Սոնա Մինասյան. « Քաղաքականության ողջ իմաստն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի լինի երջանիկ»

Մեր զրուցակիցն է լրագրող Սոնա Մինասյանը, ով զբաղեցնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության   համապետական  ցուցակի 8-րդ հորիզոնականը:

 

Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել՝ որպես պատգամավորի թեկնածու և  ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործունեությունը խորհրդարանում:

 

Հստակ կարող եմ պատասխանել, որ այդ որոշումն իմ աշխատանքային գործունեության շարունակությունն է, մասնագիտությամբ  լրագրող եմ, 2011 թվականից «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ: Քաղաքական գործունեությունը նաև ամենօրյա աշխատանք է եղել իմ համար, բնականոն և օրինաչափ եմ համարում որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելը, անգամ այլընտրանք չէր կարող լինել: Իմ նպատակն է, որ  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ապրի և արարի սեփական հայրենիքում՝ արժանապատիվ և մրցունակ Հայաստանում, որտեղ ամեն ինչ անելու եմ հանուն մարդու և նրա ապահովության համար:

 

-Որո՞նք  են 3 առաջնահերթ խնդիրները մեր  երկրի  համար, որ կփորձեք լուծել՝ պատգամավոր ընտրվելու դեպքում:

 

-Ներքին և արտաքին  բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ ունենք այսօր, բայց կառանձնացնեմ հիմնական առաջնահերթությունները, որոնք ողղակիորեն փոխկապակցված են միմյանց հետ: Արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխություն՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնել և ՀՀ դարձնել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն գործընկերային՝ իրավահավասարության սկզբունքի հիման վրա:  Տնտեսության խորքային բարեփոխում՝ անզիջում պայքար  կոռուպցիայի, մենաշնորհի և ստվերի դեմ: Անվտանգության ապահովվում՝ ԼՂ-ի  հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հստակ քայլեր և լուծումներ, որոնք մենք ներկայացրել ենք Հայկական Երազանքի նախընտրական  ծրագրում, որոնք հիմնված են հստակ հաշվարկների վրա և որոնց կարելի է հասնել իրատեսական ժամանակահատվածում: Եվ վերջապես, քաղաքականության ողջ իմաստը միտված է  նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի  լինի երջանիկ:

 

-Պատրաստ եք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում:

 

-Կարևորելով կանանց դերակատարությունը ժողովրդավարության և արդյունավետ  կառավարման համակարգի զարգացման գործընթացում, ոչ թե պատրաստ եմ, այլ պարտավոր եմ պաշտպանել կանանց շահերը, և աջակից լինել և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես  հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերն ու նշանակությունը բարձրացնելու:

 

 

-Ինչպես եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը  եւ անհավասարության դրսեւորումներին:

 

-Լինելով ազատական  մարդ՝ ընդհանրապես  դեմ եմ խտրականությանը և անհավասարության դրսևորումներին: Նախ և առաջ,  հենց կանայք պետք է անդրադառնան  վերոհիշյալ խնդիրներին և պայքարեն  այս իրավիճակի դեմ, իրենց իսկ կյանքը փոխելու համար  վերագնահատելով  իրենց տեղն ու դերը:

 

-Համաձայն եք, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում:

 

-Պաշտոնական տվյալներնը վկայում են, որ կանայք զգալիորեն քիչ են ներկայացված  խորհրդարանում և կառավարության կազմում, շատ  ավելի տխուր վիճակ է ինքնակառավարման մարմիններում, կուսակցությունների ընտրական ցուցակումներում նրանց ընդգրկելու՝ օրենքով սահմանված քվոտարումը ևս կանանց համար օրենսդիր մարմնում ընտրվելու համար  լիարժեք  հավասար հնարավորություններ դեռևս չի ապահովում: Այսպիսի մոտեցումը  անթույլատրելի է, նախ և առաջ  հենց պետությունը պետք է շահագրգիռ լինի, իրավահավասար պայմաններ ստեղծի կանանց  ներգրավվածությունն ապահովելու համար:

 

Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիրներ են հուզում հատկապես երիտասարդ կանանց

 

