Ռեյտինգային ընտրակարգը փողատեր տղամարդկանց դեմք ունի

Կենտրոնական ընտարական հանձնաժողովն ամփոփեց  ընտրությունների վերջնական արդյունքները:  Ըստ այդմ,  ՀՀԿ-ն  նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։ Այդ  մանդատների ուղիղ կեսը բաժին են ընկնում  ռեյտինգային  ցուցակներով ամենամեծ թվով ձայներ հավաքած պատգամավորներին: Դիտարկումները ցույց են տալիս, որ դրանք  բացառապես  տղամարդիկ են:  Ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան է անցել միայն մեկ կին՝ Մանե Թանդիլյանը  «Ելք» դաշինքից, ով առաջադրվելով  թիվ 1 ընտրատարածքում կարողացել է  ապահովել 5110 ձայն իր դաշինքի համար: 

 

Տարածքային ցուցակներում ընդգրկված կանանցից  ևս երկուսը  4-5 հազար ձայներ  են հավաքել, սակայն նրանց դեպքում  դա բավարար  չէր  խորհրդարան անցնելու համար:   Լոռու մարզի  թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ  ռեյտինգային ցուցակում ընդգրկված Լուսինե Մեջլումյանը ստացել է ր 4722 ձայն , Առուստամյան Նորան «Ծառուկյան» դաշինքից Արագածոտնի մարզի  թիվ 7 ընտրատարածքում  հավաքեց` 4789 ձայն: Նշենք, որ անկախ նրանից քանի ձայն են ապահովել իրենց կուսակցությունների համար կանայք,  ռեյտինգային ընտրակարգով  խորհրդարան  են անցած գրեթե բոլոր թեկնածուները 5- 10 հազարի կարգի   եւ ավելի ձայներ են հավաքել: 

 

Շատ քիչ  կին  թեկնածուներ են, որ 1000 քվեից ավելի են ստացել:  Երևանում թիվ 1 ընտրատարածքում Բաթոյան Զարուհին հավաքեց 1639 ձայն, թիվ 3 ընտրատարածքում  Հեղինե ԲիշարյանըՀՎԿ-ից՝ 1621 ձայն, Պետրոսյան Նունեն ՀՅԴ-ից 1191 քվե ստացավ   թիվ 12 ընտրատարածքում, Եսայան Ալվարդը՝ «Ծառուկյան» դաշինքից  թիվ 3 ընտրատարածքում  1138 ձայն, Նաիրիա Բախշյանը՝ «Ծառուկյան» դաշինքից թիվ 12 ընտրատարածքում՝ 2467 ձայն,  Ջեմմա Հարությունյանը՝ ՀՀԿ-ից թիվ 11 ընտրատարածքում՝ 1005 ձայն)  Մարգարյան Աննան «Ծառուկյան» դաշինքից թիվ 10 ընտրատարածքում՝ 1052 ձայն, Այծեմնիկ Օհանյանը «Ծառուկյան» դաշինքից թիվ 9 ընտրատարածքում՝ 1628 ձայն, Դանիելյան Ռուզաննան՝ «Ծառուկյան» դաշինքից թիվ 9 ընտրատարածքում՝ 1322 ձայն), Ռուզաննա Հակոբյանը՝ ՀՀԿ-ից  թիվ 8 ընտրատարածքում՝ 1398 ձայն:

 

1000 քվեին մոտեցել են Լիլիթ Եղիազարյանը՝ «Ելք»-ից (թիվ 11 ընտրատարածքից, 963 ձայն), Մելքոնյան Նարինեն՝ «Ծառուկյան» դաշինքից  (թիվ 10 ընտրատարածք, 923 ձայն), Անուշ Պողոսյանը՝ ՀՀԿ-ից, (թիվ 8 ընտրատարածք, 923 ձայն), Սյուզաննա Գրիգորյանը՝ «Ծառուկյան» դաշինքից (թիվ 5 ընտրատարածք, 950 ձայն): Մնացած կանայք    հազարից  քիչ ձայներ ստացան:

