Կանայք մեղադրում են Google-ին սեքսիզմի համար
Սեքսիզմի դրսևորում հանրահայտ Google ընկերությունում: Այդ մասին են վկայում ընկերության աշխատակից վեց տասնյակ կանայք, ովքեր մտադիր են դատական հայց ներկայացնել: Կանայք պնդում են, որ իրենց տղամարդ աշխատակիցներից ցածր են վճարել, ինչը գենդերային անհավասարության ցայտուն օրինակ է:
Նրանք ընկերության ղեկավարներից Ջեյմս Դամուրին մեղադրում են հուշագրի համար, որը նպաստում է վարքագծի կանոնների խախտմանն ու գենդերային վտանգավոր կարծրատիպերի ձևավորմանը: Հուշագրով առաջարկվում է «նվազեցնել կանանց թիվը տեխնոլոգիաների ոլորտում ավելի քիչ սրթեսային միջավայր ստեղծելու համար»:
Հուշագիրը մշակած համակարգչային ինժինիեր Ջեյմս Դամուրը նշել է, որ կանանց ու տղամարդկանց նախասիրություններն ու ունակությունները տարբեր են ու դրանք պայմանավորված են կենսաբանական տարբերություններով: «Հենց այդ տարբերությունները բացատրում են, թե ինչու մենք չենք տեսնում ղեկավարության ու տեխնոլոգիական կառավարման կազմում կանանց հավասար ներկայացվածություն»,-ասել է նա: Նրա պնդմամբ, տեխնոլոգիական ոլորտում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու վերաբերյալ խտրականությունն նույնչափ կողմնակալ ու ապակողմնորոշող է, որքան օրինակ կանանց ներկայացվածությամբ պայմանավորված մահվան դեպքերը անտունների շրջանում: Հուշագրում նա մասնավորապես նշում է, որ կանայք միջինում առավել հակված են սթրեսի, ինչը կխանգարի նրանց աշխատել ղեկավար պաշտոնում: Նա նաև նշում է, որ կանայք ավելի կոպերատվի կողմանկից են, ինչպես նաև առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերում են մարդկանց, ոչ թե երևույթների ու իրերի նկատմամբ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հուշագրի հեղինակն ազատվել է աշխատանքից: Նա խոստացել է դիմել իրավական միջոցների, միաժամանակ հայտարարելով, որ ինքը երբեք չի պնդել, թե կանայք «պակաս ընդունակ» ադմինստրատորներ են:
The Guardian պարբերականի փոխանցմամբ, փաստաբան Ջեյմս Ֆիմբերգն այս պահին զբաղված է ընկերւոթյան աշխատակից կանանց հայցի նախապատրաստման աշխատանքներով: «Կանայք անհանգստացած են, քանի որ վարձատրվում են ավելի ցածր, քան նույն փորձով ու կրթությամբ տղամարդիկ»,-ասել է փաստաբանը: Նա պատմել է, որ իրեն դիմած կանայք հավատացրել են՝ եղել են դեպքեր, երբ ավելի ցածր պաշտոն զբաղեցնող տղամարդիկ ավելի բարձր աշխատավարձ են ստացել:
Ընկերության քաղաքականությունից դժգոհ կանայք նաև թվեր են հրապարակել, տարեկան իրենք 40 հազար դոլարով ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան նույն պաշտոնը զբաղեցնող տղամարդ գործընկերները: Նրանցից մեկն էլ հայտարարել է՝ 12 դեպք գիտի, երբ գենդերային խտրականության պատճառով կանանց աշխատանքից հեռացրել են: Ընկերության ներկայացուցիչները չեն ընդունում իրենց ուղղված մեղադրանքները: Նրանք նշել են, որ աշխատավարձը հաշվում է մի շարք չափորոշիչներով, բայց դրանց թվում երբեք չի մտնում գենդերայայինը: «60 մարդն իրականում շատ քիչ է: Միշտ էլ լինում են աշխատավարձի տարբերություններ՝ պայմանավորված ընկերության գրասենյակի տեղակայման վայից, դերից, աշխատակիցի ձեռքբերումներից, սակայն ոչ երբեք սեռից»,-ասել են ընկերությունից:
Ուշագրավ է, որ սա պատահում է մի ընկերությունում, որտեղ կին աշխատակիցների համար լայն հնարավորություններ են նախատեսված: Մի քանի տարի առաջ, երբ մեծ թվով կին աշխատակիցներ լքեցին ընկերությունը, մենեջերներն անհագստացած էին: Պատճառներն ուսումնասիրելուց հետո հասկացան, որ կանայք հեռանում են երեխա ունենալու հետո, քանի որ նրանց խնամքի համար ընկերությունը քիչ արձակորդ է նախատեսում: Դրանից հետո երկարացրեցին արձակուրդը, աշխատավարձը սկսկեցին վճարել ամբողջությամբ, մի խոսքով անել հնարավորինը՝ կին մասնագետներին ընկերությունում պահելու համար: Ի դեպ, ընկերության փոխնախագահներից առնվազն երեք-չորսը կանայք են:
Նշենք, որ սկանդալային հուշագրի հետ կապված հրապարակմանը հետևեցին մի քանի այլ բնույթի հրապարակումներ: Օրինակ, Google ընկերությունում աշխատող կանանցից Լաուրենը պատմել է պարբերականներից մեկին, որ հուշագիրը որևէ կերպ չի արտահայտում այն վիճակը, որն առկա է ընկերության ներսում: «Ես զգում եմ, որ այստեղ մեծ հնարավորություններ ունեմ և վայելում եմ ղեկավարների աջակցությունը», – ասել է նա, անհիմն պնդում որակելով հուշագրում առաջ քաշած տեսակետները: Թե ինչքանով են արդարացի կանանց բողոքներն ու դժգոհությունները, ցույց կտան առաջիկա իրավական զարգացումներն ու դատարանի որոշումները:
Google ընկերությունում ծագած սկանդալի համատեքստում մեկ այլ պարբերական հիշեցնում է, որ 51.418 առաջնորդների շրջանում արված վերջին միջազգային ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ կանայք ավելի արդյունավետ լիդերներ են, քան տղամարդիկ: Դրա հետ մեկտեղ The Guardian –ի ավելի վաղ հրապարակումներից մեկը փաստում է , որ կանանց ավելի լավ ծրագրավորող են ճանաչվում միայն այն ժամանակ, եթե նրանք թաքցնում են իրենց սեռը: Այսինքն, ոլորտում կանանց նկատմամբ կողմնակալությունը այնումենայնիվ առկա է: Այստեղ տեղին է հիշել կարգախոսը, որը հաճախ օգտագործում է հենց Google ընկերությունը. «Տեխնոլոգիաները փոխում են աշխարհը, կանայք փոխում են տեխնոլոգիաները»:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3701