«Եթե չլիներ պատերազմը»…
Վանաձորցի Անգելինա Սրապյանը Մեծ Հայրենականի մասին հուշերն ամփոփել է «Եթե չլիներ պատերազմը» իր գրքում: 1943.-ին Ռուսաստանի Պոբեդա գյուղում ապրող 10-ամյա աղջնակը մոր ու եղբայրների հետ գերի է ընկել, շուրջ երկու տարի անցկացրել Գերմանիայի գյուղերից մեկում:
Անցած-գնացած օրերն այսօր էլ վառ են նրա հիշողոթյան մեջ: «Երբ գերմանացիները սկսեցին նահանջել, ժողովրդին տեղահան արեցին, իրենց հետ տարան: Մեր ճանապարհը շատ երկար էր, դաժան, տանջանքներով լի: Մի քանի ամիս տևեց, մինչև հասանք Գերմանիա: Պատկերացնում ե՞ք, ինչ է նշանակում գերիներին ապրանքատար գնացքի վագոնները լցրած, ամիսներով տանել»,- ասում է զրուցակիցս:
Գերված ընտանիքները Գերմանիայում բաժանվում են գերմանացիների միջև: Անգելինայի ընտանիքը կիսվում է. մորը գերի է վերցնում մեկը, եղբայրներից ավագին մեկ ուրիշը, ինքն ու փոքր եղբայրն էլ հայտնվում են մեկ այլ գերմանացու ընտանիքում:
«Տանտիրոջ երեխաներին էի խնամում, տնային գործերն էի անում, կոշիկները մաքրում, աշխատում էի նաև դաշտում»,- հիշում է Ա. Սրապյանը,- Վատ չէին վերաբերվում, չեմ կարող բողոքել: Իրեց հետ հացի էինք նստում, բայց միևնույնն է, գերի էինք, ահը սրտներումս ապրում էինք»:
Ահուդողով անցած երկու տարիներին հաջորդում է հաղթանակի բերկրանքն ու ուրախությունը: Ընտանիքը Թամանյան դիվիզիայի հետ նույն գնացքով վերադառնում է Կիրովական: Դպրոցում ուսումն ավարտելուց հետո Անգելինան ընդունվում է գյուղատնտեսական տեխնիկումի մեղվաբուծական բաժինը: Ուսմանը զուգահեռ այցի է գալիս սերը:
«Էն որ ասում են սեր առաջին հայացքից, մերն ըտենց եղավ: Դու չես պատկերացնի, թե դա ինչ է նշանակում: Դա քեզ ինչի՞ համար եմ ասում: Դու ջահել ես, կարող ա պատահի քեզ ըտենց մի բան, որ իմանաս»,- ասում է տիկին Անգելինան ու պատմում իր սիրո պատմությունը,- Մի քանի օր էր, դասի էինք գնում: Մեկ էլ մի օր դուռը բացեցին, ներս մտան երկու երիտասարդներ: Դասախոսն ասեց, այ խուլիգաններ, դուրս կորեք: Ամուսինս էլ թե ՝ ընկեր Սաֆարյան, հլա մի րոպե, եկել եմ աղջիկ ընտրելու: Նայեց, նայեց ու ասեց, ես արդեն իմը ջոկեցի: Այդպես ամեն ինչ սկսվեց»:
1984թ.-ին կատարվում է Ա. Սրապյանի կյանքի մեծագույն երազանքը: Տպագրվում է նրա «Եթե չլիներ պատերազմը» գիրքը: Ասում է. §Սա իմ ամբողջ պատմությունն է պատերազմի սկզբից մինչև վերջ: Շատ դժվարությամբ կարողացա տպել¦:
Մի քանի տարի առաջ կարողացել է ի կատար ածել երկրորդ երազանքը. իր տան բակում խաչքար է տեղադրել ի հիշատակ Եղեռնի զոհերի: «Խնայբանկ գցած ավանդները որ տվեցին, մի 180.000 դրամ էր: Ստացա ու որոշեցի, որ պետք է անպայման մի խաչքար սարքել տամ դրանով: Առանց որևէ մեկին ասելու քարը պատվիրեցի»:
Ա. Սրապյանն իրեն երջանիկ մարդ է համարում: «Իմ երջանկությունն իմ երեխեքն են՝ որդիս ու երկու աղջիկներս: Գիրքս որ տպվեց, դա էլ իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր: Հավատում ե՞ք, ամենա, ամենա: Իսկ ամենամեծ երազանքս խաչքարի տեղադրումն էր: Եղեռնի ժամանակ տատս ու պապս անհետ կորել են: Շատ էի ուզում, որ նրանց ու բոլոր զոհերի հիշատակին մի բան թողնեմ, որ իրենց հոգիները հանգիստ լինեն»,- նշում է զրուցակիս:
Այսօր արդեն էլ չի երազում: Ասում է. «Էլ չեմ ուզում երազեմ: Ինչ անելու էի, արդեն արել եմ…»:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 3016