Նատալյա Լափաուրի. “Բոլորս ենք ցանկանում, որ մեր երեխաները լավ ու հարմարավետ միջավայում ապրեն”…
Մեր զրուցակիցը Երևանի գործող ավագանու անդամ, առաջիկա ընտրություններին ՀՀԿ ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու, Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրեն, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում պատվիրակության քարտուղար Նատալյա Լափաուրին է: Ասում է, որ կրկին առաջադրվելու որոշումը կապված է անավարտ մնացած ծրագրերի հետ,և պետք է շարունակել գործունեությունը դրանց իրականացման համար:
– Նախորդ ընտրությունների ժամանակ WomenNet.am-ին տված հարցազրույցում նշել էիք. «Պետք է այնպես անենք, որ չորս տարի անց էլ ընտրողների հետ լինենք պարզճակատ, ամոթի զգացում չունենանք: Սա ամենակարևոր խնդիրն է»: Ի՞նչ կարող եք ասել այս առումով 4 տարի անց:
-Հիմա իմ մոտ պատասխանատվության զգացումը գնալով կրկնապատկվում է, բայց ասելիքս՝ այսինքն, պարզ ճակատով հանդես գալս ինձ մոտ ստացվում է, որովհետև այն հնարավորությունների ու լիազորությունների շրջանակներում, որ քաղաքապետարանն ունի, ըստ էության բոլոր ոլորտներում մենք հետնահանջ չունենք և դեռ ավելին, արել ենք հնարավորը առաջ գնալու համար: Ես չեմ ասում, որ մենք հասել ենք գագաթնակետին, բայց գոնե որոշակի շարժ կա բոլոր ոլորտներում և ստեղծված են հիմքեր դրանք շարունակելու համար: Այսինքն, չկա որևէ բան, որ ես կարող էի անել, բայց չեմ արել:
-Ինչպե՞ս եք գնահատում գործող ավագանու ու քաղաքապետի աշխատանքը:
-Ասեմ, որ բավականին բարդ ու բազմակողմնաի աշխատանք է և բավականին ակտիվ ենք եղել: Խիստ բացթողումներ չեմ կարծում, որ եղել են:Միգուցե դեռ անելիքներ շատ կան, բայց դա չի նշանակում, որ չի արվել, դրա պատճառով է, որ կան: Ուղղակի մենք բավականին բարդ ժառանգություն ենք ստացել՝ բազմաշերտ ու տարբեր լուծումներ պահանջող խնդիրներով, բայց այն խնդիրների լուծման առումով, որոնք քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում են կամ քաղաքացիների սպասարկման, ծառայություններին են վերաբերում , կարծում եմ, որ հնարավորինս առաջ ենք գնացել : Երևանի բյուջեի կազմման հրապարակայնության ու թափանցիկության գործընթացի ու ընդհանրապես ավագանու նիստերի թափանցիկության ապահովման համակարգը ևս հնարավորինս կատարելագործվել է…
Մենք էլ ենք ուզում օր առաջ շատ ավելի հարմարավետ, շատ ավելի բարեկարգ ու գեղեցիկ Երևան ունենալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա մեր տունն է, մեր օջախն է, մենք բոլորս ցանկանում ենք, որ մեր երեխաները լավ ու հարմարավետ միջավայրում ապրեն:Իհարկե, եթե համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, Երևանը հիմա փոխվել է. և՛ միջավայրն է փոխվել, և՛ բավականին շատ բակեր ու շենքեր են բարեկարգվել: Կարելի է ասել որոշակի տեսանելի շարժ կա: Իսկ ինչը մենք չենք հասցրել անել այս տարիներին, չեմ կարծում, որ դա բացթողում է: Դա անընդհատ գործընթաց է ու տարեցտարի ավելի լավ է լինելու:
-ՀՀԿ-ի ցուցակում մյուս ուժերի համեմատ կանանց ներկայացվածությունն ամենափոքրն է:Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Կարևորը, կարծում եմ, որակն է …
-Այս ընտրություններում Երևանի քաղաքապետի կին թեկնածու ունենք: Ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին:
-Ես բազմիցս հնարավոր բոլոր շփումների ժամանակ շեշտել եմ, որ ողջունում եմ կին թեկնածուի առկայությունը:Եվ ընդհանրապես, այս 20 տարիների ընթացքում գոնե ես, որ զբաղվում եմ ՏԻՄ զարգացման հարցերով, միշտ ջատագովն եմ եղել, որ և՛ Երևանում, և՛ մյուս համայնքներում որոշումների կայացման գործընթացում շատ կանանց տեսնենք : Սա շատ ողջունելի քայլ է և ես կարծում եմ, որ հետագայում ավագանու կազմում մենք լավ համագործակցություն կունենանք:
-Վաղվա Երևանի Ձեր տեսլականը…
-Երևանն այն քաղաքն է, որտեղ իմ երեխաներն են ապրելու, և այն պետք է լինի ամենագեղեցիկ, ամենահարմարավետ, ամենաբարեկարգ ամենահրաշալի վայրը մեր երեխաների համար…
-Հավատում ե՞ք:
-Եթե մենք բոլորս ցանկանանք ու հավատանք, հաստատ կլինի…
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 2960