Սև օր կանանց իրավունքների համար. «Independent»
Կանանց իրավունքների սահմանափակումներով, անտեսմամբ, դրանց նկատմամբ ունեցած արհամարհանքով հայտնի Սաուդիան Արաբիան ընտրվել է ՄԱԿ-ի` կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովի անդամ: Այս լուրը խիստ քննադատական արձագանքի է արժանացել իրավապաշտպանների ու միջազգային մամուլի կողմից:
The Independent պարբերականի հաղորդմամբ, արաբական այս երկիրն դարձել է հանձնժողովի անդամ 45 երկրներից մեկը, որի նպատակն է կանանց իրավունքների խրախուսումն ու հնարավորությունների ընդլայնումը, գենդերային հավասարության հարցերում գլոբալ ստանդարտների մշակումը:
Նկատենք, որ Սաուդիան Արաբիան հաճախ միջազգային լրատվամիջոցների էջերին հայտնվում է հենց կանանց իրավունքների հետ կապված արգելքների վերաբերյալ հրապարակումներով: Օրինակ, այդ երկրում կանայք ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն, քաղաքականությամբ զբաղվելու մասին էլ խոսք լինել չի կարող: Սաուդիան Արաբիայում առանց ամուսնու կամ հարազատի ավտոմեքենա վարել կնոջն արգելված է, չի կարելի նաև օգտվել հանրային տրանսպորտից, շփվել օտար տղամարդու հետ: Կինը չի կարող իրեն ամուսին ընտրել, դա իր փոխարեն անում են հայրը, մեծ եղբայրը կամ հարազատ որևէ այլ տղամարդ:
Այստեղ կանայք կրում են սև աբայ, իսկ երկրի որոշ շրջաններում բաց կարող են թողնել միայն աչքերը: Առանց ամուսնու կամ հարազատ տղամարդու թույլտվության կանայք չունեն սովորելու, աշխատելու, արտասահման մեկնելու իրավունք: Օրենքով կինը երկու անգամ քիչ ժառանգություն է ստանում, քան տղամարդը: Չի կարելիների ու արգելվածների այս շարքը կարելի է էլի շարունակել:
Փորձագետները նկատում են, որ Սաուդիան Արաբիայում կանանց համար ավելի շատ արգելքներ են սահմանված, քան իրավունքներ: Իսկ արգելված բան անելու համար պատիժները դաժան են ու խիստ, կանանց կարող է մինչև անգամ մահապատիժ սպառնալ: Ազատազրկված կանանց համար վաղաժամ ազատման հնարավորություն չկա:
Զավեշտալի այս փաստին քննադատությամբ են արձագանքել մի քանի իրավապաշտպաներ: Առավել կոշտ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի իրավապաշտպաններից մեկը` Հիլել Նյուերը:
«Գլխավոր հրդեհողին հրդեհային անվտանգության համար պատասխանատու են նշանակել: Սա սև օր է կանանց և ընդհանրապես մարդու իրավունքների համար»,-հենց այսպես է նա նկարագրել իրավիճակն ու ձեռնամուխ եղել պարզելու, թե ովքեր են կողմ քվեարկել, որպեսզի հանձնաժողովում Սաուդիան Արաբիան ընդգրկվի:
Նա անհասկանալի է համարում, թե ինչպես կարող է գենդերային անհավասարություն խթանող երկիրը դառնալ գենդերային հավասարությանն ուղղված հանձնաժողովի անդամ:
«Սաուդիան Արաբիայում յուրաքանչյուր կին պետք է արական սեռի խնամակալ ունենա, որը նրա փոխարեն կընդունի բոլոր որոշումները ծննդյան պահից մինչև մահը: Այնտեղ կանանց արգելվում է նույնիսկ ավտոմեքենա վարել»,-ասել է Նյուերը:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստը իր երկրի ղեկավարությանը կոչ է արել միանալ իր պայքարին նման անարդարության դեմ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ Global Gender Gap զեկույցի համաձայն, գենդերային հավասարության ցուցանիշով Սաուդիան Արաբիան 145 երկրների թվում 134-ն է:
«Աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանանց արգելված է մեքենա վարել, նրանք անկարող են վարորդական վկայական ստանալ: Սաուդիան Արաբիան՝ երկիր, որտեղ Մեծ Բրիտանիան ամենաշատ զենքն է արտահանում, արդեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ է»,- գրել է Independent-ը:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2788