ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի 17 թեկնածուներից երկուսը կանայք են
Հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Դրանցից 8-ում համայնքի ղեկավար են ընտրելու, 2-ում` ավագանու անդամներ:
Մայիսի 24-ին լրացել է ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված և գրանցված 17 թեկնածուներից ընդամենը երկուսն են կանայք:
Կանանցից մեկը՝ անկուսակցական Արմենուհի Մելիքյանն է: Նա Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետի առաջադրված երեք թեկնածուներից մեկն է, ինքնաառաջադրված է: Նրա մրցակից տղամարդիկ են գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մուրադյանը, ում առաջադրել է կուսակցությունը, և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սևակ Գաբրիելյանը, ով հետ է վերցրել փաստաթղթերը: Այսպիսով Պռոշյանում ընտրապայքարը կծավալվի անկուսակցական կնոջ ու ՀՀԿ-ական գյուղապետի միջև:
Հաջորդ կին թեկնածուն առաջադրվել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղում: Կարելի է ենթադրել, որ նրա առաջադրումը կարող է ձևական բնույթ կրել՝ երկու թեկնածու առաջադրված լինելու վերաբերյալ օրենքի պահանջը կատարելու նպատակով: Անի Գրիգորյանն անկուսակցական է, ինքնաառաջադրված, աշխատում է համայնքապետարանում որպես համակարգչային օպերատոր: Նրա միակ մրցակիցը գործող ՀՀԿ-ական գյուղապետն է:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ավագանի անդամի համար առաջադրվել է 6 թեկնածու: Նրանց թվում մեկ կին կա՝ գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական, ինքնաառաջադրված Վահանուշ Մելիքյանը: Գյուղի գործող ավագանին հինգ անդամ ունի, նրանցից երեքը կանայք են: Ավագանու կազմում ընդգրկված կանանց թիվն անկախ քվեարկության արդյունքնրից կնվազի:
Նշենք, որ այս համայնքներում քարոզչությւոնը կմեկնարկի մայիսի 31-ին ու կշարունակվի մինչև հունիսի 16-ը: Մինչև հունիսի 8-ը ներառյալ գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել:
Հ.Կարապետյան
Դիտումների քանակը` 3212