«Այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան` համալսարան»

Սեպտեմբերի 1-ից   սոցիալական ցանցերն ու լրատվական միջոցները  ողողված են  ծնողների դժգոհություններով, ովքեր  վրդովված են  Երևանի քաղաքապետարանի  վերջին օրով՝ օգոստոսի 31-ին, նոր որոշմամբ,   ըստ որի   դժվարություններ են ստեղծվել  3 տարին չլրացած երեխաների մանկապարտեզ հաճախելու հարցում: 

 

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Երեխայի նախադպրոցական հաստատություն հաճախելու համար հերթագրումն իրականացվում է ծնողի դիմումի հիման վրա, երեխայի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո… ընդ որում՝ մինչև 3 տարեկան երեխաների հաշվառումը և ընդունելությունն իրականացվում է տվյալ մանկապարտեզում 2-ից մինչև 3 տարեկան տարիքային փուլի համար անհրաժեշտ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում», սակայն չի պարզաբանվում՝ որոնք են այդ համապատասխան հնարավորությունները:

 

Արդյունքում,  ծնողները  մանկապարտեզներում նախօրոք հերթագրվելուց և իրենց երեխաներին մանկապարտեզ տանելու հստակ օրը իմանալուց հետո, մանկապարտեզի տնօրինության կողմից տեղեկանում են, որ իրենց երեխան չի կարող մանկապարտեզ հաճախել: PanARMENIAN.Net –ի տեղեկացմամբ  դեպքեր կան ՝ երբ  ծնողները սեպտեմբերի 1-ին երեխաներին տարել են մանկապարտեզ, սակայն դռներից ներս չեն կարողացել անցնել. ասել են՝ հետ գնացեք, նոր հրաման ունենք… իբր  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  որոշմամբ միայն երեք տարին լրացած երեխան կարող է մանկապարտեզ հաճախել:

 

ArmLur.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկը հայտնեց, որ իր երեխան 3 տարեկան է դառնում սեպտեմբերի 13-ին, սակայն վերջին օրով է հայտնի դարձել, որ 3 տարեկանը լրանալուց հետո միայն կարող է հաճախել մանկապարտեզ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ մեկնաբանելով  դժգոհությունները, բացատրություն տվեց միայն մի դեպքի առնչությամբ: «Սեպտեմբերի 1-ից 13-ի ընթացքում երեխայի 3-րդ տարեկանը լրացած չի, ապա նա հեկտեմբերի 1-ից կգնա մանկապարտեզ: Ավելի ցցուն պատկերացնելու համար բերեմ դպրոցի օրինակը: Եթե երեխայի 6 տարեկանը լրանում է սեպտեմբերի, օրինակ, 13-ին, ապա այդ երեխան դպրոց պետք է գնա հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին, օրենքով հստակ ֆիքսված է: Երեխայի տարիքը պետք է գա, նոր գնա: Դպրոցում չես կարող յուրաքանչյուր ամիս երեխա ընդունել, որովհետև դասապրոցես ես անցնում, իսկ մանկապարտեզի դեպքում կարող ես կիրառել, որովհետև չկան առարկաների անցնել»,- ասաց Գևորգյանը: 

 

 

«Քաղաքապետարանն ուղղակի պարտավոր է ապահովել երեխաների նախակրթական կրթությունը»

 

Թեմային է անդրադաձել Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի` մանկապարտեզների հետ կապված փոփոխություններն ապօրինի են:   «Մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են ու տարիներ շարունակ սպասում, երբեմն այնքան երկար են սպասում, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց այսօր մեր մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել 3 տարեկանից:Քաղաքապետարանն ուղղակի պարտավոր է ապահովել երեխաների նախակրթական կրթությունը:  Չպետք է սեպտեմբերի սկզբին ինչ-որ բան փոխել ու ծնողներին փաստի առաջ կանգնեցնել», – ասաց նա:

 

«Եթե երեխային ուզում ենք սովորող դարձնել, պետք է շեշտը ոչ թե ավագ դպրոցի վրա դնել, այլ` նախակրթարանների»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան` համալսարան: «Մեր երկրում 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը բավարար արդյունք չէ։ Պատճառն այն է, որ տարիներ առաջ մանկապարտեզներ փակվեցին, շենքերը վաճառվեցին, իսկ հետո, երբ պետական ու անվճար դարձան դրանք, բոլորն ուզեցին, որ իրենց երեխան մանկապարտեզ հաճախի: Հիմա էլ հերթեր են գոյացել, քանի որ մանկապարտեզների թիվը շատ քիչ է»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ  եթե երեխային ուզում ենք սովորող դարձնել, պետք է շեշտը ոչ թե ավագ դպրոցի վրա դնել, այլ` նախակրթարանների:

 

Պետությանը ձեռնտու է երիտասարդ մայրերին աշխատանքով ապահովելը 

 

PanARMENIAN.Net –ը՝ անդրադառնալով թեմային  հիշեցնում է , որ  Սովետական միության տարիներին մսուր-մանկապարտեզները երեխաներին ընդունել են անգամ 10-11 ամսականից՝ «եթե քայլում է, ուրեմն կարող է գալ»: ԽՍՀՄ-ում ամեն ինչ անում էին՝ մայրերին, բոլոր քաղաքացիներին աշխատելու հնարավորություն տալու համար: Որովհետև պարզ հաշվարկ էր գործում՝ աշխատող կինն ավելի շատ օգուտ է տալիս պետությանը, քան նույն պետությունը ծախսում է մեկ երեխայի մանկապարտեզ հաճախելու վրա:  Իսկ ինչո՞ւ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում մեր քաղաքապետարանում, – գրում է կայքը՝ շատ պարզ հաշվարկ  ներկայացնելով:  Ըստ որի 130.000 հազար դրամ առձեռն (մաքուր) աշխատավարձ ստացող քաղաքացին վճարում է մոտ 20.000 դրամ ընդհանուր պահումներ (սոցվճար, եկամտահարկ): Բացի այդ, ևս 21.000 դրամ է կազմում գործատուի կողմից վճարվող սոցվճարը (այն տատանվում է 3.900-ից 25.000-ի սահմաններում): Ստացվում է, որ մոտ 130.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու աշխատանքի դիմաց պետբյուջե է մուտքագրվում ավելի քան 40.000 դրամի տարբեր տեսակի հարկեր: Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի ծախսը սահմանել է ամսական 18.000 դրամ: Բարձրագույն մաթեմատիկայի իմացությունն ամենևին էլ պարտադիր չէ՝ հասկանալու, որ պետությանը շատ ավելի ձեռնտու է երիտասարդ մայրերին աշխատանքով ապահովելը կամ առնվազն աշխատելու հնարավորություն ընձեռելը, քան նմանատիպ քայլերով նրանց ևս մի քանի ամիս (տարի) պարապուրդի մատնելը: Եվս մեկ փաստ. երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերն անաշխատունակության նպաստ ստանում են ընդամենը 2 տարի՝ այն էլ ընդամենը 18.000 դրամի չափով:

 

 

WomenNet.am –ը հետեւողական է լինելու մանկապարտեզների թեման լուսաբանելու հարցում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ

 

Անահիտ Բախշյանի հայտարարությունը  մանկապարտեզների հետ կապված անօրեն թնջուկի վերաբերյալ

 

Դիտումների քանակը` 3419

Գլխավոր էջ