 

Ընդհանուր առմամբ,  կարելի է փաստել, որ   ռեյտինգային ընտրակարգը շատ  ավելի անբարենպաստ   գտնվեց կանանց  համար քան նախկին մեծամասնականը:  

 

  Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի խոսքով,  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումն, ինչը ներկայացվում էր որոպես առաջընթաց ,   ճիշտ հակառակ արդյունքի բերեց՝ գործնականում հանգեցնելով   100 տոկոսանոց մեծամասնական ընտրակագի, որտեղ ամեն ինչ որոշվում է ռեյտինգային թեկնածուների ձայներով, իսկ կուսակցություններն ընդհանրապես համարյա դեր չեն խաղում:

 

Մի շարք քաղագետներ  արդեն իսկ  որակել են անցած  խորհրդարանական ընտրությունները որպես  փողի ու ավելի շատ փողի միջև  գործարք ու առևտուր: Այդ  առևտրում քաղաքական ուժերն ու թեկնածուները գնորդներն էին, ընտրողները՝ ձայն վաճառողները:

 

Տարածքային ցուցակներում  ընդգրկված կանայք գնորդ չդարձան, փող չառաջարկեցին և որպես արդյունք պարտվեցին: Նրանք  առաջարկում էին քաղաքական պրոցեսներին նոր որակ հաղորդելու ծրագրեր, հոգսառատ քաղաքացու կողքին լինելու ցանկություն ու պատրասատակամություն: Սակայն այս արժեքները  պահանջված չէին…  Ցայտուն օրինակ է  Երևանի   թիվ 3 ընտրատարածքում (Երևանի Մալաթիա  Սեբաստիա և Շենգավիթ  վարչական շրջաններ) նույնիսկ հազար քվե չստացած Երևանի ավագանու  անդամ Անահիտ Բախշյանի պարտությունը, ով   վերջին մի քանի տարիներին եղել է իր խնդիրների  մասին ահազանգող ցանկացած երևանցու կողքին, հետամուտ եղել այդ խնդիրների  լուծմանը:  Նշենք, որ այդ ընտրտարածքում  42 հազար  քվե է  ստացել  գործարար  Ալեքսանյան Սամվելը ՀՀԿ-ից , ով «Parliament monitoring»-ի  տվյալներով   հինգ տարի «լռող»  պատգամավորների շարքին է  դասվում: 

   

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի բնորոշմամբ  հասարակությունը  առաջնորդվել  է «քվեարկում ենք ոչ թե սրտով, այլ ստամոքսով» սկզբունքով:  Այսինքն, մարդիկ քվեարկում են ոչ թե գաղափարախոսության  համար այլ անձով պայմանավորված կամ պահի շահով: «Պահի շահ ասելով` նկատի ունեմ փոխել շենքի մուտքի դուռը, տան պատուհանը, գյուղում ճանապարհն ասֆալտապատել և այլն: Գրեթե բոլոր քաղաքական ուժերն այս ուղղությամբ աշխատել են»,-  ասում է   Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Փողի դերն այս ընտրություններում  ակնհայտ  մեծ է եղել: Հիմնական  մրցակցությունը  տեղերում  շատ ժամանակ  ծավալվել էր   նույն քաղաքական ուժի փողատեր ներկայացուցիչների միջև,  և կանայք, ովքեր մեծ բիզնեսում ներգրաված չեն, ուղղակի դուրս են մնացել այդ պայքարից:  Ընդ որում ոչ միայն կանայք, նույնը վերաբերվում է      նաև բուժհաստատություն չգլխավորող, գործարաններ ու սուպերմարկետներ, մարզպետ ու բիզնեսմեն եղբայր չունեցող, գործարար աներ կամ պաշտոնյա հայր չունեցող տղամարդ թեկնածուներին:

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 3264

Գլխավոր էջ