Էմանուել Մակրոնի նոր կառավարությունը կազմավորվել է գենդերային հավասարության և քաղաքական համերաշխության սկզբունքով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ձեւավորված նոր կառավարության կազմում ընդգրկվել են տարբեր քաղաքական ուժերի 11 կին և 11 տղամարդ նախարարներ: Նրանց թվում են աջ եւ ձախ հոսանքի քաղաքական գործիչներ, կենտրոնամետներ, նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Դրանով իսկ կենտրոնամետ Մակրոնը կատարել է իր խոստումը աջակենտրոններին ու ձախակենտրոններին միավորելու մասին:
Ինքը Մակրոնը նոր կառավարությանը կոչ է արել պահպանել «բոլոր նախարարների համերաշխությունը»: Վարչապետի պաշտոնն ավելի վաղ ստանձնել էր «Հանրապետականներ» աջ կուսակցությունից Էդուարդ Ֆիլիպը: Նոր կառավարությունը, բացի աջ վարչապետից, կազմված է եւս երկու հանրապետական նախարարից, 4 սոցիալիստ նախարարներից, երկու՝ ձախ կենտրոնամետներից: Կառավարության երկրորդ կեսը ձեւավորվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Բրյունո Լե Մերը, ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է սոցիալիստ Ժերար Կոլոնը:Սոցիալիստ Ժան Իվ Լե Դրիանտ, ով նախկինում գլխավորում էր երկրի ՊՆ-ն, այժմ կղեկավարի Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Պաշտպանության նոր նախարար է դարձել Մակրոնի կողմնակիցներից Սիլվի Գուլարը: Սպորտի նախարարը ևս կին է` սուսերամարտի օլիմպիական չեմպիոնուհի Լորա Ֆլեսել-Կոլովիցը: Արդարադատության նախարարի պաշտոնը կստանձնի Ֆրանսուա Բայրուն, մշակույթի նախարարինը` Ֆրանսուազ Նիսենը:
Հասարակական կարծիքի առաջին հարցման արդյունքներով՝ ֆրանսիացիների 65 տոկոսը գոհ է կառավարության կազմից և կարծում է, որ կառավարության նոր կազմը մարմնավորում է «բարենորոգումը»: Եվ միայն 33 տոկոսն է դժգոհ Մակրոնի ընտրած նախարարներից:
Աղբյուրը՝ The Telegraph
Դիտումների քանակը` 2512