Սպանության օրը ամուսինը ծեծել է կնոջը՝ երկու մանկահասակ երեխաների ներկայությամբ

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գուգարք գյուղում կնոջ կողմից ամուսնու սպանության դեպքի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհի Լիանա Կ.-ն  «Մակարով» տեսակի ատրճանակով 7 կրակոց է արձակել ամուսնու ուղղությամբ,  ինչի  հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստացած  տղամարդը մահացել է: Նշվում է նաև, որ սպանված 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանը  քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի»  որդին է: 

 

 

Լիանա Կ.-ն  ձերբակալվել է: Սպանության գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնության հետքեր, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն: Ըստ աղբյուրի` հարևանների խոսքով այս ընտանիքում վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը։  Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներկայությունը:  Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել: Նշվում է, որ նրանց մանկահասակ երեխաներից մեկը 8, իսկ փոքրիկը՝ 2 տարեկան է:

 

 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Aravot.am-ին որոշ մանրամասներ պատմեց երեխաների մասին:  Նրա տեղեկություններով, այն պահին, երբ ոստիկանները մտել են Մարտիրոսյանների տուն, երեխաներից մեկը, որը գլխուղեղային քաղցկեղով հիվանդ է, ահավոր վիճակում է եղել, ցնցումների մեջ: Իրավապաշտպանի խոսքով, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ. «Այն ոստիկանները, որոնք մտել են տուն առաջին պահին վկայել են, որ կնոջ երեխան եղել է շատ վատ վիճակում, չեն նշել՝ որ երեխան»: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով` գրեթե բոլոր իրավապաշտպաններն են այս գործում ներգրավված, որպեսզի ապահովեն փոքրիկ երեխաների իրավունքների պաշտպանությունը, հոգեբանական աշխատանքներ տանեն նրանց հետ: Իրավապաշտպանը նկատեց,  որ հաշվի առնելով երեխաներից մեկի առողջական վիճակը  հնարավոր է  կնոջ նկատմամբ  նախնական կալանքը չկիրառվի և նա կկարողանա գտնվել  իր երեխաների կողքին:

 

 

 
Այսօր հայտնի դարձավ, որ    Լիանա Կ-ին   մեղադրանք  է առաջադրվել ՀՀ ՔՕ 108-րդ հոդվածով. այն է՝ սպանություն, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ: Քննիչը նաև սպանվածի կնոջը արգելանքից ազատելու, ինչպես նաև մեղադրյալի և նրա բնակարանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու որոշում է կայացրել:

 

 

 
Նշենք, որ  Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ Մարտիրոսյանների ընտանիքը Վանաձորում հայտնի է զանազան քրեական միջադեպերին առնչվող պատմություններով: Մասնավորապես, 2000 թվականին Վանաձորում սպանդի էր ենթարկվել մի ամբողջ ընտանիք: 2000 թվականի հունվարի 28-ին անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն և հրազենի գործադրմամբ՝ գլուխներին արձակված կրակոցներով սպանել էին և՛ նրան, և՛ տանը գտնվող ընտանիքի մյուս 6 անդամներին: Ոճրագործները չէին խնայել անգամ երկու նորածին երեխաներին: Սպանդից ողջ էին մնացել Սերյոժա Կախյանի որդին՝ Արմեն Կախյանը և մեծ դուստրը՝ Ալվարդը: Ինքը՝ «Ճաճոյի Էդոն» սպանվել էր 2004 թվականին: Նրա հետ այդ ժամանակ սպանվեցին ավագ որդին՝ Հովհաննես Մարտիրոսյանը և Ռուբեն Խաչատրյանը: Դրանից հետո միայն պատահականությամբ ողջ մնացած Արմեն Կախյանը` կասկածվելով սպանության մեջ, կալանավորվեց, սակայն 2 ամիս անց ազատ արձակվեց: 

 

 

Դիտումների քանակը` 4436

Գլխավոր էջ