Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան դատապարտում է բռնությունը Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում տեղի ունեցած բռնությունն ու բիրտ ուժի ապօրինի և անթույլատրելի կիրառումը «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ ուժի կիրառման փաստը, այն համարելով ապօրինի և անընդունելի։ Կոալիցիան կոչ է անում բոլոր իրավապաշտպան կառույցներին հետամուտ լինել դեպքի քննությանը։ Իրավապահ համակարգից պահանջում ենք համակողմանի քննություն անցկացնել ու պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին՝ թե՛ ՀՀԿ շտաբի, թե՛ ոստիկանության ներկայացուցիչներին։
Նաև` հայտարարում ենք, որ պետության կողմից անբավարար միջոցառումների և նման բռնության կիրառման փաստի անտեսման պարագայում, որը հակասում է Հայաստանի կողմից վավերացված մի շարք կոնվենցիաներին, այդ թվում ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային» (CEDAW), մենք հետամուտ ենք լինելու բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնելու և ի ցույց դնելու այս միջադեպը, որպես պետության պարտավորությունների կատարման թերացում և կանանց քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանափակման ու խոչընդոտման վառ օրինակ։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
Դիտումների քանակը` 3191