ՏՏ ոլորտում հայտնվել եմ «ճակատագրի բերումով». Ամալյա Եղոյան

Ամալյա Եղոյանը    Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենն է: Իր խոսքով ՏՏ ոլորտում հայտնվել է «ճակատագրի բերումով», բայց երբեք, ոչ մի վայրկյան այդ ճակատագրից չի դժգոհել:

 

Մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը: 2006-ին ՝ ինստիտուտի վերջին կուրսում ընդունվել է աշխատանքի Գյումրիի ՏՏ կենտրոնում՝ որպես ղեկավարի օգնական: Առանձնապես մեծ հույսեր չի ունեցել, որ այս ոլորտում կհաջողեր, սակայն հարցազրույցների հաջող փուլից հետո հրավիրել են աշխատանքի: «Երեք փուլով հարցազրույց անցա՝ տնօրենի և հիմնադիրների հետ, ու չէի սպասում, որ արդյունքը դրական է լինելու: Սկզբում համակարգեցի կրթական ծրագրերը՝ ուսանող-դասախոս կապը»,- պատմում է  Ամալյա Եղոյանը:

 

Սկսելով որպես ադմինիստրատիվ ասիստենտ, նա քիչ անց  դառնում է  կրթական ծրագրերի համակարգող, այնուհետեւ  փոխտնօրեն, եւ վերջապես  ՝ գործադիր տնօրեն: Ամալյան խոտովանում է, որ սկզբնական շրջանում իր համար շատ դժվար էր, սակայն այդ ամենը հաղթահարեց լավ ղեկավարների, լավ կոլեկտիվի շնորհիվ: «Միայն աջակցություն եմ ստացել և նրանք ինձ թույլ չտվեցին, որ իմ վախերը խորանան: Ինձ համար ամենաբարդը տերմինոլոգիան էր»,- ասում է Ամալյա Եղոյանը:

 

Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենն ուրախությամբ փաստում է, որ կենտրոնի շրջանավարտների 100 տոկոսն աշխատում է  տեղեկատվական ոլորտում, իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ շրջանավարտների 70 տոկոսն աշխատում է  Գյումրիում: Նրա խոսքերով՝ 12 տարիների ընթացքում ունեցել են 2000 շրջանավարտ, որոնք այսօր աշխատում են Հայաստանի լավագույն ընկերություններում:

Նշենք, որ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Այն այսօր դարձել է  տեխնոլոգիական և ստեղծագործական կենտրոն:  Հարցին՝ կնոջ համար դժվար չէ՞ աշխատել ՏՏ ոլորտում աշխատել, Ամալյա Եղոյանը  պատասխանում է. « Ցանկացած ուժեղ կնոջ կողքին պետք է լինի հավատացող տղամարդ: Այդ առումով իմ բախտը բերել է այնքանով, որ իմ ղեկավարները ինձ  շատ օգնել են, աջակցել ու վստահել են,  եթե նրանք այդպիսին չլինեին, հաստատ դժվար կլիներ: Նրանք ինձ  նայել են որպես հավասարի»:

 

Գյումրիում ՏՏ ոլորտը զարգանում է, վերջին տարիներին Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում բացվել են մի քանի հայտնի ընկերությունների մասնաճյուղերը, ինչն էլ ավելի է մեծացրել հետաքրքրվողների շրջանակը: «Ուրախ եմ, ոգևորված, որ ՏՏ ոլորտի ընկերությունները հենց Գյումրիում են բացվում: Առաջընթացը, զարգացումն անխուսափելի են»,- վստահ է Ամալյա Եղոյանը:

 

Ասում է, հաջողության հասնելու համար պետք է հավատաս , որ կարող ես,  ամեն բան սիրով անես և լիարժեք՝ առանց ինքդ քեզ խաբելու…

 

Մ. Մարգարյան

Դիտումների քանակը` 3381

Գլխավոր էջ