Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 26-ին մեկնարկած Վեհաժողովի ամառային նստաշրջանում ընտրվել է ԵԽԽՎ նախագահի տեղակալ: Նստաշրջանի առաջին օրը երկու փոխնախագահ են ընտրել՝ մեկը, ինչպես արդեն ասացինք Հայաստանից է, ԵԺԿ անդամ, մյուսը՝ Մոլդովայից, էլի ԵԺԿ անդամ:
WomenNet.am-ը Վեհաժողովի պաշտոնական էջից տեղեկանում է, որ վեհաժողովը 20 փոխնախագահ ունի: Նրանց թիվը տարեցտարի աճում է՝ պայմանավորված ԵԽԽՎ անդամ երկրների թվի ավելացմամբ: Այս պահին փոխնախագահներից 7-ը կանայք են:
Կանայք ընտրված են Նիդերլանդների, Նորվեգիայի, Էստոնիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Հայաստանի պատվիրակություններից: Մինչ այս Վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում Հայասանից կրկին կին էր ընտրվել՝ Հերմինե Նաղդալյանը, ով նախկինում ղեկավարում էր հայաստանյան պատվիրակությունը:
ԵԽԽՎ պաշտոնական էջը մանրամասնում է, 20 փոխնախագահներն ընտրվում են ամեն տարի՝ հերթական նստաշրջանի մեկնարկին և այդ պաշտոնում մնում են մինչև հաջորդ նստաշրջանի մեկնարկը: Այն փոխնախագահները, որոնց պատվիրակությունները փոփոխվել են, չեն մնում իրենց պաշտոնին, նոր ընտրություն է անցկացվում:
Ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություններ են եղել: Պատվիրակությունն ունի 8 անդամ (այդ թվում՝ չորսը փոխարինող անդամ են), որից երեքը կանայք են: Պատվիրակության ղեկավարը Արփինե Հովհաննիսյանն է, անդամները՝ Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Սամվել Ֆարմանյանը, փոխարինող անդամներ են Գևորգ Կոստանյանը, Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանը, Հերմինե Նաղդալյանը:
Մեծ ու փոքր պատվիրակություններ ունեցող երկրների միջև փոխնախագահների պաշտոններն արդարացի բաշխելու համար երկրները բաժանվել են չորս խմբի: 18 անդամից բաղկացած պատվիրակություն ունեցող երկրներից յուրաքանչյուրը, ինչպիսիք են օրինակ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, փոխնախագահ ունենում են ամեն տարի:
12-17 անդամ ունեցող պատվիրակությամբ երկրները՝ Լեհաստանը, Իսպանիան, Ուկրաինան ունեն փոխնախագահի երեք պաշտոն, 5-11 անդամից կազմված պատվիրակությունների երկրները՝ Ավստրիան, Ադրբեջանը, Բելգիան, Բոսնիան և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Սերբիան, Վրաստանը, Հունգարիան, Հունաստանը, Մոլդովան, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Սլովակիան, Շվեդիան ու Շվեյցարիան, ունեն ընդհանուր առմամբ փոխնախագահի 8 պաշտոն, յուրաքանչյուր երկիր մեկ տարի ունենում է այդ պաշտոնում ներկայացուցիչ, հաջորդ տարին չի ունենում:
Մնացած 17 պատվիրակությունները, որոնց թվում է նաև Հայաստանը, ընդհանուր առմամբ ունեն փոխնախագահի չորս տեղ, նրանց պատվիրակություններից փոխնախագահ ընտրվում է երկու տարին մեկ անգամ: Ռոտացիան կատարվում է անգլերեն այբուբենի հերթականությամբ:
ԵԽԽՎ փոխնախագահներն ավտոմատ կերպով դառնում են Վեհաժողովի Բյուրոյի անդամներ:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 4197