Անուշ Պողոսյան. «Հայրենիքը պետք է ընկալել որպես սեփական ընտանիք»
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը նախքան այդ պաշտոնը ստանձնելը երկար տարիներ աշխատել է Մարտունու բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-էնդոկրինոլոգ: Այսօր նա նաև ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով թիվ 8 ընտրատարածքում առաջադրված թեկնածու է, որը շատ լավ պատկերացնում է ու հասկանում մարզի առողջապահության ոլորտը՝ ինչի՞ կարիք ունեն բժշկական հիմնարկները, ի՞նչ սպասելիք ունի հիվանդը բժշկական հիմնարկներից: Եվ հետո` բժշկի մասնագիտությունը հնարավորություն է տալիս ամենօրյա ռեժիմով շփվել մարդկանց, լսել նրանց, ինչն ուղղակի անհրաժեշտություն է պատգամավորի համար: WomenNet.am -ի հետ զրույցում տիկին Պողոսյանը նշեց` ցանկանում է հենց այդպիսի պատգամավոր լինել, ով լսում է, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել արդյունավետ աշխատանք:
– Ինչո՞ւ եք ուզում դառնալ պատգամավոր:
-Որպես ՀՀ քաղաքացի և պետական համակարգում աշխատող ես ունեմ քաղաքական պատասխանատվություն: Պատիվ ունեմ անդամակցելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որն, իմ կարծիքով, իր ողջ կենսագրությամբ ապացուցել է, որ ի վիճակի է արդյունավետ լուծել մեր երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները և երբեք չի խուսափել ստանձնած պատասխանատվությունից: Մեզանից յուրաքանչյուրն էլ պարտավոր է իրեն վստահված աշխատանքում կյանքի կոչել հզոր Հայաստանի և դրանում արժանապատվորեն ապրող մեր քաղաքացու գաղափարը:
– Երբևէ առնչվե՞լ եք կանանց նկատմամբ խտրականության հետ: Եվ առհասարակ` ինչպե՞ս եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը եւ անհավասարության դրսեւորումներին:
–Կանանց նկատմամբ խտրականությանը եւ անհավասարության դրսեւորումներին շատ վատ եմ վերաբերվում: Ի ուրախություն ինձ` վերջին տարիներին կանայք ավելի ակտիվ են մասնակցում քաղաքական գործընթացններին: Ի վերջո գեղեցիկն է փրկում աշխարհը:
-Պատրա՞ստ եք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում:
-Իհարկե, անգամ ունեմ կանանց նկատմամբ խտրականության վերացման և շահերի պաշտպանության վերաբերող ծրագրեր, որոնք իրականացման փուլում են:
–Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում:
–Մասամբ համաձայն եմ: Կանայք շատ բարեփոխումների մասնակից կարող են լինել: Իմ խորին համոզմամբ ընտանիքը պետության փոքր մոդելն է: Եթե մի երկրում ընտանիքը, ընտանեկան արժեքները մարդ-անհատի կյանքի, նպատակների ու աշխարհայացքի կենտրոնում չեն եւ մարդու աշխարհայացքը չի կառուցվում ընտանեկան երջանկության վրա` այդ պետությունը, ժողովուրդը որեւէ ապագա չունի: Եթե հայ կինը կարողանում է ստեղծել ամուր ընտանիք, ապա նա ոչ միայն կարող է, այլ պետք է մասնակցի պետականության կայացմանը:
-Մարզերում կարծրատիպերն ավելի շատ են, ինչպե՞ս եք պատասխանելու «Քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտությանը:
-Գեղարքունիքի մարզում նման խնդրի չեմ հանդիպել: Հակառակը` շատերը ինձ խիստ օգնում և աջակցում են, ինչի համար շնորհակալ եմ: Վստահ եմ, որ նման հարց ինձ չեն տա:
– Հաջողության ձեր բանաձեւը:
–Հայրենիքին պետք է դիտել որպես սեփական ընտանիք և ամեն ինչ անել , որպեսզի այն լինի խաղաղ, անվտանգ, ընտանիքի անդամները լինեն առողջ և երջանիկ:
Զրուցեց Լիա Խոջոյանը
Դիտումների քանակը` 2987