Երևանի ընտրություններին 3 քաղաքական ուժ է առաջադրվել
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «ԵԼՔ» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Ընտրական ցուցակները գլխավորում են համապատասխանաբար ՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Թեև արդեն հայտնի է, թե որ քաղաքական ուժերն են պայքարելու Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, ովքեր են գլխավորում ցուցակները, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես կհրապարակի ընտրական ցուցակները չորս օրից` ապրիլի 14-ին: Հանձնաժողովից WomenNet.am-ին հայտնեցին, որ գործող օրենսգրքի համաձայն, ցուցակները հրապարակվում են թեկնածուների գրանցումից հետո: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: ընտրությունները կկայանան մայիսի 14-ին:
Հայտնի է դարձել, որ ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կազմված է 63 թեկնածուներից: Նրանցից 20-ը կանայք են: Հիշեցնենք, որ այս դաշինքի կազմում Երևանի ավագանու ընտրություններին մանսակցելու է նաև Անահիտ Բախշյանը:
Նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռ չի հրապարակել համամասնական ցուցակը, սակայն Womennet.am-ին հայտնի է դարձել «Երկիր Ծիրանի»-ի առաջին 23 թեկնածուների ցանկը: Ի դեպ նրանցից 14-ը կանայք են: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը, ով հեռացել էր «Ժառանգություն» կուսակցությունից՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով և այս տարվա մարտին հիմնել «Երկիր Ծիրանի» նոր կուսակցությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ամբողջական կազմը նույնպես դեռ չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ առաջին 25 թեկնածուներից վեցն են կանայք:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները
Դիտումների քանակը` 2810