«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի դափնեկիրները ստացան իրենց պարգևը

Հունիսի 7-ին  «Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ն վեցերորդ անգամ շնորհեց «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ը:

 

Այս տարի խաղաղության մրցանակին արժանացան Կոլումբիայի և Իրաքի ներկայացուցիչները: «Բաղդադի կանանց ասոցիացիայի»  խորհրդի անդամ Բարվին Մոհամմեդ Ամինին պարգևատրվեց Իրաքում խաղաղաշինության և հաշտեցման գործընթացներում կնոջ դերի բարձրացման համար: «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ» շնորհվեց նաև Կոլումբիան ներկայացնող Քաթերին Ռոնդերոսին` խաղաղաշինության գործընթացում կնոջ դերի բարձրացման համար:

 

Հաղթողներին մրցանակները հանձնեցին «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի նախորդ տարվա մրցանակակիրները` «Սիրիայի կանանց ասոցիացիա»-ի ներկայացուցիչ Ղաիդա Օդաթը (Սիրիա) և էլիկո Բենդելիանին (Վրաստան):

 

 «Բաղդադի կանանց ասոցիացիայի» խորհրդի անդամ Բարվին Մոհամմեդ Ամինին իր  շնորհակալական  խոսքում պատմեց, որ ծնվել է Քրդստանում 1962 թվականին և 6 տարեկան էր, երբ իր աչքի առաջ Իրաքի բանակայինները սպանեցին իր հորը: Իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել է կանանց իրավունքների համար, բայց Սադամ Հուսեյնի մահից հետո ստեղծել են «Բաղդադի կանանց ասոցիացիան», որն աշխատում է տարածաշրջանում ու պայքարում խաղաղության համար.

 

«Մենք փորձում ենք բացատրել, որ որևէ տարբերություն չկա քուրդ, արաբ, մահմեդական կանանց միջև՝ բոլորը մարդ են ու ունեն նույն իրավունքները: Մեր առաքելությունն է նվազեցնել  կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը՝ բռնությունից տուժած կանանց ապահովելով բոլոր օժանդակ անհրաժեշտ ծառայություններով: Մենք շատ մեծ գործ ենք արել Քրդստանում և Իրաքում միջազգային ՀԿ-ների աջակցությամբ և ամեն ջանք գործադրում ենք այս գործունեությունը շարունակելու համար»,- հայտարարեց իրաքցի իրավապաշտպանը:

Կոլումբիան ներկայացնող Քաթերին Ռոնդերսոսը ՝«Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության և ազատության» միջազգային ՀԿ-ի նախագահ է: Ռոնդերոսը մասնակցել է Կոլումբիայում խաղաղության հաստատման գործընթացներին  և   մշակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 և 1820 բանաձևերի իրականացման ծրագիրը՝ աշխատելով զինված հակամարտության պատճառով տուժած կանանց հետ՝ Կոլումբիայի հինգ տարբեր շրջաններում:

 

WomenNet-ի հետ զրույցում տիկին Ռոնդերոսը նշեց, որ կողմնակից է այն մտքին, որ կանանց  իրավունքները, գենդերային հավասարությունը կարևոր են խաղաղության և դրա իրականացման համար.  «Մեր կազմակերպությունն աջակցում և կրթում է կանանց, որպեսզի հակամարտության գոտիներում նրանք կարողանան մասնակցեն խաղաղության հաստատման գործընթացին: Հակամարտություններում ու պատերազմներում կանայք ամենից շատն են տուժում, նրանց հասցված հարվածները բազմակողմանի ու ավելի խորն են, հետևաբար ավելի մեծ ու խորը ազդեցություն են թողնում: Իհարկե, թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք տուժում են պատերազմական գործողություններից, բայց կանանց բաժին հասնող խնդիրներն ավելին են՝ կանայք տուժում են ոչ միայն ֆիզիկապես, սոցիալապես, ավերածությունների զոհ դառնում, այլև նրանց նկատմամբ կիրառվում է սեռական բռնություն», –  ասաց նա, նշելով, որ, ցավոք, բռնությունների աճ է գրանցվում շարունակվում է նաև հետպատերազմական շրջանում: 

 

« Մտածում էինք, որ պայմանագրի ստորագրումից հետո կնվազի, սակայն հակառակ պատկերն ունենք, և  սա մեզ համար ազդանշան է, որ ստորագրումից առավել կարև որ է իրագործումը»,-ասաց նա:

 

Նրա խոսքով, Կոլումբիայում գերիշխում են նաև  ընտանեկան բռնությունները, որոնց դեպքերը ավելի շատ են, քան հակամարտության հետ կապված բռնությունները: «Ընտանեկան բռնությունը Կոլումբիայում հասնում է 70 տոկոսի: Կանանց սպանությունների 60 տոկոսն իրականացվում է ատրճանակներով, ինչը առիթ է տալիս մտածելու, որ տներում, ընտանիքներում ատրճանակի առկայությունն անչափ վտանգավոր է կանանց համար»,- պատմեց  Քաթերին Ռոնդերոսը, կարև որելով կանանց հետ իրենց աշխատանքը:

 

Հեռավոր Կոլումբիայի ներկայացուցիչը նաև նշեց, որ նման մրցանակների շնորհումը չափազանց պարտադրող է, քանի որ դու գործունեություն ես ծավալում հանուն գաղափարի, առանց որևէ սպասելիքների, բայց ստացվում է, որ դա գնահատվում է ու դա իսկապես պետք է աշխարհին:

 

Մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձով նորընծա մրցանակակիրներին իր խոսքը հղեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Նոբելյան դափնեկիր կանանց» նախաձեռնության հիմնադիր տիկին Շիրին Էբադին:

 

Արարողությանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի խորհրդական պարոն Կենիչիրո Սասամեն: Ներկա էին հյուրեր` Արցախից, Սիրիայից, Իրաքից, Կոլումբիայից, Կիպրոսից, Խորվաթիայից, Սերբիայից, Չեչնիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից  և Հայաստանից:

 

Միջոցառմանը ցուցադրվեցին երկու բացառիկ դիվանագետ կանանց` Ճապոնիայում առաջին հայ դեսպան Դիանա Աբգարի և ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, «Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» հիմնադիր Անահիտ Բայանդուրի մասին պատմող ֆիլմեր: Մրցանակի հանձման արարողությունը ավարտվեց «Liberta» լարային քառյակի կատարմամբ:

 

Նշենք, որ «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակը» հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կարխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Պարգևի նպատակն է ճանաչել երիտասարդ խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսել և աջակցել՝ դրանով իսկ հնարավորություն տալով զգալու պատասխանատվություն ոչ միայն իրենց համայնքների, այլև այն աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2990

Գլխավոր էջ