Իրինա Հովակիմյան. «Աշխատում էինք օր ու գիշեր առաջնագիծը զինամթերքով ապահովելու համար»…
Իրինա Հովակիմյանին հանդիպեցի «Հաղթանակ» զբոսայգում: Ամեն տարի այս օրը նա ծաղիկներ է դնում Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում զոհված հերոսների շիրիմներին: Նրա հուշերը ձգվում են դեպի հեռավոր այն տարիները, երբ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարում էր թիկունքում, օր ու գիշեր աշխատելով զինամթերք արտադրող «Նեյտրոն» գիտաարտադրական միավորում՚ ընկերությունում:
Մինչ այդ, 15 տարի շարունակ Իրինա Հովակիմյանն աշխատել է Երևանի Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ռազմական արդյունաբերության բաժնում: Արցախյան պատերազմի սկսելուց հետո իր նման մասնագետներն առավել քան պահանջված էին. առաջնագծում զենք-զինամթերքի պակաս կար և այդ պակասը պետք է լրացվեր նաև հայրենական արտադրանքով: «Նեյտրոն» -ում հենց այդ ուղղությամբ էին աշխատում…
-Պատերազմի տարիներին աշխատում էինք երեք հերթափոխով, ցուրտ ու դժվարին տարիներ էին, անքուն գիշերներ ենք անցկացրել, թեև լուսավորությունը ապահովված էր մեզ համար՝ հաշվի առնելով աշխատանքի կարևորությունը, սակայն սաստիկ ցրտի պայմաններում դժվար էր աշխատել, ձեռքերս սառչում էին, դժվարանում էի գծագրեր անել: Ամուսինս մուշտակ գնեց, որ աշխատավայրում հագնեմ, գծագրեր անելիս ձեռնոց էի հագնում, որ ձեռքերս ու մատներս չանզգայանար, – հիշում է Իրինա Ռուբենովնան:
Աշխատել է անտրտունջ, ինչպես բողոքես, երբ քո յուրաքանչյուր գծագրից ծնված փամփուշտին ու այլ զինատեսակին սպասում էին ռազմաճակատում: Հետո անհրաժեշտ էր փորձարկել արտադրանքը: Սովետաշենի պոլիգոններում ձյան վրա պառկած կրակում էր, որպեսզի ստուգի զինատեսակի որակը:
Ռազմական արտադրության բնագավառում ձեռք բերած վաստակի ու նվիրվածության համար գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Իրինա Հովակիմյանը պարգևատրվել է «Գիտնականի աստղ» շքանշանով, Մ.Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով, «Աշխատանքի վետերան» շքանշանով: Այսօր նա աշխատում է Հայաստանի գիտությունների ակադեմիայում, շարունակում է զբաղվել գիտական աշխատանքով, միաժամանակ դասավանդում է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում, գրում է ուսումնական ձեռնարկներ: Մեծ ոգևորություն է ապրում, երբ իրեն այցելում են զինվորական ծառայության մեկնած իր ուսանողները: Սիրում է զինվորների հետ հանդիպել, մայրական հոգատարությամբ ծանոթանալ նրանց բանակային կյանքին ու ծառայության պայմաններին:
Հին ընկերների հետ հանդիպումները հազվադեպ են, միայն տխուր առիթներով են հանդիպում, երբ հարկ է լինում հրաժեշտ տալ իրենց շարքերից ու կյանքից հեռացած լավագույն մասնագետներին:
Իրինա Ռուբենովնան թեև այսօր էլ բազմազբաղ է, սակայն երազում է կրկին «Նեյտրոն»-ում աշխատելու մասին:
-Անհամբեր սպասում եմ, թե երբ է վերագործարկվելու մեր գործարանը, տեղյակ եմ, որ ինստիտուտի բոլոր սարքավորումները, թեև արդիականությունը կորցրած, սակայն պահպանված են: Երանի այն օրը, երբ դարձյալ կաշխատեմ այնտեղ ու առիթ կլինի իմ ներդրումն ունենալ ռազմական արտադրության զարգացման գործում,-ասում է Իրինա Հովակիմյանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2674