FAO –ն փաստում է Հայաստանի գյուղերում առկա գենդերային անհավասարության մասին
Լույս է տեսել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում» զեկույցը, որը փաստում է Հայաստանի գյուղական համայնքներում առկա գենդերային անհավասարության մասին ։
Զեկույցը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող գենդերային անհավասարության դեպքերը, նրանց պատճառները և ազդեցությունը գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման, պարենային անվտանգության և սննուցման վրա։ Հաշվետվությունն ուսումնասիրում է առկա իրավիճակը և առաջարկում լուծումներ այն ոլորտներում, որտեղ FAO-ն աջակցություն է տրամադրում անդամ երկրներին ։
Փորձագետ Ջինա Սարգիսովան, ով հանդիսանում է այս զեկույցի հեղինակներից մեկը, նշում է, որ զեկույցը «թիմային աշխատանքի արդյունք է, որի ընթացքում ուսումնասիրվել են հանրապետությունում արդեն առկա տվյալները և միավորվել դաշտային ուսումնասիրության և հարցազրույցների ընթացքում հավաքագրված առաջնային տեղեկատվության հետ»։
Ըստ զեկույցի, Հայաստանը նախևառաջ գյուղատնտեսական երկիր է, և գյուղատնտեսությունը, ներառյալ վերամշակման գործարանները, հանդիսանում են տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը։ Կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում չափազանց կարևոր է, քանի որ նրանք մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը։
Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց 40 տոկոսից ավելին ներգրավված են գյուղատնտեսության ոլորտում՝ ի հակադրություն տղամարդկանց 30 տոկոսի։ Այս կանանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես չգրանցված աշխատողներ են իրենց ընտանեկան տնտեսություններում, ինչն էլ համաձայն զեկույցի, մի շարք կարևոր հետևանքներ ունի գյուղական ապրելակերպի և բարեկեցության վրա։
Վիճակագրության համաձայն՝ գյուղատնտեսության ոլորտում ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցողների շրջանում կանանց մասնաբաժինը կազմում է 82.1 տոկոս՝ ի հակադրություն ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող տղամարդկանց, որոնք կազմում են 60.8 տոկոս: Չգրանցված աշխատող լինելու պատճառով չեն օգտվում սոցիալական ապահովության փաթեթներից։
Ըստ փաստաթղթի, ընտանեկան ֆերմաներում ոչ պաշտոնապես աշխատող գյուղացի կանայք Աշխատանքային օրենսգրքով սահմանված որևէ փոխհատուցում չեն ստանում, օրինակ՝ հիվանդության պատճառով արձակուրդ և երեխայի խնամքի նպաստ, քանի որ այդ կանայք համարվում են կամ ինքնազբաղված, կամ տնտեսապես ոչ ակտիվ։ Գյուղական համայնքներում՝ զբաղվածություն ունեցող կանանց երկու երրորդը դրամային եկամուտ չի ստանում, թեպետ ինքնազբաղված է:
Ընտանեկան ֆերմաներում շարունակում է գոյություն ունենալ աշխատանքների կարծրատիպային բաժանում, որի դեպքում տղամարդիկ հակված են ներգրավվել այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են զգալի կապիտալ ներդրումներ, ներառյալ՝ սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև այն աշխատանքներում, որոնք ավելի լավ են վճարվում։ Աշխատանքների նման բաժանումն առաջացնում է գյուղատնտեսական ակտիվների և որոշումների կայացման նկատմամբ սահմանափակ հասանելիություն և վերահսկողություն։
Հասարակությունում եւ հատկապես գյուղական միջավայրում առկա կնոջ դերի և պարտականությունների մասին առկա կարծրատիպերը խոչընդոտում են նրանց օգտվել իրենց իրավունքներից։ Շատ դեպքերում, օրինակ հողակտորը ձևակերպված չէ իրենց անունով, ինչի արդյունքում նրանք հավասար իրավունքներ չունեն հողակտորի և այլ ռեսուրսների նկատմամբ, ինպիսիք են, օրինակ՝ վարկը, սարքավորումները։ Արդյունքում նրանց տնտեսական հնարավորությունները սահմանափակ են դառնում։
Գյուղական շրջաններում, ըստ զեկույցի, տղամարդիկ մեկնում են երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի, ինչի հետևանքով գյուղական ընտանիքների 27.2 տոկոսում գլխավորը կինն է: «Հավանականությունը, որ կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունները կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ, մի փոքր ավելի է, քան տղամարդկանց կողմից գլխավորվող տնային տնտեսությունների դեպքում։ Սա տեղի է ունենում մասամբ այն պատճառով, որ գյուղական շրջաններում եկամտի ստեղծման հնարավորությունները կանանց համար ավելի սահմանափակ են, և գոյություն ունի սեռով պայմանավորված անհավասար վարձատրություն, սակայն հիմնական պատճառն այն է, որ կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունները որպես կանոն մեկ գլխավոր ունեցող ընտանիքներ են, ինչը սահմանափակում է աշխատունակ տարիքի անձանց թիվը, ովքեր ի վիճակի են իրենց նպաստը բերել ընտանիքի եկամտի ստեղծմանը», – նշվում է զեկույցում:
Դեռ 1994թ․ին Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան» (CEDAW), որի 14-րդ հոդվածն ուղղակիորեն և բացառապես անդրադառնում է գյուղական կանանց։ Կոնվենցիան վավերացնելով՝ երկրները պարտավորվում են ձեռք առնել համապատասխան միջոցներ՝ ապահովելու գյուղական կանանց մասնակցությունը գյուղատնտեսության զարգացմանը։ Այս միջազգային նորմերին և չափանիշներին համապատասխանելու և կայուն զարգացման ոլորտում վերջերս ստանձնած պարտավորությունները կատարելու համար՝ Հայաստանը ներկայացրել է կոնվենցիայի կիրառման մի շարք մեխանիզմներ և ընդունել է գնեդերային հավասարությունը խրախուսող օրենքներ և կանոնակարգեր։ Սակայն գենդերային անհավասարությունը դեռևս սոցիալապես ընդունելի և հանդուրժելի է, հատկապես գյուղական վայրերում:
Ըստ զեկույցի փորձագետների գնահատականների, Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման համար անհրաժեշտ է ընդունել համապարփակ քաղաքական որոշումներ մի շարք ուղղություններով՝ բավարար ուշադրություն դարձնելով գենդերային անհավասարությանը և գյուղական կանանց հզորացմանը։
Զեկույցի հայերեն ու անգլերեն տարբերակներին կարելի է ծանոթանալ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կինը հասարակության ոչ թե թույլ, այլ ամենաուժեղ օղակն է»:
Ֆերմերական կոնգրեսը՝ երկխոսության հարթակ գյուղի խնդիրները լուծելու նպատակով
«Արժևորելով գյուղի կանանց դերը». պատմությունների հավաքածու
«Կինը և նորարարությունը». հատուկ թողարկում
«Կանայք կերակրում են մոլորակը »
Գյուղի կանայք` կայուն զարգացման կարեւոր դերակատարներ
Կանանց դերը պարենային անվտանգության և սնուցման ապահովման հարցում. միջազգային համաժողովի անդրադարձ
Հոկտեմբերի 15-ը` գյուղի կանանց միջազգային օր
Գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը հաշվի է առնելու նաեւ կանանց դերն ու կարիքները
Կանայք եւ պարենային անվտանգությունը
Դիտումների քանակը` 2576