-Պատկերը բավականին տարբեր է, և տարանջատելն էլ է  դժվար, ինձ  մտահոգում է ավելի շատ ընտանիքի ինստիտուտը, որտեղ կանանց մի մասն անգամ չի կարողանում ինքնահաստատվել և ներկայանալ իր ամբողջ պոտենցիալով, արդյունքում, փաստացի ավելի շատ ինքնադրսևորման հնարավորություն տղամարդիկ են ունենում, քան կանայք: Կարծում եմ՝ հուզող խնդիրների  մի ստվար մաս  գալիս է հենց այստեղից:
Կին քաղաքական գործչի  հաջողության Ձեր բանաձևը : Ի՞նչ դժվարություններ եք տեսնում այդ ճանապարհին: Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր կնոջը՝  դրանք հաղթահարելու համար:

 

-Արեք, ինչ կարող եք, նրանով, ինչ ունեք, այնտեղ, որտեղ գտնվում եք: Հաջողությունն  երկար սպասեցնել չի տա: Եթե անկեղծ, կանանց դերի վերաբերյալ հանրային մտածողությունը փոփոխության կարիք ունի, բայց պետք է փաստեմ, որ կարծրատիպերը հաղթահարելու ճանապարհին ենք, և այդ է վկայում այսօր երիտասարդ կանանց ակտիվությունը հասարակական և քաղաքական կյանքում: Անհնարին ոչինչ չկա և ոչ մի դժվարություն  անհաղթահարելի չէ, եթե ունեք Նպատակ, Ցանկություն, Համառություն:

 

 –Ինչպե՞ս եք վերաբերում քվոտավորմանը և ինչպիսի՞ն պետք է լինի Ձեզ համար ընդունելի քվոտան:

 

-Անձամբ  դեմ եմ քվոտավորմանը, դա  նույնպես  խտրականության դրսևորում է, և գաղտնիք էլ չէ ոչ-ոքի համար, որ օրենքը շրջանցելու տարբերակներ էլ կան և դրա ականատես ենք եղել բազում անգամներ: Բայց հաշվի առնելով հայկական իրականությունը, չեմ կարող մերժել օրենքի անհրաժեշտությունը: Եվ պատահական չեմ համարում հիշեցնել, որ  ՀՀ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ  «Ազատ դեմոկրատներ»  կուսակցությունն  է  առաջարկել  կանանց ներկայացվածության 70/30 հարաբերակցության  մասին դրույթին իրավական ուժ տալ  այս   ընտրությունների ժամանակ, սակայն,  ինչպես գիտենք օրենքի կիրառումն ամրագրվեց 2021թվականից:

 

«Ազատ Դեմոկրատներ»-ը   ընտրություններին մասնակցող  միակ քաղաքական ուժն է, որի ներկայացրած  համապետական ընտրական ցուցակի 38%-ն  իգական սեռի ներկայացուցիչներ են, այն էլ հիմնականում երիտասարդ, իսկ առաջին տասնյակում երեք կին: Ցանկանում եմ այս փաստով նշել, որ իրականում  յուրաքանչյուր  խնդրի  լուծման համար անհրաժեշտ է հստակ սկզբունքային մոտեցում և քաղաքական կամք:

 

 

-Ինչ կպատասխանեք  «Քաղաքականությունը կնոջ գործը չէ»  արտահայտությանը:

 

Կներեք, անգամ վիրավորական եմ համարում  այդ հարցին պատասխանել, նույն տրամաբանությամբ կարող եմ ասել  քաղաքականությունը տղամարդու  գործ չէ, և վերջ:

 

 

Ձեր ուղերձն  այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին և ընտրել  հենց  Ձեզ:

 

-Մեր ամենամեծ կապիտալը ՀՀ քաղաքացին է, և մենք կարող ենք միասին իրագործել այն ապագան ու տեսլականը, որտեղ Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, իսկ Դուք՝ ՀՀ ազատ և անկախ քաղաքացի:  Լինելու եմ պատրաստակամ և հաշվետու ոչ միայն ինձ ընտրողների, այլ յուրաքանչյուր քաղաքացու առջև:

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 3269

Գլխավոր էջ