարգում, բազայում և հետագայում ընդունելությունը կշարունակվի դրանց հիման վրա: Եվ այն ծնողները, որոնք կդիմեն, նրանց երեխաները ևս կհերթագրվեն՝ ոչ մի վախենալու խնդիր չկա»:

 

Հարցին, թե արդյոք բոլոր համայնքներն ունեն բավարար թվով մանկապարտեզներ, որոնք ունեն կրտսեր խումբ, վարչության պետը հավաստիացրեց՝ ամենն արված է նրա համար, որ ոչ մի երեխա նախադպրոցական համակարգից դուրս չմնա: Նրա խոսքով, բոլոր համայնքներում գործում են առաջին խումբ ընդունող մանկապարտեզներ, ինչը նշանակում է, որ տրվելու է հնարավորություն նաև այդ տարիքի երեխաներին ընդգրկել մանկապարտեզ.

 

«Բնականաբար հերթեր կլինեն, բայց առաջնահերթությունը կտրվի հերթագրված երեխաներին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

 

Ինչ վերաբերում է հերթագրման դժվարություններն, մասնավորապես, այսօրվա մամուլում տեղ գտած  այն ահազանգին,  թե մանկապարտեզ երեխային ընդունելու համար ծնողից պահանջել են գույքահարկի զրոյական տեղեկանք, Աննա Ստեփանյանը նշեց, որ նման ահազանգ ինքը չի ստացել, որևէ ծնող նման հարցով իրեն չի դիմել, հետևաբար չի կարող մեկնաբանել՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է և արդյոք գործ ունենք մանկապարտեզի տնօրենի կամայական որոշման հետ: Սակայն մեկ բան հստակ է՝ նման պահանջ ներկայացնելն օրինական չէ, քանի որ երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում նման տեղեկանքի առկայությունը ամրագրված չէ.

 

«Նմանատիպ հրահանգ չկա: Գոյություն ունի Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատված երեխայի անձնական գործում ներառվող փաստաթղթերի ցանկ, բայց նման տեղեկանքի պահանջ դրանում առկա չէ: Քանի որ ես նմանատիպ բողոք ու դժգոհություն որևէ ծնողից չեմ ստացել, ուստի չեմ կարող նաև հարցում անել այդ հաստատությանը հասկանալու, թե ինչ խնդիր է առաջացել»,- հավելեց նա:

 

Հիշեցնենք, վերջին օրերին Հայաստանի սոցիալական ցանցերի տիրույթում ամենից շատ քննարկվող թեման` 2 տարեկան երեխաներին նախակրթական հաստատություններ չընդունելու մասին ահազանգերն են: Բազմաթիվ ծնողներ այս ընթացքում ահազանգել են թե՛ մամուլին, թե՛ բարձրաձայնել այս խնդիրը սոցիալական ցանցերում, այդպիսով այն դարձնելով քննարկման առարկա:  

 

Նախօրեին Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս անդրադարձել է այս խնդրին՝ նշելով.

 

«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մտահոգվելու խնդիր բացարձակ չկա: Մենք հստակ կանոնակարգել ենք աշխատանքները և, համապատասխան կարգի համաձայն, սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը կկատարվի երեխաների ընդունելություն, որի արդյունքում ավելի քան 9000 երեխա ևս կսկսի հաճախել մանկապարտեզներ:
Մեր նպատակն է հասնել նրան, որ այս խնդիրը վերջնական լուծում ստանա և հերթեր ու կուտակումներ այլևս չառաջանան:

 

Մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգը և համապատասխան կանոնակարգը շատ հարցերի լուծումներ են տալիս՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը: 

 

Դեպքեր ունենք, երբ մեկ ամսական երեխաների են հերթագրել, ինչն իսկապես անհասկանալի է: Կամ որոշ ծնողներ դժգոհում են, երբ իրենց դեռ 2 տարեկանը չլրացած երեխային չեն ընդունում մանկապարտեզ՝ չմտածելով, որ եթե տվյալ մանկապարտեզում այդ տարիքային խմբի երեխայի համար պայմաններ չկան, ապա ո՞վ է կրելու պատասխանատվությունը, եթե, Աստված չանի, այդ երեխայի հետ մի բան պատահի. ծնո՞ղը, մանկապարտե՞զը: Հետևաբար, մեր ծնողներին կհորդորեմ զգայական դաշտից զատ հարցին մոտենալ նաև այս տեսանկյունից: 

 

Մենք ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք նախադպրոցական կրթություն ապահովել մեր բոլոր երեխաների համար»,- հավաստիացրել է Երևանի քաղաքապետը:

 

Աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ակտիվացնել նոր կարգի հետ կապված հանրության շրջանում բացատրական աշխատանքները և մանկապարտեզներում  ամենամսյա ընդունելությունը կատարել բացառապես «Մանկապարտեզ» էլեկտրոնային հերթագրման համակարգի պահանջներին համապատասխան:

 

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան` համալսարան»

 

Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ

 

Անահիտ Բախշյանի հայտարարությունը  մանկապարտեզների հետ կապված անօրեն թնջուկի վերաբերյալ

 

Դիտումների քանակը` 3052

Գլխավոր էջ