Գենդերային բռնության նկատմամբ միասնական ու համակարգված մոտեցում. ինչո՞ւ է դա կարևոր

Մայիսի 3-4 –ը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ  Երևանում  կայացավ   երկօրյա  միջոցառում , որի շրջանակում քննարկվեցին  Հայաստանում գենդերային բռնությանը բազմաոլորտային արձագանքի ամրապնդմանն ու համակարգմանը նվիրված խնդիրներ: Միջոցառումն իր մեջ երկու տարբեր ֆորմատներ էր ներառել .     աշխատանքային հանդիպում   և առանցքային ոլորտների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված  սեմինար: Մասնակցեցին գենդերային և ընտանեկան բռնության հիմնախնդրին այս կամ այն կերպ առնչվող բոլոր օղակների ներկայացուցիչներ կառավարման մարմիններից եւ ՀԿ-ներից, այդ թվում  հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, իրավաբաններ եւ իրավապաշտպաններ:  

 

Նախաձեռնության հիմնական նպատակն էր ամրապնդել ազգային շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ սոցիալ-հոգեբանական օժանդակության, ոստիկանության, արդարադատության և առողջապահության ոլորտների առանցքային մարմինների և կազմակերպությունների կարողությունները՝ գենդերային բռնությանը համակողմանի արձագանքելու և այն կանխելու համար: Բռնությունից տուժածներին միասնական ու համակարգված աջակցություն ցուցաբերող նման  մեխանիզմի  ստեղծումը ավելի քան արդիական է   ընտանեկան բռնության կանխագելման  մասին օրենքի մշակման  ու ընդունման հետ կապված խնդիրների համատեքստում: 

 

«Ընտանեկան բռնություն Հայաստանում կա, ու  դա իսկապես լրջագույն խնդիր է»

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը  WomenNet-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառման շրջանակում փորձ կարվի շահագրգիռ կողմերի հետ քննարկել և հասկանալ, թե ինչպես կարելի է բազմաֆունկցիոնալ մի մեխանիզմ ստեղծել, որը կարող է աջակցել ընտանեկան բռնության զոհին: Այդ մեխանիզմն իր մեջ է պարունակում մի շարք ուղղություններ՝ առողջապահական ծառայություններ, իրավապահ մարմինների  աշխատանք, իրավաբանական և հոգեբանական ծառայություններ, հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայություններ և այլն: Գլխավոր նպատակն է, որպեսզի այդ բոլոր օղակներն  աշխատեն ոչ թե մեկը մյուսից անտեղյակ ու առանձին, այլ լինի ուղորդման հստակ մեխանիզմ ՝ ընտանեկան բռնության ենթարկված զոհի բացահայտման պահից ում կողմից և  ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի հնարավոր լինի նրան աջակցություն ցուցաբերել:

 

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության կանխագերլման  օրենքն ընդունելու խնդրին, ապա Հայրապետյանը հիշեցրեց, որ համաձայն նախնական պայմանավորվածության, այն պետք է ընդունվեր դեռ անցած տարի, բայց որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով հետաձգվեց: Եվ հիմա հույս կա, որ գոնե մինչև տարեվերջ օրենքն  ի վերջո կընդունվի:

 

Հիշեցնենք, որ օրենքի նախնական քննարկումները միանշանակ չընդունվեցին հասարակության կողմից , ի հայտ եկան կազմակերպություններ և  մարդիկ, ովքեր հայտարարեցին,  որ նման օրենքը միջամտություն է ընտանիքի ներքին կյանքին և  վտանգ է հայ ավանդական  ընտանիքի համար: Գ. Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչ-որ բան փոխվե՞լ է, պատրա՞ստ է հասարակությունն օրենքն ընդունմանը.

 

 «Չեմ կարող ասել՝ փոխվել է, թե ոչ, բայց մենք ունենք փաստեր, բավականին տխուր վիճակագրություն. երեք տարվա ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով  34 կին է  սպանվել: Ունենք շատ ավելի մեծ թվով փաստեր ընտանեկան բռնության դեպքերի մասին, որոնք, բարեբախտաբար, սպանությամբ չեն ավարտվել, բայց դրանից խնդիրը ամենևին էլ չի մեղմվում, այսինքն՝ ընտանեկան բռնություն Հայաստանում կա, ու  դա իսկապես լրջագույն խնդիր է: Իսկ ինչ վերաբերում է ավանդական   արժեքներին, ապա ես համոզված եմ, որ ընտանեկան բռնությունը, ծեծն ու ջարդը ազգային  ավանդույթների մաս  երբեք չի կազմել:  Այլ հարց է, որ մենք պետք է աշխատենք նաև  ընդդիմախոսների  հետ   ու փորձենք միասին հասկանալ, որ  ընտանեկան բռնությունն ազգային արժեք չի հանդիսանում,   հետեըապես ինչպես կարող ենք հնարավորինս չեզոքացնենք այդ երևույթը մեր կյանքից»,- հավելեց նա:

 

 

«Օրինագիծը  շուտով կներկայացվի  հանրությանը»

 

Իր ելույթում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության անդամ Լինե Ուրբանը նշեց, որ Եվրամիությանը շատ է մտահոգում այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության մասին օրենքը դեռև ս  ընդունված չէ, և  այդ մտահոգությունը հիմնված  է  ոլորտում աշխատող  հասարակական կազմակերպությունների կողմից  ներկայացվող  տվյալների վրա, որոնք փաստում են  կանանց նկատմամբ բռնության  բազմաթիվ դեպքերի ու  դրանց համարժեք արձագանքելու  համար օրենքի անհրաժեշտության մասին:  

 

«Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանն արագացնել օրենքի ընդունման  գործընթացը և կազմակերպել քննարկումների ևս մեկ փուլ մինչ օրենքն Ազգային Ժողով ուղարկելը: Մենք հորդորում ենք նաև հաշվի առնել CEDAW-ի առաջարկները, քանզի դրանք ամրագրում են կանանց  նկատմամբ  խտրականության բացառումը պետության կյանքում»,- հայտարարեց տիկին Ուրբանը, նշելով, որ  շատ կարևոր է նաև , որ Հայաստանում  հաշվի առնվի միջազգային պրակտիկան ու փորձը:

 

«Ողջունելի է այն հանգամանքը, որ գործող տարբեր կազմակերպություններ կան, որոնք փորձում են տեղայնացնել միջազգային փորձը:  Ողջունելի է, որ Հայաստանում արդեն գործում են ապաստարաններ: Բայց այս գործընթացը հարկ է արագացնել՝ զուգահեռելով գենդերային հավասարության ու ընտանեկան բռնության օրենքները»,- հավելեց նա:

 

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ նման հանդիպումները  լավ հնարավորություն են ընձեռում թե’ ՀԿ-ներին, թե’ պետական կառույցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ քննարկելու այն միջոցներն ու ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են նշված  ոլորտում բարեփոխումների համար: Փոխնախարարը տեղեկացրեց, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ԸԲ ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի  նախագիծը պատրաստ է, ներկայումս քննարկումները վերջնական փուլում են և շուտով հնարավորություն կունենան հանրությանը ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը: Ինչ վերաբերում է օրենքի բովանդակությանը, ապա այն նախկինի համեմատ բավականին հարստացել է.

 

«Այն նախատեսում է համապարփակ, ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցում ընտանեկան բռնության  զոհերի պաշտպանության ուղղությամբ, իրավական կազմակերպչական հիմքի ստեղծում, ընտանեկան բռնության սահմանում, ներկայացնում է դրա առաձնձին տեսակներն ու միջոցները, հստակ ամրագրում է  տարբեր պետական կառույցների լիազորություններն ու ընթացակարգերը, որոնք պետք է կիրառվեն: Օրենքի հիմնական խնդիրն ու շեշտադրումը պետք է լինի բռնության կանխարգելումն ու համախպատասխան արձագանքումը, որը թույլ չի տա անցանկալի զարգացում և կնպաստի արդյունավետ կարգավորմանը այս ոլորտում»,- շեշտեց նա:

 

 

«Ամենակարևորը տուժողի հանդեպ զգայուն մոտեցումն է»

 

Վերարտադրողական առողջապահության արևելաեվրոպական ինստիտուտի տարածաշրջանային նախաձեռնության համակարգող Իոնելա Հորգան իր խոսքում կարևորեց գենդերահեն բռնության նկատմամբ միասնական մոտեցումը, որի պահանջը, նրա խոսքով, Հայաստանում շատ մեծ է: Տիկին Հորգան ընդգծեց, որ պետք է, նախևառաջ, ներդաշնակեցնել երևույթի սահմանումը, որպեսզի բոլորը ճիշտ հասկանան, թե ինչ ասել է գենդերային բռնություն: Անհրաժեշտ է ապահովել և համակարգել աջակցության ծառայություններից բռնության զոհերի/վերապրածների օգտվելու ընթացակարգերը, բոլոր ծրագրերում ինտեգրել և ներառել միջոցառումներ` կիրառելով համաձայնեցված գործողություններ.

 

«Բազմաոլորտային արձագանքում ամենակարևորը տուժողի հանդեպ զգայուն մոտեցումն է և գիտակցումը, որ ցանկացած քայլ և միջոցառում կօգնի նրա իրավունքների պաշտպանությանը: Տուժածներին արդյունավետ ծառայություններ մատուցելը պահանջում է հատուկ վերապատրաստում, հատկապես գենդերահեն բռնության հետևանքները բացատրելու համար: Վերապատրաստման ծրագրերում պետք է ընդգրկվեն և’ ոստիկանները, և’ բուժաշխատողները, և’ հոգեբանները»,- կարևորեց նա:

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ներկայացուցիչ Քրիստինա Սարգսյանը տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ որակական հետազոտություն են սկսել, որի միջոցով  փորձելու  բացահայտել Հայաստանում ընտանեկան բռնության դրսևորումների ու դրանց համապատասխան արձագանքի պատկերը: Փորձագետի խոսքով, հետազոտությունն արվելու է Երևանում, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, իսկ մարզերի ընտրությունը պայմանավորված է ընտանեկան բռնության դեպքերի  հաճախականությամբ: Մասնագետը տեղեկացրեց, որ հետազոտության արդյունքները կհրապարակվեն տարեվերջին:

 

Սեմինարի ընթացքում ներկայացվեց  հիմնական ծառայությունների փաթեթը ընտանեկան բռնության ենթարկված կանանց և աղջիկների համար: Միջոցառումն ավարտվեց խմբային  բազմաոլորտային թիմի անդամների կարողությունների զարգացմանն ուղղված  նպատակով կազմակերպված խմբային աշխատանքով ու քննարկմամբ:  Սեմինարը վարեց Վերարտադրողական առողջության արևելաեվրոպական ինստիտուտի նախագահ ԻոնելաՀորգան, ով   համակարգում է ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությունը, որը տարածաշրջանի 17 երկրներում նպատակ ունի աջակցելու գենդերային բռնությանը բազմաոլորտային համակարգված արձագանքին:

 

Նշենք, որ միջոցառումն իրականացվել էր  ԵՄ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող«Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում և իրավական աջակցություն» ծրագրի շրջանակում` ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի և Վերարտադրողական առողջության արևելաեվրոպական ինստիտուտի հետ համագործակցությամբ:

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 3026

Գլխավոր էջ