Ի՞նչ է նախատեսում պետությունը երիտասարդ մայրերին աջակցելու ուղղությամբ

2018 թվականից պետական բյուջեով զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին հատկացված ֆինանսական միջոցներով կիրականացվեն մի շարք ծրագրեր, որոնց թիրախում են երիտասարդ մայրերը: Մանրամասները WomenNet.am-ի հետ զրույցում ներկայացնում է   ՀՀ Զբաղվածության պետական ծառայության պետ Արտակ Մանգասարյանը:

 

Նրա խոսքով, հաշվի առնելով ուսումնասիրված միջազգային փորձը և ելնելով Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցների փոփոխություններից, ինչպես նաև կարևորելով արդեն իսկ երեխաներ ունեցող երիտասարդ կանանց մասնագիտական ուսուցում ստանալու կարևորությունը, որպես առաջին քայլ 2018-2020թթ. ՀՀ պետական միջնաժամկետ ծրագրով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցություն՝ մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման, բարձրագույն մասնագիտական կրթությանը նախապատրաստման աջակցության տրամադրման, երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար փոխհատուցման տրամադրման համար:

 

Մանգասարյանը ներկայացրեց այդ հիմնական երեք ծրագրերը. 

  1. «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար փոխհատուցման տրամադրման» ծրագիր
  2. «Երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանանց բարձրագույն մասնագիտական կրթությանը նախապատրաստման աջակցության տրամադրման» ծրագիր
  3. «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագիր:

 

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց  վերաբերող  ծրագրով հնարավորություն է տրվում տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնալ աշխատանքի և կազմակերպել երեխայի խնամքը դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով: Ծրագրով առաջարկվում է ամսական պարբերականությամբ շահառուին յուրաքանչյուր երեխայի համար վճարել գումար.

«Մինչև 1 տարեկան երեխայի խնամքի դեպքում վարձի մինչև 70 տոկոսի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափով, իսկ մեկից երկու տարեկան երեխայի խնամքի համար՝ վարձավճարի 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափով», -ներկայացրեց Արտակ Մարգասարյանը:

 

ՀՀ ՄԺԾ 2018-2020թթ ծրագրով նախատեսվում է՝

2018թ-ին՝  200 շահառուի համար 121,000,0 հազար դրամ,

2019թ-ին՝  300 շահառուի համար 181,500,0 հազար դրամ,

2020թ-ին՝  500 շահառուի համար 302,500,0  հազար դրամ:

 

«Երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանանց  վերաբերող ծրագրով նախատեսվում է մինչև 24 տարեկան գործազուրկ կանանց, որոնք ունեն առնվազն երկու երեխա, միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն և չեն սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ընձեռել հնարավորություն ընդգրկվելու ՀՀ ԿԳՆ կողմից սահմանված կարգով լիցենզավորված և հավատարմագրված բուհերի կողմից իրականացվող երկարաժամկետ (ութամսյա) կամ արագացված (երկամսյա) դասընթացներում՝ երեք առարկա մեկ շահառուի համար սկզբունքով: Նախատեսվում է նաև նախապատրաստական դասընթացում ընդգրկված անձանց վճարել կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Արտակ Մանգասարյանի խոսքով, ծրագրի իրականացման համար կպահանջվի 59,1 մլն դրամ, մեկ անձի հաշվով պահանջվող գումարը կկազմի 591,00 դրամ:

ՀՀ ՄԺԾ 2018-2020թթ. Ծրագրով նախատեսվում է՝

2018թ.՝  50 շահառուի համար 29,550,0 հազար դրամ,

2019թ.՝  60 շահառուի համար 35,460,0 հազար դրամ,

2020թ.՝  70 շահառուի համար 41,370,0 հազար դրամ:

 

Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերին վերաբերող  ծրագրով նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման հնարավորությունների  ընձեռնման նպատակով գործատուի մոտ  կազմակերպել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ուսուցանվող անձին ուսուցման ամբողջ ընթացքում կվճարվի կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի չափով:

ՀՀ ՄԺԾ 2018-2020թթ. Ծրագրով նախատեսվում է՝

2018թ.՝ 100 շահառուի համար 73,742,4  հազար դրամ,

2019թ.՝ 105 շահառուի համար 77,429,5  հազար դրամ,

2020թ.՝ 110 շահառուի համար 81,116,6 հազար դրամ:

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 3815

Գլխավոր էջ