«Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակում կին թեկնածուները 57% են կազմում

Ապրիլի 14-ին լրացավ Երևանի ավագանու ընտրությունների մասնակից կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցման ժամկետը: Հանձնաժողովի նիստից հետո պաշտոնական էջում հրապարակվեցին Հայաստանի Հանրապետական, «Երկիր Ծիրանի» կուսակցությունների ու «Ելք» դաշինքի ընտրական ցուցակները: WomenNet.am-ը վերլուծել է ընտրական ցուցակները՝ կանանց ներկայացվածության առումով, և պարզել, որ  առավել շատ կանայք ընդգրկված են «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակում, առավել քիչ՝ ՀՀԿ-ի ցուցակում:

 

 

ՀՀԿ ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու, որից 48-ը կամ 25%-ը կանայք են: Ցուցակի առաջին տասնյակում երկու կին կա՝ 4-րդ և 8-րդ հորիզոնականներում՝ Ժուռնալիւստների միության նախագահ, անկուսակցական Աստղիկ Գևորգյանը եւ  «ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, ՀՀԿ-ական  Աննա Ասատրյանը: Երկուսն էլ գործող ավագանու անդամ են:

 

Ցուցակի հաջորդ կինը  ներկայացվածէ 12-րդ հորիզոնականում՝  Նաիրա Նահապետյանն է:  Նա նույնպես  գործող ավագանու անդամ է, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ է: Ցուցակում ընդգրկված կանանցից շատերը՝ 21-ն աշխատում են Երևանում գտնվող ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում, մանակապարտեզներում, քոլեջներում:

 

Նրանց թվում են Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջայանը, թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրիա Մարտիրոսյանը, Երևանի Ա.Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը, թիվ 170 ավագ դպրոցի   տնօրեն Անուշ Հայրյանը, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն, ՀՀԿ խորհրդի անդամ  Ալինա Քուշկյանը և այլք:

 

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հիմնադրած ու գլխավորած «Երկիր Ծիրանի»  կուսակցության ընտրական ցուցակում 51 թեկնածու է ընդգրկված: Նրանցից 29-ը  կամ  57%-ը  կանայք են: Ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը: Առաջին տասնյակում փեկնածուններն ընդգրկվել են  50/50  համամասնությամբ:

 

Ցուցակում ընդգրկված կանանցից 9-ը մանակավարժներ են ու դասախոսներ: Թեկնածուների թվում կան հաշվապահ, ուսանող, բժիշկներ, ֆիզիկոս ու լրագրող: Ավագանու անդամի թեկնածու բոլոր կանայք, ըստ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության, աշխատում են:

 

Ցուցակում Փոստանջյանին հաջորդում է մանկավարժ Սոննա Աղեկյանը (3-րդ հորիզոնական), ապա՝ բժիշկ Մարինա Խաչատրյանը (5-րդ հորիզոնական), դասախոս Լիլիա Դիլանյանը (8-րդ հորիզոնական), դասախոս Գայանե Դավթյանը (10-րդ հորիզոնական):

 

«ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված է 63 թեկնածու, նրանցից 21-ը կամ 33%-ը  կանայք են:  Կին թեկնածուներից  8-ը չեն աշխատում, կրթության ոլորտից՝ երեքն են:

 

 Առաջին տասնյակում երեք կին կա:  Երևանի գործող ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ցուցակի առաջին կինն է, նա  ցուցակի  4-րդ  հորիզոնականում է: Ցուցակի հաջորդ կինը 7-րդ հորիզոնականում է, նա դաշինքի մասին կազմող «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն է, չի աշխատում:  8-րդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանն է: Նա կուսակցության մամուլի քարտուղարն է:

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 3484

Գլխավոր էջ