Մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները

Մայիսի 14-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնք  անցկացվելու են համամասնական ընտրակարգով:  ՀՀ  Սահմանադրության փոփոխությունից հետո Երևանի ավագանու ընտրություններն իրենց կարևորությամբ երկրորդ  ընտրություններն են՝ հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության թիվը: Մարտի 30-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է ընտրություններին մասնակից ուժերի գրանցման գործընթացը, որը կտևի ևս 2 օր` մինչև ապրիլի 9-ը: Այս պահի դրությամբ որևէ կուսակցություն կամ դաշինք գրանցման համար փաստաթղթերը չի ներկայացրել և միայն երեք ուժ է հստակ հայտարարել իր մասնակցության մասին. Հանրապետական կուսակցությունը, որն այսօր ազդարարեց, որ իրենց ցուցակը կրկին կգլխավորի Տարոն Մարգարյանը, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները: Մնացած ուժերը դեռ սպասում են:

 

Թեև Հայաստանում երբևիցե կին քաղաքապաետ չենք ունեցել, հավանական է, որ այս անգամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի կին թեկնածու: «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, 2007 թվականից մինչ օրս պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը մարտի կեսերին հայտարարեց «Երկիր ծիրանի»- կուսակցություն ստեղծելու մասին, հավանական է մասնակցի ավագանու ընտրություններին ու գլխավորի այդ ցուցակը: Տիկին Փոստանջյանը դեռ չի բացում խաղաքարտերը, բայց և այսօրինակ շրջանառվող լուրերը չի հերքում` նշելով, որ դիտարկում է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցը։ 

 

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ «Ելք» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին Զարուհի Փոստանջյանի հետ մասնակցության հարցը: Ավելին՝ դաշինքում չեն բացառում, որ Զարուհի Փոստանջյանը հնարավոր է գլխավորի իրենց ցուցակը: Վերջնական որոշման դեռ չեն հանգել, սակայն այսպես թե այնպես՝ Զարուհի Փոստանջյանին քաղաքապետի թեկնածուի կարգավիճակով տեսնելու շանսերը կարծես թե աճում են:

 

Թեև «Ելք» դաշինքը չի հրապարակել իր ցուցակը, արդեն իսկ հայտնի է, որ դրանում մենք կտեսնենք հանրությանը ծանոթ ու Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Հայտնի է, որ նա կլինի «Ելք» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում: Վերջինս, հիշեցնենք, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր թիվ 3 ընտրատարածքից, որտեղ պարտվեց  ՀՀԿ –ի Սամվել Ալեքսանյանի հետ անհավասար մրցակցությունում: Անահիտ Բախշյանի  որոշումը` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքով, ոմանք քննադատեցին, սակայն տիկին Բախշյանը դրանից չի նեղսրտում, քանզի, ասում է, ամեն մարդ ունի մտածելու ունակություն, իսկ ինքը դա սահմանափակելու իրավունք ու ցանկություն չունի:

 

«Իհարկե, մարդիկ կարող են մտածել, որ ես խորհրդարանական ընտրություններին մասնակցեցի մի քաղաքական ուժի ցուցակով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու եմ մեկ այլ ուժի ցուցակով: Բայց փաստն այն է, որ ես անկուսակցական եմ, և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրավեր ունեցել եմ և’ «Ազատ դեմոկրատներից», և’ «Ելք»-ից, բայց ընտրել եմ առաջին տարբերակը, նախ, որովհետև իրենք ավելի շուտ էին առաջարկել, իսկ բացի այդ ինձ հոգեհարազատ էր ԱԴ դիրքորոշումը ԵԱՏՄ-ից դուրս  գալու մասով` դա իմ մեջ նստած «ժառանգությանը» հարազատ էր»,- WomenNet-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը: «Ելք»-ի առաջարկն ընդունել է, որովհետև ուզում է աշխատել և կարող է ավագանու չորս տարվա կուտակած գործը շարունակել, իսկ բացի այդ` շատ գործեր ունի, որ պետք է շարունակի ու ավարտին հասցնի.

 

«Այս ընթացքում ես ավելի քան  հազար քաղաքացիներից դիմում եմ ստացել, աշխատել եմ իրենց կողմից բարձրաձայնած խնդիրների լուծման ուղղությամբ, և այդ մարդիկ, կարծում եմ, ցանկանում են ինձ նորից տեսնել Երևանի ավագանիում և իմանալ, որ այնտեղ գործընկեր ունեն»,- հավելեց նա:

 

Ի դեպ, այս տհաճ խոսակցություններին վերջ տալու համար Անահիտ Բախշյանի գործընկեր, «Ժառանգության» նախկին անդա և ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, որը ևս «Ազատ դեմոկրատների» ցուցակում էր, գաղտնիք բացեց. նրա խոսքով, դեռևս անցած տարվանից տիկին Բախշյանը տրամադրված էր բացառապես ավագանու ընտրություններին մասնակցելու, ինչի մասին գիտեր նաև «Ազատ դեմոկրատների»  առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Եվ հենց Ստյոպա Սաֆարյանն է Բախշյանին համոզել, որ իր հետ միասին ուժերը փորձեն խորհրդարանական ընտրություններում: Բայց որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ թե’ ինքը, թե’ Բախշյանը մինչև խորհրդարանական ընտրությունները առաջարկներ ունեցել են նաև «Ելք»-ից: 

 

Այս պահին հայտնի չէ, թո ովքեր կլինեն «Ծառուկյան» դաշինքի ցուցակում` որոշումը դեռ չի հրապարակվել: Սակայն ԱԺ պատգամավոր, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը WomenNet-ին արդեն տեղեկացրել է, որ առաջարկ ստացել է և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան» դաշինքով: Թե ցուցակի ո՞ր տեղում նա կլինի դեռ հայտնի չէ:

 

Վերջում մնում է ավելացնել, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացված 53 քաղաքապետերը` սկսած 1879 թվականից բացառապես տղամարդիկ են, այսինքն մինչ օրս Երևանի կառավարությունը եղել է բացառապես տղամարդկանց ձեռքին:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2517

Գլխավոր էջ