«Երբ չի գործում օրենքը, մարդիկ դիմում են ինքնադատաստանի»
Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականն իսկապես բռնություններ է կատարել կնոջ նկատմամբ, գրում է «Առավոտ» -ը՝ հղում կատարելով«Իրավունքի ուժ» հ/կ համահիմնադիր Արման Ղարիբյանի տեղեկություններին: Մարզպետի խորհրդականին ճանաչողները հ/կ-ի համահիմնադրին պատմել են, որ ամուսինը կնոջն օր ու արև չէր տալիս:
«Առավոտ» -ի հարցին, թե խտրական վերաբերմունք չէ՞, երբ բռնություն կատարած տղամարդուն դատապարտում են, իսկ կնոջն արդարացնում՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում կինն էլ ամուսնու նկատմամբ է բռնություն կատարել՝ քնած ժամանակ կացնահարելով նրան, Արման Ղարիբյանը պատասխանեց.
«Խտրականության մասին կարող էր խոսք գնալ, երբ երկու հավասար սուբյեկտներ հավասար պայմաններում նույն արարքն են արել և արժանացել են տարբերակված վերաբերմունքի: Այնինչ, մենք չունենք հավասար սուբյեկտներ, քանի որ կանայք Հայաստանում շատ ավելի խոցելի են, քան` տղամարդիկ: Բացի այդ, եթե կինը լիներ բռնարար, տարիներ շարունակ ծեծեր ամուսնուն և մի օր էլ հերթական ծեծի ժամանակ սպաներ, ապա եթե նրան արդարացնող լիներ,այդ դեպքում կարող էինք ասել, որ սա խտրականություն է: Այնինչ, ըստ գործի նյութերի, կինը ստիպված է եղել այդ քայլի գնալ: Եվ պետք չէ նրան համեմատել որևէ բռնարար տղամարդու հետ, ով պարբերաբար ֆիզիկական բռնություն է կիրառում իր ընտանիքի անդամների նկատմամբ Կարծում եմ այս դեպքը առիթ կդառնա, որ թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունները գիտակցեն, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումն ուշացել է: Մենք վաղուց կարիք ունեինք այդ օրենքի: Թեև ես միշտ ասում եմ, որ միայն օրենքը բավարար չէ: Պետք է վերապատրաստվեն ոստիկանության, քննչական մարմնի, դատախազության և դատական համակարգի ներկայացուցիչները, պետք է լինի քաղաքական կամք՝ կանանց բռնությունից պաշտպանելու համար, և պետք է քայլեր ձեռնարկվեն հասարակությունում առկա կարծրատիպերը փոխելու ուղղությամբ: Քանի դեռ այս պայմաններն ապահովված չեն, հնարավոր է, որ այսպիսի դեպքերը կրկնվեն»:
Արման Ղարիբյանի համոզմամբ, բռնության ենթարկված կնոջ կողմից ամուսնու սպանության գործի քննարկման ընթացքում մի կարևոր հանգամանք դուրս է մնացել ուշադրությունից. «Կինը դիմել է ինքնադատաստանի, քանի որ պետությունը նրան չի պաշտպանել: Ընտանեկան բռնության քննվող գործերն ապացուցում են, որ պետությունը չի կատարում իր դրական պարտականությունը և չի պաշտպանում կանանց բռնությունից: Այնպես որ, տեղի ունեցածը ինչ-որ իմաստով նաև բնական է: Երբ չի գործում օրենքը, մարդիկ դիմում են ինքնադատաստանի»:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տնից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել: 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:
Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից : 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել, ապա՝ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղին մոտակա ձորերում: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մանուկ Սիմոնյանի կինը և որդին ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:
Սարսափելի այս դեպքն արդեն մեկ շաբաթից ավել է շարունակում է մնալ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Ընտանեկան հարաբերությունների մի դրվագ էլ ներկայացնում է «Հրապարակ» ը ՝ Արմավիրի բնակիչներից մեկի պատմածով… Նրա խոսքով, հանգուցյալը պարբերաբար բռնության է ենթարկել իր զոքանչին, դաժանաբար ծեծել է նրան եւ կնոջը։ Ասում են՝ նա ամեն Աստծո օր ծեծել է կնոջը, նույնիսկ եռացրած ջուր լցրել գլխին՝ որդու աչքի առաջ։ «Ընտանեկան բռնության հանդեպ հանրությունն անտարբեր է», – գրում է թերթը՝ նկատելով, որ շրջապատը, աշխատանքային կոլեկտիվը, որպես կանոն, չեն խառնվում ամուսին-կին հարաբերություններին, իսկ կնոջ նկատմամբ բռնությունը գրեթե բնական է համարվում, հատկապես՝ փոքր համայնքներում։ Ավանդույթը պահանջում է, որ կինն անմռունչ դիմանա ամուսնու հալածանքներին, հատկապես, եթե ամուսինը հայտնի պաշտոնյա է, եւ անգամ ամուսնալուծությունն ընդունելի չէ։
Թերթը նաև հիշեցնում է, որ Սարդարապատի սպանությունը երրորդ աղմկահարույց դեպքն է վերջին շրջանում։ Մայիսի վերջին Վանաձորում սպանվեց քրեական հեղինակություն, նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի՝ Ճաճոյի Էդոյի որդի Տիգրան Մարտիրոսյանը։ Նրա կինը՝ Լիանան, որը մշտապես ծեծուջարդի էր ենթարկվում, կրակել էր ամուսնու վրա «Մակարով» տեսակի ատրճանակով։ «Ջունգլ» մականունով եւ քրեական վարքագծով հայտնի Գեւորգ Սարգսյանն օրը ցերեկով քաղաքի կենտրոնում դաժան ծեծի էր ենթարկել սեփական կնոջը։ Դրան ականատես էր եղել եւ մեծ աղմուկ էր բարձրացրել ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը։ Հետագայում կինը հաշտվել էր Ջունգլի հետ։
«Ըստ Քննչական կոմիտեի ուսումնասիրության, 2017 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ է քննվել, որոնց մեծ մասը՝ 127-ը, վերաբերում է ամուսնու կողմից կիրառված ծեծին», – տեղեկացնում է «Հրապարակ»-ը։
Դիտումների քանակը` 3419