Տղա-աղջիկ նորածինների հարաբերակցությունը կայունացել է, սակայն երևույթը դեռ մտահոգիչ է
Թեև տղա-աղջիկ նորածինների հարաբերակցությունը վերջին տարիների ընթացքում կայունացել է, այդուհանդերձ երևույթը շարունակում է մնալ մտահոգիչ: Այս մասին Արմենպրեսի լրատվական գործակալության մամուլի ասուլիսի ընթացքում ասացին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները՝ ամփոփելով «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում 2015-2017թվականններին իրականացրած աշխատանքները: Թեմային է անդրադառնում Panorama.am –ը:
Կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը ներկայացնելով արդյունքները՝ հիշեցրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2011 թ. հետազոտությունը, որի արդյունքում պարզվել էր՝ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը, այսինքն՝ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Գյուղական համայնքներում ցուցանիշն անհամեմատ ավելի բարձր էր՝ 124 տղա՝ 100 աղջիկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ նշեց, որ 2017 թվականին հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ արդեն նկատելի էր որոշակի դրական փոփոխություն. «Եթե 5 տարի առաջ ծնվում էր 115 տղա՝ 100 աղջկա դիմաց, ապա հիմա այս հարաբերակցությունը փոխվել է. 100 աղջիկ՝ 112 տղայի դիմաց, ինչը նշանակում է, որ շեղումը կրճատվել է»:
Անդրադառնալով պտղի սեռի ընտրության պատճառների վերլուծությանը՝ նա նշեց, որ եթե 2011 թվականին հետազոտության մասնակից կանայք նշում էին՝ հասարակության 60%-ը նախապատվությունը տալիս է տղաներին, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 36.7%:
«Հարցին՝ արդյոք ընտանիքում նախընտրում են տղա ունենալ, եթե 2011-ին դրական էր պատասխանում կանանց 45,3%-ը, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 12.9%»,- նշեց Վահան Ասատրյանը:
Հետազոտությունը նաև փաստում է, որ սեռի խտրական ընտրության վրա հիմնական ազդող գործոններից մեկը սոցիալական միջավայրում առկա գենդերային կարծրատիպերը:
«Ինչպես տվյալներն են ցույց տալիս, հատկապես գյուղական վայրերում՝ սկսած առաջին երեխայից, նախապատվությունը տալիս են տղային: Իհարկե Հայաստանում տղա երեխայի նախապատվությունը պայմանավորված է ոչ թե աղջիկ չունենալու, այլ գոնե մեկ տղա ունենալու մղումով: Եթե ընտանիքում նախատեսում են 1-2 երեխա ունենալ, իսկ առաջին երեխան աղջիկ է, երկրորդն էլ է աղջիկ, շատ դեպքերում տղային նախապատվություն տվող ընտանիքները մտածում են պտղից ազատվելու մասին»,- ասաց Վահան Ասատրյանը:
Հետազոտության շրջանակներում կարևորվել է նաև ապագա երեխայի սեռի նախապատվության հարցը: Հարցված կանանց 64 տոկսոսը նշել է, որ տղայի նախապատվությունը պայմանավորված է նրանով, որ տղան տոհմի շարունակողն է, հարցվածների 1/3-ը նշել է՝ ունեցվածքի ժառանգը, 17 տոկոսը՝ հայրենիքի պաշտպանն է:
Նշենք, որ հարցմանը պատահական ընտրանքով մասնակցել է 15-45 տարեկան 1920 երբևէ հղիացած կին: Հարցումն անցկացվել է հանրապետության 34 քաղաքում:
Ի պատասխան ի՞նչ անել խնդիրը մեղմելու համար հարցադրմանը , մասնագետները նշեցին, որ այս հարցում ավելի շատ սոցիալական լուծումներ են անհրաժեշտ, փոփոխություններ` հասարակության մտածելակերպում, ծնելիության մակարդակի բարձրացում, կնոջ ու տղամարդու դերերի հավասարություն, աղջիկ երեխայի արժևորում և այլն:
Աղբյուրները՝ Panorama.am
Դիտումների քանակը` 3654