Լուսիկ Անդրեասյան. Լոռու մարզում Մեծ Եղեռնի վերջին վկան

Մեծ Եղեռնը վերապրած 106-ամյա Լուսիկ Անդրեասյանը Լոռու մարզում միակն է, ով  կարող է ականատեսի աչքերով պատմել այդ օրերի ապրածն ու զգացածը: Թեև այդ օրերին շատ փոքր է եղել, ծնողների պատմածը եկել լրացրել է տեսածն ու հիշածը:

 

 

Ծնունդով Կարսի նահանգից Լուսիկ տատը պատմում է, որ իր ընտանիքը շատ լավ էր ապրում: Ամեն ինչով ապահովված Անդրեասյանները, սակայն,  փախեփախի ժամանակ չեն հասցրել իրենց հետ ոչինչ վերցնել:

 

-Հերն ու մերս գիտեին, թե նորից պիտի հետ դառնան, ապրանքը վերցնեն բերեն: Էլ ոսկի բան, թափած թողինք եկանք»,- ասում է Լուսիկ տատը:

 

 

Չնայած նրան, որ վերջին ամիսներին առողջական վիճակը կտրուկ վատանալու հետևանքով տատը  գամվել է անկողնուն, ջարդից մնացած հիշողությունները վառ են:

 

 

Տեղահանությունների ժամանակ ճանապարհին մահացել են Լուսիկ տատի 5 տարեկան քույրն ու հարազատներից մի քանիսը:  Բազմաթիվ դժվարություների ու զրկանքների միջով անցնելով, Անդրեասյանների ընտանիքը  հասել է  Հայաստան  ու հաստատվել  գյուղերից մեկում:

 

 

Տեղից տեղ տեղափոխվելով,  մշտական բնակություն են հաստատել Կիրովականում: Անդրեասյաններին հողատարածք է հատկացվել, որտեղ էլ նրանք կառուցել են իրենց փոքրիկ, համեստ սեփական տունը: Դժվարությունները շատ են եղել, սակայն տատը չի տրտնջում:  

 

 

Այժմ էլ տատն այդ տանն է բնակվում ու թեև կենցաղային խնդիրները շատ են, սակայն նա գոհ է իր ապրած կյանքից: Լուսիկ տատին խնամում է փոքր դուստրը՝ Ծաղիկն,  ում մայրը բոլորից շատ է սիրում:

 

-Շատ եմ տանջվել, տանջված աղջիկ եմ եղել,- ասում է տատն ու վրա բերում,-վատ-վատ օրեր էին, անցան, գնացին»:

-Գերոյ մամա ա, է»,- կողքից մոր խոսքն է լրացնում դուստրն ու համբուրում մորը:

 

Հիմա Լուսիկ տատի համար կարևորը երկրի խաղաղություն է, որպեսզի երիտասարդները կարողանան անվտանգ ծառայել ու հանգիստ ապրել: Ասում է՝ ջահելների համար առողջություն եմ ուզում, երկրին էլ խաղաղություն:

 

Իր ապրածն արդեն բավական է  համարում:

 

-Հերիք ա ինչքան ապրել եմ, բոլ ա, մենակ դուք առողջ էղնիք, բախտավոր էղնիք, լավ օրի ապրիք, հաջողության մեջ մնաք… », -օրհնանքների շարքն է սկսում տատը:

 

 

Թուրքերի մասին խոսելիս տատը բարկանում է: Հիմի արդեն էլ չի հավատում, թե թուրքերն օրերից մի օր կընդունեն ցեղասպանությունը:

 

 

-Թուրքերի քոքը կտրի, վառին, կերան հայերի կյանքը: Հողերը դրանց գլխին, թե կընդունեն: Թուրքը մնում ա թուրք: Դրանցից ղրաղ էղնինք, հեռու, հեռու, հեռու… »:

 

 

 

Գայանե Սարգսյան

 

Հ.Գ.  2017 թվականի ապրիլի տվյալներով՝ Հայաստանում  բնակվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 18 անձ, նրանցից 4-ը` արական սեռի:  Աստիճանաբար ականատես-վերապրածների շարքերը  նոսրանում են: 2014թ. նրանց թիվը հասնում էր 39-ի, նրանցից  25-ը կին էր, 14-ը տղամարդ: Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տրամադրված տվյալներով 2016թ. ապրիլին Հայաստանում բնակվում էր  Հայոց ցեղասպանությունը վերապրած 21 անձ, նրանցից 4-ը` տղամարդ:

Դիտումների քանակը` 2541

Գլխավոր էջ