Ինչ է նախատեսում Կառավարության ծրագիրը կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ
Ինչպես հայտնի է , հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը, որը վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացմամբ ՝ «կյանքի որակ փոխող ծրագիր» է: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են քվեարկել ծրագրին: ՀՀԿ-ն ու Դաշնակցությունն ընդգծել են, որ ծրագիրը կառուցողական է և տալիս է բոլոր հարցերի պատասխանները, որոնք մեր երկիրը առաջ կտանեն: Հատուկ շեշտադրել են, որ կառավարության ծրագիրը հիմնված է ՀՀԿ և ՀՅԴ նախընտրական ծրագրերի, կոալիցիոն հուշագրի և հասարակության մեջ շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա:
WomenNet.am –ը փորձել է պարզել, ինչ է նախատեսում Կառավարության նոր ծրագիրը հասարակությունում շրջանարվող առաջադեմ գաղափարներից մեկի՝ կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, և արդյոք ծրագրում տեղ են գտել «Հավասար» քարոզարշավի շրջանակներում մշակված և խորհրդարանական ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերին ներկայացված «Կանանց օրակարգ»-ի հարցադրումները:
Նշենք, որ կանանց հիմնախնդիրներին առնչվող սակավաթիվ հիշատակումները զետեղվել են ծրագրի միայն մեկ ՝ «Աշխատանք եւ սոցիալական քաղաքականություն» գլխում, որտեղ տեղ է գտել նաև սոցիալ-տնտեսական բոլոր ծրագրերի գենդերային ուղղորդմանը վերաբերող կարևորագույն կետը, այն է.
…« մինչև 2022 թվականի ավարտը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ընդյալնման նպատակով ինտեգրել ՀՀ սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրերում սեռի հատկանիշով բաղադրիչը, ներդնել իրավիճակի գնահատման և մոնիթորինգի գործիքները»:
Սակայն անհասկանալի տրամաբանությամբ կանանց իրավունքներին և հնարավորությունների վերաբերող այս կետը ներառվել է որպես 10-րդ կետ «Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների հիմքում դնելով «յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանիքում» սկզբունքը՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է» թիվ 3 դրույթի ներքո, թեպետ ակնհայտ է , որ սոցիալ-տնտեսական ծրագրերի գենդերային ուղղորդումը շատ ավելի լայն խնդիր է, որն երեխաների պաշտպանության հիմնախնդիրների հետ անմիջական առնչություն չունի:
Այդ նույն թիվ 3 դրույթի ներքո նախատեսվում է նաև.
«2018-2021 թվականների ընթացքում սահմանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող համալիր ծառայությունների չափանիշները և ընդլայնել այդ ծառայությունների ցանցը»…
Դրա հետ մեկտեղ, սակայն, «ընտանեկան բռնության կանախարգելման մասին » օրենքի ընդունման մասին որևէ հիշատակում չկա, թեպետ այդ օրենքի նախագիծը արդեն իսկ մշակված է Կառավարության կողմից:
«Աշխատանք եվ սոցիալական քաղաքականություն» գլխի այլ կարևոր դրույթներում, որոնք վերաբերում են «արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար պայմանների ապահովմանը» կանանց զբաղվածության հետ կապված որևէ հիմնախնդիր չի հիշատակվում: Կանանց համար ընտանեկան և աշխատանաքային պարտականությունների համատեղման համար պայմանների ստեղծումը չի հիշատակվում նույնիսկ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման երկարաժամկետ ռազմավարության համատեքստում, թեպետ կառավարությունում այդ մոտեցումը արդեն իսկ դիտարկվում է որպես ծնելիության աճն ապահովելու նախապայմաններից մեկը:
Կանայք հիշատակվում են ծրագրի «Պաշտպանություն» գլխում, որում Ազգ-բանակ հայեցակարգի կյանքի կոչման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
… «մինչև 2020 թվականի ավարտն ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունը՝ զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ, և ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և մասնագիտական զարգացման բարենպաստ հնարավորություն»:
Այս կետն, ի դեպ, կանանց վերաբերող միակ անդրադարձն էր Կարեն Կարապետյանի գլխավորած կաբինետի 2016-ին ներկայացված նախորդ ծրագրում:
Ընդհանուր առմամբ , ՀՀ Կառավարության 2017-2022թ.թ. ծրագիրը չի կարելի գնահատել որպես գենդերային զգայուն, բացառությամբ մի քանի դրույթների: Եվ գուցե դրա պատճառն այն է, որ Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր վարչապետին կից « Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդը» չի հավաքվել , և համապատասխանաբար կարելի է ենթադրել, որ այդ ուղղությամբ պետական քաղաքականության հիմնախնդիրները պատշաճ ձևով չեն ներկայացվել ու չեն քննակվել : Նշենք նաև, որ «կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը» ամրագրված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով՝ պետության քաղաքականության հիմնական նպատակների թվում, հետևապես Կառավարությունը չի կարող անտեսել այս հարցը իր ծրագրերում:
Թ.Հ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին
Դեբատներ «Կանանց օրակարգ» -ի շուրջ
Ի՞նչ է ցույց տալիս նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը
«Հավասար» քարոզարշավը ներկայացնում է «Կանանց օրակարգը» խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Դիտումների քանակը` 3947