Զեկույց. Իգական սեռի լրագրողների հետ «զրույցներում» հաճախակի է դարձել «աղջիկ ջան…» դիմելաձևը
«Քուր ջան», «սիրուն ջան», «աղջիկ ջան»… Նման արտահայտություններով հայաստանցի պաշտոնյաները հաճախ են դիմում իրենց հարց ուղղող իգական սեռի լրագրողներին: Որպես կանոն նրանք սեքսիստական արտահայտությունների օգնության են դիմում այն պարագայում, երբ լրագրողների հարցերն իրենց քիմքին հաճո չեն:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նախօրեին հրապարակեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ-ի 2017 թ. առաջին եռամսյակային զեկույցը: Այստեղ առաջին անգամ անդրադարձ է եղել նաև այս խնդրին:
Զեկույցում մասնավորապես նշվում է. «Քարոզարշավի ընթացքում մի շարք հայտնի քաղաքական գործիչների շփումները լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նույնպես լարվածությամբ են զուգորդվել։ Մասնավորապես, լրագրողների հարցերին ի պատասխան վիրավորական արտահայտություններ են հնչեցրել և ագրեսիվ պահվածք են դրսևորել ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը և ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը։ Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նրա դաշինքի ներկայացուցիչ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև իշխող կուսակցության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Մանվել Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Տիգրան Արզաքանցյանը, Սուրիկ Խաչատրյանը, իրենց պատկերացմամբ «դասեր» են տվել լրագրողներին: Ընդ որում՝ իգական սեռի լրագրողների հետ «զրույցներում» հաճախակի է դարձել «աղջիկ ջան…» դիմելաձևը»:
Հայաստանյան մամուլում հրապարակվել են այն սեքսիստական արտահայտությունները, որ գործարարները, պատգամավորներն ու այլ գործիչներ արել են ի պատասխան հարցերի:
Վերջին ու ամենթարմ դեպքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տեղի ունեցավ, երբ Ծիծեռնակաբերդում հարց տվող լրագրողին ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց. «Այ աղջիկ ջան, յեքա մարդ ես»:
…«Աղջիկ ջան, դու էս դարից չե՞ս»,-հայտարարել էր գործարար Տիգրան Արզաքանցյանը:
Անցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում երբ լրագրողներից մեկը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդին սխալմամբ Օսկանյան էր դիմել, գործարար պատգամավորն արձագանքել էր. «Աղջիկ ջան, ես էդքան նմա՞ն եմ Օսկանյանին»:
Դիտարկմանը, թե նախարարի պաշտոնում իր թեկնածությանը սկզբում դաշնակից ընկերները դեմ են եղել` Դավիթ Լոքյանն արձագանքել էր. «Սխալվում ես, աղջիկ ջան»:
«Աղջիկ ջան, դու հո հոգեկան հիվա՞նդ չես, գնա էստեղից»,-2012-ին լրագրողին ասել էր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Դեպքեր կան, երբ քաղաքական ու հասարակական գործիչներն այդպես դիմում են ոչ միայն լրագրողներին, այլև կին քաղաքական գործիչներին: Առավել հաճախ հասցեատերը եղել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մեր քաղաքական այրերը չեն կարողանում զերծ մնալ սեքսիստական բնույթի արտահայտություններից, հատկապես այն կանանց նկատմամբ, ովքեր աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ և քաղաքական բարձր հավակնություններով:
«Աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ոնց չես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք ԱԺ»,-այսպես Փոստանջյանի մասին արտահայտվել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նմանատիպ օրինակները բազմաթիվ են. « Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը», Կինը քաղաքականության մեջ բացարձակապես անելիք չունի», «Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը» , « Կնիկ է, նրա հետ ի՞նչ հակասություն պիտի ունենամ»… Սեքսիստական բնույթի արտահայտությունների ու վիրավորանքների իրական ցանկը, ցավոք , դրանով չի սահմանափակվում … Դրանց համատեքստում , կնոջ մասնագիտական ունակություններն ու կարգավիճակն ակնհայտ նսեմացնող «քուր ջան» դիմելաձևը քաղաքական գործիչներից շատերի պատկերացումներում «հաճոյախոսություն» է …
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3654