Կանանց իրավունքներն ու հնարավորությունները ՀՀ Սահմանադրությունում
Այսօր երկրի հիմնական օրենքի՝ ՀՀ Սահմանադրության օրն է : Այն սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքներն, արժեքներն ու գաղափարները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
Ի՞նչ սկզբունքներ ու լուծումներ է ամրագրում կանանց իրավունքների եւ հնարավորությունների ապահովման հարցում ՀՀ Սահմանադրությունը: Նշենք, որ 2015-ի դեկտեմբերին ուժի մեջ մտած բարեփոխված Սահմանադրությունում կանանց իրավունքներին վերաբերող նոր հոդվածներ են ավելացել, որոնք ներառված են երկրորդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում.
Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
Բոլորը հավասար են օրենքի առջև:
Հոդված 29. Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:
Ուշագրավ էնաև 86-րդ հոդվածում զետեղված նպատակներից մեկը.
Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները
Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`
…
4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.
Փորձագետների գնահատմամբ` Սահմանադրության փոփոխությունների հիմքում ընկած է ոչ միայն կանանց և տղամարդկանց իրավահավասարության ամրագրման, այլև հավասար իրավունքների իրականացման մեխանիզմների ստեղծման գաղափարը, ինչը հավասար հնարավորությունների ապահովման խնդիրն է առաջ բերում: Այսպես, եթե 30-րդ հոդվածով ամրագրվում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը, ապա հնարավորությունների հավասարության անհրաժեշտությունը ի հայտ է գալիս 86-րդ հոդվածով, երբ պետության քաղաքականության որպես հիմնական նպատակ է հայտարարվում «կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը»: Այս առումով կարևորվում է Սահմանսդրության մեջ ամրագրված այն դրույթը, ըստ որի կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի Ազգային ժողովին հաշվետվություն ներկայացնել և անդրադառնալ այն մեխանիզմներին, որոնք ստեղծել է հիմնարար իրավունքների դե ֆակտո ապահովման համար:
Ի դեպ, այս համատեքստում ակնհայտ է դառնում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասարհնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի կարևորությունը, որը ընդունվել էր դեռևս 2013-ին , սակայն մինչ օրս իրավակիրառ պրակտիկայում որևէ կերպ չի հիշատակվել և չի օգտագործվել: Օրենքի կիրարկման միջոցառումները սահմանափակվել են «Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ծրագրերի մշտադիտարկման և տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» 2013-ի ՀՀ Վարչապետի որոշմամբ: Նշենք նաև , որ 2015-ին ավարտված Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի փոխարեն նոր ծրագիր դեռևս ընդունված չէ: Դրա հետ մեկտեղ Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը սոցիալ-տնտեսական բոլոր ծրագրերի գենդերային ուղղորդմանը վերաբերող դրույթ է պարունակում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
Ընտանիքն ու աշխատանքը. համատեղելու հնարավորություններ
Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը
Ի՞նչ կորուստներ է կրում Հայաստանը գենդերային անհավասարության պատճառով
Դիտումների քանակը` 4218